Ռոմանոս Պետրոսյանի եւ Հայկ Կոնջորյանի եղբայրները՝ արտոնյալներ

Ռոմանոս Պետրոսյանի եւ Հայկ Կոնջորյանի եղբայրները՝ արտոնյալներ

Մեր տեղեկություններով՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ով Կոտայքի ՋՕԸ-ի վերահսկողության պետի տեղակալն է, եւ ՋՕԸ-ի վերահսկողության պետ, ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը աշխատանքի չեն գնում:

Մեզ պատմեցին, որ նրանք սկսել են բոյկոտել աշխատանքը, երբ նրանց չհաջողվեց ՋՕԸ-ում իրենց «մարդուն» տնօրեն կարգել։ Պլանները ձախողվելուց հետո նրանք որոշել են աշխատանքի չգնալ, հաշվի առնելով, որ երկուսի եղբայրներն էլ պաշտոնյաններ են, ուստի ինչ կուզեն՝ կանեն: Կոտայքի մարզը «Էտալոնային» դարձրած եւ «պետության ու պետականության» մասին մտածող Ռոմանոսը իր եղբորը նստեցրել էր ՋՕԸ-ի պետի տեղակալի պաշտոնին՝ առանց բարձրագույն կրթության։ Եւ պարզվում է, որ անգամ աշխատանքի ընդունվելու համար նա դիմում չի գրել, բայց տարի ու կես աշխատել է, եւ ամսական աշխատավարձ է ստացել՝ 390.000 դրամ: Տեղեկացանք նաեւ, որ Կոտայքի ՋՕԸ- ում աշխատակիցներն արդեն ստացել են իրենց աշխատավարձը եւ անցել բնականոն աշխատանքի:

Մենք գրել էինք, որ Կոտայքի ՋՕԸ-ի վարչխորհրդի նախագահ Վահրամ Սեդրակյանի եւ նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 322 հոդվածով՝ ինքնիրավչություն։ Փորձեցինք որոշ տեղեկություններ ճշտել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Հակոբյանից, սակայն տնօրենն ասաց, որ զբաղված է, ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին:

Գոռ Հակոբյանի փաստաբան Սմբատ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչ ընթացքի մեջ է հարուցված քրեական գործը. «Քննություն է կատարվում, մեզանից ինչ կախված է արել ենք, եւ հետեւողական ենք լինելու մինչեւ գործի ավարտը, իմ վստահորդ Գոռ Հակոբյանն էլ արդեն անցել է աշխատանքի»: