Դա մառազմ է, ի՞նչ ասեմ․ Վազգեն Մանուկյան

Դա մառազմ է, ի՞նչ ասեմ․ Վազգեն Մանուկյան

«Դե դա մառազմ է, ի՞նչ ասեմ»,- պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակի  հայտարարության վերաբերյալ, ասաց «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր․ «Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ»։

Շարունակելով Մանուկյանն ասաց․

«Այդպիսի բան այս 30 տարիների ընթացքում չի եղել։ Անկախ նրանից՝ ինչքան սուր ընդդիմություն ենք եղել, միշտ էլ Ղարաբաղը այն հարցն է եղել, որը միավորող է եղել, և Ղարաբաղի ղեկավարությունը միշտ գիտակցել է, որ դա ամբողջ հայությանը միավորող հարցն է, այդտեղ իշխանութուն, թե ընդդիմություն, նշանակություն չունի»,- ասաց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանին հարցրինք նաև, թե ի՞նչ է կարծում՝ ո՞րն է նման հայտարարություն անելու դրդապատճառը․

«Ես իմ կարծիքն ասացի, ես չեմ փորձելու ուրիշների դրդապատճառները գտնել։ Ես գտնում եմ, որ դա մինչ այժմ չհանդիպած մի երևույթ է, որը շատ բացասական է և չսազող մեր ժողովրդին»,- պատասխանեց ԱԺՄ նախագահը։