Իջևանի ավագանու ՔՊ անդամ Մեսրոպ Մխիթարյանը հրաժարվել է մանդատից: Պաշտոնական բացատրությունն այն է, որ նա նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության Իջևանի գրասենյակի տնօրեն: Սակայն բանն այն է, որ օրենքի համաձայն` ավագանու անդամը կարող է նաև այլ աշխատանքով զբաղվել, անգամ տնօրեն աշխատել: Եւ նա կարող էր մանդատը պահել` զուգահեռաբար պաշտոն զբաղեցնել: Այսինքն` ավագանու անդամին այլ աշխատանքով զբաղվելու հարցում որեւէ արգելք չկա: Սակայն ՔՊ-ական Մեսրոպ Մխիթարյանը որոշել է մանդատը վայր դնել եւ իր տեղն այլ անձի զիջել, քանի որ հաջորդ համարը ցուցակում Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի փեսան է` Սասուն Անտոնյանը: ԿԸՀ կայքում մարտի 31-ի ամսաթվով որոշում կա տեղադրված, ըստ որի Մեսրոպ Մխիթարյանի մանդատը փոխանցվել է Սասուն Անտոնյանին: Այսինքն, գուցե անգամ Մխիթարյանին պաշտոնը` որպես կոմպենսացիա են տվել, որ մանդատը վայր դնի, բայց չտուժի` տնօրենի պաշտոն ստանա, իսկ մարզպետի փեսան մտնի ավագանի, որը կարող է տրամպլին լինել հետագա կարիերայի հարցում:
Մեսրոպ Մխիթարյանից մենք փորձեցինք ճշտել, թե իրականում որն է մանդատից հրաժարվելու պատճառը, ի՞նչն էր իրեն խանգարում ավագանու անդամ լինելուն զուգահեռ այլ աշխատանքով զբաղվել և վերջապես մանդատից հրաժարվելու առաջարկ եղե՞լ է, թե՞ ինքն է նման որոշում կայացրել, վերջինս նշեց. «Ես շատ զբաղված եմ, ուղղակի աշխատանքս անհամատեղելի ա այլ աշխատանքի հետ, պատճառն այդ է, չկա ուրիշ պատճառ: Որևէ կողմից չի եղել առաջարկ, դա իմ ցանկությունն ա, ինչի՞ մասին ա խոսքը, աշխատանքս շատ ծանր ա, հիմա էլ մոտս մարդիկ կան, զբաղված եմ շատ», - նշեց մեր բազմազբաղ զրուցակիցը:
Հարցրեցինք` հրաժարվել եք, որ մարզպետի փեսան մանդատ ստանա՞: Ասաց. «Ես անգամ չգիտեմ, թե ով ա հաջորդող համարը, Ձեզ սխալ տեղեկություն են տվել, ինձ ոչ մեկը ոչ կարա ասի` դիմում գրի, ոչ էլ: Ես դիմումը գրել, դուրս եմ եկել, քանի որ աշխատանքիս հետ չեմ հասցնում, էսքան բան, խնդրում եմ բավարարվեք: Ես Հայկ Ղալումյանի փեսային անգամ չեմ ճանաչում, չգիտեմ ով ինքը», - եզրափակեց նորանշանակ տնօրենը: