Հարցազրույց

«Հրապարակ». Ես չուզեցա հին մարդիկ վերադառնան, ովքեր 20 տարի մորթել են հայկական ֆուտբոլը

«Հրապարակ». Ես չուզեցա հին մարդիկ վերադառնան, ովքեր 20 տարի մորթել են հայկական ֆուտբոլը

«Հրապարակի» զրուցակիցը լեգենդար ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանն է:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, Մելիքբեկյանին՝ «Անի» ակումբը: Մենք Խորեն Հովհաննիսյանին հարցրինք` ինչո՞ւ եք որոշել առաջադրել Մելիքբեկյանի թեկնածությունը` նրան ՀՖՖ լավ նախագահ չեն համարում ֆուտբոլի աշխարհում, եւ գաղտնիք չէ, որ մեզանում ֆուտբոլը, ի տարբերություն մյուս սպորտաձեւերի, բավականին վատ վիճակում է:

- Մասնագիտական լուրջ խնդիր է դա: Առաջին ազգային հավաքականն այնքան էլ վատ չի եղել: Ֆուտբոլը զարգացնելու համար առաջին հերթին ակումբները պետք է այն զարգացնեն: Ճի՞շտ է, թե՞ չէ: Ակումբներից է գալիս: Ակումբները պետք է լավ ֆուտբոլիստներ պատրաստեն, դրանից հետո՝ արդեն հավաքականներ ու ազգային հավաքական: Բոլորն ասում են` Ֆուտբոլի ֆեդերացիա, իսկ ի՞նչն է ֆեդերացիայի պարտականությունը: Նրա պարտականությունն այդ հավաքականների կազմակերպչական աշխատանքներն են: Ֆեդերացիան կապ չունի խաղերի հետ, անկախ նրանից, թե ով է նախագահը: Նա իր գործը` ամեն ինչով, հստակ կատարել է: Ինչ ուզել են, ոնց ուզել են, հագուկապ, ամեն ինչ տրամադրել է, ամեն բան արվել է բարձր մակարդակով: Այստեղ հարցը ֆուտբոլիստների մեջ է:

- Այսինքն` ֆուտբոլիստներն ու ակումբներն են մեղավոր, որ Հայաստանում ֆուտբոլը չի կայանում: Այդ դեպքում ինչո՞ւ էիք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի դեմ այդպես պայքարում, եթե նախագահի ձեռքին ոչինչ չկա:

- Ժամանակ է պետք, որ ակումբներ կազմեն, ֆուտբոլիստներ սարքեն: Մենք պետք է ակումբներին մեղադրենք, այնտեղ ֆուտբոլիստները ոնց խաղում են, այդպիսի արդյունք էլ լինում է: Հո ֆեդերացիան չէ՞ ֆուտբոլ խաղացողը: Նա զուտ կազմակերպչական աշխատանք է տանում, պետք է ինչ-ինչ բաներ կազմակերպեն, հավաքներ եւ այլն, միայն այդ հարցում կարող ենք մեղադրել, բայց կոնկրետ խաղալու հարցում չենք կարող, ո՞նց կարելի է: Ակումբներին մեղադրեք, որ լավ ֆուտբոլիստներ չեն տալիս: Պետք է ակումբները սխալ չաշխատեն: Ճիշտ ֆուտբոլիստներ մեծացրեք, եկեք նստեք, նրանց խաղն էլ նայեք` 16-17 տարեկանից սկսած: Ես հիմա ստեղծել եմ, ակադեմիա եմ բացել, մեծ ուշադրություն եմ դարձնում դրա վրա, էնպիսի լավ երեխաներ ունեմ, որ նրանց վրա եմ ուշադրությունս կենտրոնացրել: Չորս-հինգ տարուց հետո նենց ֆուտբոլիստներ կտրամադրեմ… որ երեւի լավագույնների մեծ մասն իմ երեխեքը կլինեն: Խոսքս Խորեն Հովհաննիսյան ակադեմիայի մասին է: Երեք ամիս է, որ բացել եմ, լրիվ նոր բան է:

- «Անի» ՖԱ-ն ընդգրկված էր Հայաստանի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությունում, ինչը ՀՖՖ-ի կողմից դադարեցվեց` «պայմանավորված խաղերի» պատճառով: Նախատեսված 34 տուրերի փոխարեն կայացավ 30-ը, քանի որ, ըստ ՀՖՖ-ի, մասնակից ակումբները ներքաշված էին պայմանավորված խաղերի մեջ: Դրանք էին «Լոկոմոտիվ», «Արագած», «Մասիս» եւ «Տորպեդո» ակումբները: Այն ժամանակ շատերը զարմացան, որ այս ցանկում չկար «Անին», որը խմբի ետնապահներից էր` անցկացրած 28 խաղերում բաց էր թողել 108 գնդակ՝ երբեմն մրցակիցներին պարտվելով 0:12 հաշվով, ինչն արդեն կասկածելի էր: Ի՞նչ մեկնաբանություն կտաք սրան:

- Ֆեդերացիայի նախագահն այն ժամանակ Վանեցյանն էր: Մելիքբեկյանը զուտ ուզում էր ինչ-որ քայլեր աներ, ես չգիտեմ՝ ինչ էր եղել, բայց մարդիկ ապացուցել են, որ տվյալ ակումբները նման բաներ են արել: Իտալիայից վերցրած` տենց երկիր չկա, որտեղ ակումբները նման բան չանեն: Ում էլ բռնում, պատժում են: Մեզ մոտ էլ եղավ նման թեմա, պատժվեցին:

- Այսինքն՝ «Անին» այդպես անբասի՞ր էր:

- Էնպես եք ասում, կարծես «Անին» պայմանավորված բաներ է արել: «Արարատն» էլ չկար, հետո ի՞նչ, ուրեմն բոլորը պետք է լինեի՞ն: Եթե բան գիտեք` ասեք:

- Ես ուղղակի հարց եմ տալիս:

- Այ քեզ բան, բայց Դուք էնպես եք ասում, կարծես բան ենք արել, եթե ապացույց ունեք, որ «Անին» էլ է բան արել, ասեք: Զարմանալի բան չկա այդտեղ:

- Պարզապես, քանի որ Դուք Մելիքբեկյանի թեկնածությունն եք առաջադրել, այդ հանգամանքը կասկածի առիթ է դարձել, եւ մարդիկ մտածում են, որ դեռ այն ժամանակ է ինչ-որ ստվերային պայմանավորվածություն եղել:

- Ես չուզեցա հին մարդիկ վերադառնան, ովքեր 20 տարի մորթել են հայկական ֆուտբոլը:

- Ովքե՞ր են նրանք: Քիչ առաջ ասում էիք՝ ֆեդերացիայի ձեռքին ոչինչ չկա:

- Չգիտե՞ք, թե ովքեր են հին մարդիկ, Դուք ինձնից լավ գիտեք, թե ում մասին է խոսքը: Քանդված վիճակով էս մարդիկ որոշել են մի բան անել, կամաց-կամաց զարգացնեն, Դուք ընկել եք բաների հետեւից: Ես կողմնակից եմ, որ ամեն բան ճիշտ մեկնաբանվի, թող ժողովուրդն էլ լրիվ իմանա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image