Նստած սպասում եմ նորության, որ Երևանի  տոնածառը հետ են տվել. Հայկ Բարսեղյան

Նստած սպասում եմ նորության, որ Երևանի  տոնածառը հետ են տվել. Հայկ Բարսեղյան

Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝  ակտիվիստ, բնապահպան Հայկ Բարսեղյանին, բարկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 71մլն դրամ արժողությամբ նոր տոնածառ գնելու որոշումը: Նրա խոսքերով ՝ Հայկ Մարությանն իր ընկերն է, սակայն չարտահայտվել չի կարող:

«Նոր տոնածառն արժե 150-200հզր դոլար: Հայկ Մարությա՛ն, դուք մասնակցեցիք Գյումրիում անօթևանների համար կազմակերպված  դրամահավաքին եւ 1000 դոլար նվիրաբերեցիք: Գիտեք  բնակարանի արժեքը Գյումրիում, մեկ սենյականոց բնակարանը մոտ 6500 դոլար է, ուզում եմ հասկանամ՝ 200հզր դոլարով քանի անօթևան բնակարան կունենար: Երբ ընտրվում էիք քաղաքապետ, հայտարարեցիք, որ կարմիր գծերն անհրաժեշտ են նրա համար, որ մանկապարտեզների հարցը լուծվի: Ես իմ շինարար ընկերներից տեղեկացել եմ, որ մի տարածքը սարքելու համար մոտ 10հզր դոլար է պետք, պատկերացնում եք, թե այդ գումարով ինչքան տարածք կսարքեին  ու էդ կարմիր գծերը կհանվեին: Այս բոլորը հանկարծ դարձան անիմաստ, ու  չգիտես ինչու՝ տոնածառը լավը չէր»,-ասում  է Հայկը՝ ընդգծելով, որ Երևանի  նախկին տոնածառը  քաղաքի համար շատ կոլորիտային եւ  յուրահատուկ էր:

«Հայրս էր միշտ էս օրինակը լավ բերում: Ինչխոր ծակած,  փտած դոմիկի  զալի մեջտեղը լուստր կախես: Այսինքն՝ այսքան պրոբլեմների մեջ բան ու գործ չունենք, 200հզր-ոց տոնածառ պիտի տնկենք: Կենտրոնում զիբիլը խեղդում է…, 10-15մանկապարտեզ  ոտքի կկանգներ: Ստացվում է՝մենք նույն կեղտի մեջ ենք: Սերժի կինոյից հելանք, տոնածառի կինո մտանք:  Էս քննադատությունները ինքնանպատակ չեն, եթե իշխանությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, մտահոգված է Հայաստանի բարեկեցիկ ապագայով, իրենք առավել ևս պիտի ցավեն ու առաջիկա ընտրություններին վախենան ձայն  կորցնելուց, դրա համար նստած սպասում եմ նորության, որ անմիջապես տոնածառը հետ են տվել»,-եզրափակում է ակտիվիստը:Հիշեցնենք, որ Հայկ Բարսեղյանը հեղափոխական  ակտիվիստներից էր: 

Հայկ Բարսեղյանի համաքաղաքացին՝ ծնունդով գյումրեցի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ տեղեկացնում է. «Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»: