«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ կողմ էին ՍԴ դիմելուն

«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ կողմ էին ՍԴ դիմելուն

ԱԺ-ն երեկ  չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը: ՔՊ-ն հրաժարվեց մասնակցել փակ-գաղտնի քվեարկությանը, այսինքն՝ հստակ դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցեց եւ կողմ քվեարկեց 30 ընդդիմադիր պատգամավոր, մինչդեռ հարկավոր էր 65 ձայն։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներին վերջին պահին են հայտնել իրենց անելիքը։

Դիցուք, հարցի քննարկման ժամանակ Բաբկեն Թունյանը, Վիլեն Գաբրիելյանն ասացին, թե մասնագետները թող որոշեն խնդրի օրինականության հարցը, ավելին՝ Գաբրիելյանն ամբիոնից խոստացավ, որ կհամոզի գործընկերներին՝ կողմ քվեարկել եւ դիմել ՍԴ, թող Դատարանը որոշի։ Սակայն քննարկման վերջում խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, ինչը նշանակում է, որ համաձայն են ընդդիմության պնդումներին, սակայն քաղաքական որոշում ունեն Սաֆարյանին պահելու։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը պնդում էր, որ Սաֆարյանը, ԱԺ-ի կողմից 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ընտրվելով եւ դեկտեմբերի 16-ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելով, պահպանել է անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը՝ մինչեւ 2023 թ․ հունվարի 27-ը շարունակել է տուժողի ներկայացուցչությունը դատարանում: Մինչդեռ, օրենքի պահանջի համաձայն, ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում նա պետք է դադարեցներ այդ կարգավիճակը: Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից քվեարկությանը չմասնակցեցին պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Ռուստամյանը, Իրինա Գասպարյանն ու Արմեն Գեւորգյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Թագուհի Թովմասյանը։