«Ապրելու երկիր» կուսակցությունը կարծում է, որ երկրում ստեղծված մարտահրավերներին դիմակայելու, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու արդյունավետ միջոցն ամբողջական իշխանափոխությունն է: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասում է, որ իրենք ամբողջական իշխանափոխության ճանապարհը տեսնում են ընտրությունների միջոցով, եւ Երեւանի ընտրությունները կարեւորագույն կետ են։
«Մենք համոզված ենք, որ Երեւանի ընտրություններում հաղթելուց հետո երկրում բոլորովին այլ ներքաղաքական իրավիճակ կլինի, եւ իշխանության այն հռետորաբանությունը, քաղաքականությունը` ուղղված մասնավորապես Արցախի հիմնահարցի կարգավորմանը, բոլորովին կփոխվեն, եւ նաեւ մեր կուսակցության նկատմամբ մեր հասարակության վստահությունը հաղթանակից հետո միանշանակ կամրապնդվի, եւ ավելի մեծ կլինեն շանսերը՝ ավելի արագ իշխանափոխություն իրականացնելու»,- ասում է Առաքելյանը։
Եթե 2021 թվականին տեղի չունենային ԱԺ արտահերթ ընտրությունները՝ տեղի կունենային 2023 թվականի դեկտեմբերին, եւ իշխանության պահվածքն ու քաղաքական գործընթացների վրա նրանց ազդեցությունը բոլորովին այլ կլինեին։ Նախկին իշխանությունները տարբեր ճանապարհներով ընդամենը ներկա իշխանության դիրքերն են ամրապնդում։
«Այս ընտրություններում մեր հաղթանակն էապես կփոխի քաղաքական իրավիճակը, եւ ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, ովքեր որ պատկերացնում են իրենց քաղաքական ճանապարհը դեպի իշխանություն, ընտրությունները ոչ թե պետք է արհամարհեն եւ փորձեն այլ ճանապարհներով գալ իշխանության, այլ ավելի ուժեղացնեն իրենց ռեսուրսները եւ պայքարեն, որ այս իշխանությունն ընտրություններով հեռանա»,- ասում է մեր զրուցակիցը։
Ընտրություններին երկու ամսից քիչ ժամանակ է մնացել, եւ հասարակության 60-70 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու։ Առաքելյանը շեշտում է, որ գործող իշխանության վարկանիշը Երեւանում մոտ 10 տոկոս է, եւ գրեթե վստահ է, որ ամբողջ հասարակությունն ունի իր հստակ դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ։
«Այսօր չկա մի քաղաքացի, որն իշխանության նկատմամբ չունի դիրքորոշում՝ կա՛մ կողմ է, կա՛մ դեմ է, եւ, հետեւաբար, եթե իշխանությունն իր վարկանիշով տատանվում է այդ 10 տոկոսի շրջանակներում, գրեթե բացառում ենք, որ քարոզարշավը կամ ինչ-որ այլ իրավիճակ էապես ավելացնելու է իշխանության վարկանիշը»,- շեշտում է վերջինս։
Իսկ որ 60-70 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, խոսում է այն մասին, որ հասարակությունն ունի նոր ուժերի պահանջ, եւ այն փաստը, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, ու նախկինների վերադարձ չպետք է լինի, իրենց վստահություն է ներշնչում, որ հասարակության մի ստվար հատված կգա իրենց կողմը։ Ուստի վստահ են, որ կկարողանան հաղթահարել այդ շեմը։ Իսկ հակվա՞ծ են մտածել, որ իշխանությունները զերծ կմնան որեւէ լծակ օգտագործելուց, ասաց, որ չեն կարծում, թե զերծ կմնան եւ իրենց ձեռքով արդարությունը կպահպանեն։ Արդեն իսկ իշխանություններն անցել են այս կամ այն կերպ մարդկանց ձայները ստանալու ուղղությամբ լծակներ գործադրելուն, մասնավորապես՝ աննախադեպ քանակի շինթույլտվություններ են տալիս՝ այլանդակելով Երեւանը։
«Ցանկացած թաղում եթե շրջես, իշխանության օգտին սկսել են քարոզ անել մարդիկ, որոնք քարոզ էին անում նախկին իշխանություններին։ Ես վստահ եմ, որ երեւանցիները նաեւ այս դեմքերին հերթական անգամ մերժելու գործընթացը կիրականացնեն»։ «Ապրելու երկիրը» նորմալ է վերաբերվում իշխանության կողմից իրենց կուսակցականների նկատմամբ ճնշումներին` հատկապես մարզերում։ Առաքելյանն ասում է, որ իրենք պատրաստ են ցանկացած ճնշումների։
«Վերջերս էլ Ալավերդի համայնքում են սկսել ճնշումներ մեր համայնքի ղեկավար Թամազյանի նկատմամբ, օրենքի խախտումով սկսել են համայնքում ստուգումներ անցկացնել՝ Լոռվա մարզպետի անմիջական կուրացիայի ներքո։ Որեւիցե չարաշահում չեն գտել, նույնիսկ մենք ենք պատրաստվում դա վիճարկել, որովհետեւ ստուգման են ներկայացել մարդիկ, որոնք նույնիսկ մարզպետարանի աշխատողներ չեն։ Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավորների օգնականներ անօրինական մտել են համայնքապետարան եւ փորձել են ստուգումներ անել։ Երբ որ մարդկանցից վկայականներ են ուզել, հետո նոր որոշում են կայացրել, որ այդ մարդիկ իբրեւ թե մարզպետարանի աշխատող են եւ կարող են ստուգումներ իրականացնել։ Այսինքն՝ շատ ճղճիմ, ինչ-որ խոչընդոտներ առաջացնել»։
Առաքելյանը հիշեցրեց, որ ճնշումներ են սկսվել նաեւ Նոյեմբերյանի իրենց համայնքապետի նկատմամբ, այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ թշնամուն հանձնելու ենթակա անկլավներ իրենք չունեն։