«Հրապարակ». Սիմիդյանի զոքանչը՝ ՔՊ մրցակից

«Հրապարակ». Սիմիդյանի զոքանչը՝ ՔՊ մրցակից

Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Խոշորացված համայնքի կենտրոնը Եղվարդ քաղաքն է, որին դեռ 2017-ին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան եւ Սարալանջ գյուղերը։ Այժմ Եղվարդին միավորվելու են նաեւ Կոտայքի խոշոր գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։

Նաիրիում ուշագրավ պայքար է ընթանում։ Պայքարում է 6 կուսակցություն՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, Արամ Զավենիչի «Հանրապետությունը» եւ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։

ՔՊ թեկնածուն Վաղարշակ Ամիրխանյանն է։ Նա 2021թ․ մայիսից զբաղեցնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ցուցակի 2-րդ համարը Զովունու վարչական ղեկավարն է, 8-րդը՝ Պռոշյանի գործող համայնքապետը։ Ցուցակում են նաեւ Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցներ, անհատ ձեռներեցներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Իսկ Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լ․ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Նա նախկինում ՀՀԿ-ական էր, այժմ՝ անկուսակցական, Եղվարդի համայնքապետն է 1999-ից։

Ի դեպ, «վերակազմյալ հնչակյանները» ՏԻՄ-ին մասնակցում են Եղվարդում եւ Լեւոն Շիրինյանի կուսակցության հետ ստեղծել են «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքը ու առաջադրել Նոր Հաճնի գործող քաղաքապետին։