Վարչական դատարանի որոշումը խաթարել է հեռուստադաշտի անդորրը. դատարանները ՀՌՀ-ին սխալ են հանել

Վարչական դատարանի որոշումը խաթարել է հեռուստադաշտի անդորրը. դատարանները ՀՌՀ-ին սխալ են հանել

Ինչպես հայտնի է, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, որն անցյալ տարվա հունվարից եթեր դուրս չէր գալիս, քանի որ պարտվել էր հանրապետական եւ մայրաքաղաքային սլոթի մրցույթում, դատական ճանապարհով վերականգնել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու իր իրավունքը:  Վարչական դատարանը դեռ մեկ տարի առաջ՝ օգոստոսին, չեղարկել էր ՀՌԱՀ համապատասխան որոշումները: Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովը, որը կազմակերպում է մրցույթները, բողոքարկել էր վարչական դատարանի որոշումը, բայց ո՛չ վերաքննիչ, ո՛չ էլ վճռաբեկ ատյանում հաջողության չի հասել: Մոտ մեկ տարի էլ տեւել է բողոքարկման գործընթացը, եւ առաջին ատյանի վճիռը մտել է ուժի մեջ` ի ցույց դնելով, որ հանձնաժողովը սխալ որոշումներ է կայացրել: 

Մամուլում բավականաչափ լուսաբանվել է, թե ինչ իրավական կազուս է առաջացել մրցույթից հետո, երբ հանձնաժողովը կանգնել է տհաճ երկընտրանքի առաջ՝ կատարել դատարանի վճիռը եւ 5 հեռուստաընկերությունների, որոնք հաղթել էին մրցույթում, զրկել լիցենզիայից, մինչեւ նոր մրցույթի անցկացումը, կամ մի կողմ դնելով դատարանի որոշումը՝ թույլ տալ, որ անվավեր համարված մրցույթի հաղթողների սփռումը շարունակվի: 

Մի հարց, սակայն, դուրս է մնացել մամուլի ուշադրությունից. Ի՞նչ խախտումներ է թույլ տվել մրցույթների օբյեկտիվության եւ օրինականության համար պատասխանատու մարմինը՝  ՀՌՀ-ն, որ ոչ մի ատյանում չի կարողացել հաղթել: 

Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդր Հարությունյանի` հօգուտ  Հ2-ի կայացրած վճիռն ուսումնասիրելով, տեսնում ենք, որ դատարանը հիմնական հղումները կատարում է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին, որը խախտված է համարել: Այն է՝ «Կարգավորող պետական մարմնի որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված: Կարգավորող պետական մարմինն ապահովում է իր որոշումների հրապարակայնությունը»:

Այսպես. վեճի առարկա ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը չի պարունակում պատշաճ հիմնավորում եւ պատճառաբանում: Հանձնաժողովի որոշմամբ արձանագրվել է, որ  բազմակարծությունը խթանելու համար դիտարկվել են ծրագրերում առկա քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հիմնական հաղորդումները՝ հաղորդումների թեմաների, հրավիրված հյուրերի, ինչպես նաեւ նրանց քաղաքական հայացքների տեսանկյունից: Դիտարկումը կատարվել է 2020 թ. հունիսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը, եւ որոշվել է, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» բազմակարծությունը խթանելու կարողությունը բավարար չէ, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ունի բավարար կարողություն՝ բազմակարծության խթանման համար: Սակայն դատարանը գտել է, որ հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ինչպիսի տվյալներ հաշվի առնելով է հանձնաժողովը եկել այդ եզրահանգման: 

«ՀՌՀ որոշման մեջ տեղ են գտել վերացական ձեւակերպումներ` այն մասին, որ դիտարկվել են «ծրագրերում առկա քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հիմնական հաղորդումները՝ հաղորդումների թեմաների, հրավիրված հյուրերի, ինչպես նաեւ նրանց քաղաքական հայացքների տեսանկյունից»։ Բայց թե որ հաղորդումներն են դրանք` նշված չէ, կամ ինչ չափանիշով է հանձնաժողովը մրցույթի մասնակիցների ծրագրերում առկա հաղորդումների մի մասն առանձնացրել որպես հիմնական հաղորդումներ` հայտնի չէ, Հ2-ի  հրավիրած հյուրերն ու նրանց քաղաքական հայացքները որքանով էին տարբերվում Հ1-ի կողմից հեռարձակվող հաղորդումներից, հրավիրված հյուրերից եւ նրանց քաղաքական հայացքներից։

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության հարցին անդրադառնալիս հանձնաժողովն արձանագրել է միայն յուրաքանչյուր մասնակցի աշխատակազմի քանակական տվյալները՝ որեւէ կերպ չհիմնավորելով մասնագիտական պատրաստվածության տեսանկյունից մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրի առավելությունները կամ թերությունները: Տեխնիկական հնարավորությունների, ազգային, համամարդկային, հոգեւոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության չափանիշների վերաբերյալ ընդհանրապես առկա չեն համեմատական վերլուծություններ, որոնք կփաստեին այն հանգամանքը, թե մասնակիցներից յուրաքանչյուրն ինչ չափով է համապատասխանում վերոհիշյալ չափանիշներին»,- ասվում է վճռում: 

Որոշման մեջ հիմնավորված չէ, թե ինչու են հանձնաժողովի անդամներն այս կամ այն միավորը տվել մասնակիցներին: Այս ամենի հիման վրա դատարանը եզրակացրել է, որ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը կայացված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ այն պատշաճ պատճառաբանված եւ հիմնավորված չէ։
Դատարանի այս վճիռը պատմական է` այն  առումով, որ առաջին անգամ տարիներ շարունակ կաշկանդված, իշխանության վերին ատյաններից մշտապես կառավարվող հայկական հեռուստատեսության պատմության մեջ դատարանները կայացրել են այդ ատյանների կամքին հակասող որոշում: Անգամ «Ա1+»-ը ներպետական ատյաններում չկարողացավ հաջողության հասնել, եւ անգամ ՄԻԵԴ -ի վճիռն «Ա1+»-ի գործով ընդամենը բացատրում էր, որ պետական մարմինը պետք է մերժման հիմքերը ներկայացներ, եւ այն չապահովեց հեռուստաընկերության մետրային հաճախականության եթեր: 

Արդյոք ունե՞ք երաշխիք, որ առաջիկա մրցույթում արդար որոշում  կկայացվի: Հ2-ի տնօրեն Շավարշ Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ մի երաշխիք, նույն մարդիկ են, քաղաքական որոշում կա, եւ ամեն գնով պետք է կատարեն»: Գեւորգյանը չցանկացավ մեկնաբանել դատարանի վճիռը չկատարելու վերաբերյալ ՀՌՀ վերջին որոշումը: Հեռուստատեսային աշխարհում դրա վերաբերյալ կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ 5 հեռուստաընկերությունները պետք է շարունակեն հեռարձակվել, որովհետեւ աբսուրդ կլիներ, եթե մարդը միացներ հեռուստացույցը եւ միաժամանակ 5 ալիքներում դատարկություն տեսներ։ Մյուսներն էլ համարում են, որ դատարանի վճիռն այն մասին, որ լիցենզիա չունեցողները պետք է չհեռարձակվեն, ենթակա է կատարման: 

«Եթե սրանց թողնում ես, որ հեռարձակվեն, մինչեւ որ լիցենզիա կստանան, բա Հ1-ին ինչո՞ւ էիր անջատում, բա ինչո՞ւ Հ2-ը չի հեռարձակվում հիմա` մինչեւ նոր մրցույթը: Կամ՝ ինչո՞ւ պետք է երկու տարբեր ալիքներով Հ1-ի պրոդուկտը հեռարձակվի: Չէ՞ որ օրենքը դա թույլ չի տալիս»,- ասաց հեռուստատեսային գործիչներից մեկը՝ չցանկանալով բացահայտ հակադրվել ՀՌԱՀ նախագահին:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունն այժմ երկու ալիքով է հեռարձակվում, եւ Հ2-ի փոխարեն, ըստ էության, նա է հայտնվել եթերում: