Քաղաքականություն

«Հրապարակ». Ի՞նչ կանի ընդդիմությունը խորհրդարանում կանոնակարգի քննարկմանը

«Հրապարակ». Ի՞նչ կանի ընդդիմությունը խորհրդարանում կանոնակարգի քննարկմանը

Սահմանազատման կանոնակարգի ո՛չ տեքստն է հրապարակել պաշտոնական Բաքուն, ո՛չ էլ կանոնակարգն է ուղարկել ներպետական ատյաններին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն հապշտապ ՍԴ ուղարկեց, հիմա էլ ԱԺ-ում է՝ վերջնական վավերացման համար։ 

Կանոնակարգն ուժի է մտնելու «Հայաստանում եւ Ադրբեջանում անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից»: Արարատ Միրզոյանի ստորագրությամբ ԱԺ կայքում տեղադրված տեքստում ներկայացվում է կանոնակարգի ընդունման պատմությունը ու նշվում, որ այն «համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը»: Արդարադատության նախարարության եզրակացությունում էլ գրված է, թե «այն չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր»։ Այն ստորագրել է փոխնախարար Կարեն Կարապետյանը։ Նշված է նաեւ, որ կանոնակարգը կարող է բյուջեի հավելյալ ծախս ավելացնել, որի չափը «հնարավոր չէ գնահատել՝ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության» պատճառով։ Սա էլ ստորագրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Կանոնակարգի կատարման պատասխանատուն ԱԳՆ-ն է։ Կցված են նաեւ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի գրությունը, ՍԴ, կառավարության, վարչապետի որոշումները եւ այլն։

Խորհրդարանական ընդդիմությունը կանոնակարգի վերաբերյալ արդեն դիրքորոշում է հայտնել` 2 ընդդիմադիր խմբակցություններն էլ այն Հայաստանի պետականության համար աղետաբեր են գնահատել։ Սակայն ընդդիմության դիրքորոշումն ԱԺ-ում վավերացման գործընթացի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, եթե հրաշք տեղի չունենա, եւ իշխող խմբակցությունում չգտնվեն մարդիկ, որոնք կգիտակցեն կոլեկտիվ հանցագործության մաս կազմելու եւ դրա հետեւանքների ողջ ծանրությունը։ Եվ այս պայմաններում հանրային դիսկուրսում կրկին մանդատների հարցն է առաջ եկել՝ պահե՞լ, թե՞ հրաժարվել ու, թեկուզ անուղղակիորեն, որեւէ կերպ մաս չդառնալ խորհրդարանի կողմից Հայաստանը բաժան-բաժան անելու փաստաթղթի վավերացմանը։ Կարծիք կա, որ անգամ քննարկումներին չմասնակցելու պարագայում ընդդիմությունն ակամա լեգիտիմացնում է Հայոց պետականության հանդեպ իրականացվող այս հանցագործությունը։

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը կմասնակցի՞ լիագումար նիստին, որտեղ քննարկվելու է կանոնակարգը, դեռ հայտնի չէ։ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դեռ չեն քննարկել, բայց խմբակցության սկզբունքային բացասական դիրքորոշումը չի փոխվել։ ««Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց կարծիքն արտահայտել են այդ թղթի նկատմամբ, որը Նիկոլ Փաշինյանի սրտի ՍԴ-ն համարել է Սահմանադրությանը համապատասխանող։ Ավելին, ՍԴ-ն մի քայլ անդին է գնացել եւ, չգիտես ինչու, որոշել է իր կարծիքը հայտնել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ եւ ԼՂ վերամիավորման որոշման մասին, չնայած որեւէ մեկն այդ կարծիքը նրանցից չէր էլ հարցրել։ Այդ կանոնակարգ կոչվածը խիստ վտանգավոր փաստաթուղթ է եւ ական՝ հայկական պետականության տակ»,- ասում է Արթուր Խաչատրյանն ու թվարկում ականները, որոնցից մեկն այն է, որ որեւէ հղում չի արվում նախկին միութենական հանրապետությունների սահմաններին, եւ նրան կից որեւէ քարտեզ չկա։

«Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմք, մեջ է բերել Ադրբեջանը` հեռավոր 2008թ․ դեկտեմբերին, ինչը մերժվել է թե՛ ՄԱԿ-ի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից։ Եթե կողմերն ուզում էին նշել, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բավարար կլիներ հղում անել ՄԱԿ կանոնադրությանը կամ Հելսինկիի եզրափակիչ դրույթներին»,- բացատրում է Խաչատրյանը: Հաջորդ ականն այն է, որ Ադրբեջանը, օրինակ, երբ գործը հասնի Ջերմուկին, կարող է հայտարարել, թե, որպես սկզբունք, պետք է ընդունել գործող շփման գիծը, բացի այդ` փաստաթղթում որեւէ անդրադարձ չկա, թե այդ սահմանազատում կոչվածի արդյունքներն ինչպես պետք է վավերացվեն։ «Իրենք էլ են նշում, որ սահմանները, այսպես կոչված, կարող են օպտիմալացվել, որի արդյունքում կարող է փոխվել այն աշխարհագրական կոնտուրը, որտեղ պարփակված է Հայաստանը, հետեւաբար, կարող է փոխվել ՀՀ տարածքը, մինչդեռ, ՀՀ Սահմանադրությամբ` դա հանրաքվեի հարց է, ինչն անտեսվել է ՍԴ-ի կողմից»,-վտանգներն է թվարկում ընդդիմադիր պատգամավորը։ Հատվածական սահմանազատումը, Խաչատրյանի խոսքով, հաջորդ ականն է։ 

Ինչ վերաբերում է մանդատներին ու ընդդիմության «քննադատներին», Խաչատրյանն ասում է` ցանկացած քայլ նրանք քննադատում են, որովհետեւ «հենց դրա համար են պահվում ու ֆինանսավորվում»։ «Եթե մենք մեր գործունեությունը պլանավորենք այդ չակերտավոր քննադատների քննադատությամբ, ապա պետք է ընդհանրապես տնից դուրս չգանք ու հեռախոսազանգերին էլ չպատասխանենք, որովհետեւ նրանց աշխատանքը հենց դա է»,- ասում է Խաչատրյանը՝ միաժամանակ շեշտելով, որ սա չի նշանակում, թե հանրային տրամադրություններն ու կարծիքները հաշվի չեն առնվում․ «Բայց մի բան է հանրային կարծիքը հաշվի առնել, մեկ այլ բան է որեւէ քայլ չանելը, որովհետեւ հայտնի շրջանակների կողմից  ֆինանսավորվող վայ քննադատները կարող են պիտակ կպցնել։ Դա շատ նման է Խոջա Նասրեդինի, որդու եւ ավանակի ճամփորդությանը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հիշեցնում է՝ կանոնակարգի խնդիրների, Սահմանադրության հետ հակասությունների ու հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ փաստաթղթում առկա ականների մասին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել դեռ մինչեւ ՍԴ որոշումը, եւ «Պատիվ ունեմ»-ի կարծիքն արտացոլված է այդտեղ։ Մամիջանյանի խոսքով՝ խմբակցությունը չի մասնակցում ԱԺ հանձնաժողովների նիստերին ու, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաեւ կանոնակարգի՝ հանձնաժողովային քննարկումներին, իսկ լիագումար նիստում անելիքների մասին կխոսեն հետագայում։ ՀՀԿ-ն, հիշեցնենք, սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ «ՀՀ գործող վարչախումբը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են երկրի անվտանգային համակարգի իսպառ փլուզմանը»։ «Ինչ վերաբերում է մանդատների չարչրկված թեմային, հազարերորդ անգամ հայտարարում եմ, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որեւէ խնդիր չի տեսնում մանդատները վայր դնելու մեջ, եթե դա կծառայի պայքարին եւ կբերի Փաշինյանի հեռացմանը։ Բոլոր այն մարդիկ, որոնք նշում են, որ մանդատները վայր դնելը դառնալու է խորհրդարանի լուծարման պատճառ, ընդամենը հակասում են Սահմանադրությանը, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները նման կարգավորում չեն նախատեսում։ Մանդատները դնելու դեպքում մնալու է միակուսակցական պառլամենտ, որը շարունակելու է նույնկերպ դակել հակապետական որոշումները, ուստի մանդատները վայր դնելն այդ գործընթացի վրա որեւէ ազդեցություն չի ունենա»,- ասում է Մամիջանյանը՝ հիշեցնելով ՔՊ-ականների հայտարարություններն այն մասին, որ եթե խորհրդարանը դառնա միակուսակցական, իրենք շարունակելու են աշխատել մինչեւ 2026 թվականը։
Մամիջանյանը կարծում է, որ մանդատների հարցը վաղուց փակված թեմա է, պետք է առկա գործիքակազմը մաքսիմալ արդյունավետությամբ օգտագործել՝ ծառայեցնելով իշխանափոխության օրակարգին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image