Ալավերդի խոշորացված համայնքի Այրումի վարչական ղեկավար Արթուր Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղը վիրավորներ, բարեբախտաբար չունի։ «Վնասների գնահատում դեռևս հնարավոր չի անել, տեղեր կան, որ դեռ հնարավոր չի մտնել։ 15 սեփական տուն է վնասվել, 15 ավտոմեքենաներ կան, կամուրջներն են վնասվել՝ մի հատ ոտքի կամուրջ կար, մեկն էլ ավտոմոբիլային, բայց պիտանի չեն դրանցով անցնելու համար։ Ավտոմոբիլային կամրջի սյուները ծռվել են, կամուրջը ծռվել է»,-ասաց Այվազյանը։ Այս պահին աշխատում են բնակավայրում էլեկտրականությունը վերականգնելու ուղղությամբ, այսօր պետք է որ սկսի էլեկտրականությունը գործել։
«Գազի, ջրի հարցն է, դրանով զբաղվում ենք»,-տեղեկացրեց Այվազյանը։ Ոչ մի բանի կարիք չունեն: Արդեն սկսել են նախնական դիմումներ ընդունել բնակիչներից։ Հանձնաժողով է կազմվել, որն ուսումնասիրելու է վնասները։ Անասունների կորուստը շատ չի, սակայն հստակ թիվն էլ դեռևս չեն կարող ասել։ «Հեղեղները հիմնարկներին է շատ վնաս տվել, բնակելի տներ կան, այդպես չենք կարող ասել։ Երկու ՃԱՆՇԻն կար, մաքսային տրեմինալ կար, երկու հատ հյուրանոց, ռեստորան, սննդի անվտանգության մեծ հիմնարկ կար՝ այդ ինություններին շատ մեծ վնաս է տվել»,-ասաց Այվազյանը։
Հսկայական վնաս է կրել նաև Քարկոփ վարչական շրջանը: Գյուղի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանն ասաց. «Քանի որ բնակավայրը փոքր է՝ 100 տնտեսություն ունենք, դրա համար գետի հունը դուրս գալով ամբողջ բնակավայրն է տուժել։ Մենք տեղակայված ենք Ճոճկան գյուղում, քանի որ այնտեղ հնարավոր չէ ապրել այս պահին։ Իջել ենք գյուղ, տեսել եմ` ինչ է կատարվում, առաջին հարկերում տիղմ է լցված, գույքը փչացած, ավտոտնակները փլուզված, կամուրջը փլուզված, այգիներից մաքրել է ամեն ինչ, սարսափելի վիճակ է։ Վնասներն անգնահատելի են»,-ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ գիշերով` մթության մեջ են գյուղի բնակչությանը տարհանել։
«Տեխնիկայի միջոցով մեր տղաները կազմակերպված, ոչ մի փրկարարական ջոկատ չէր կարող մտնել գյուղ, հենց գյուղի տղաներն են տեխնիկայով հանել մարդկանց։ Ես ինքս կես ճանապարհը տեխնիկայով, կես ճանապարհը ոտքով, գիշերը, չգիտեմ ոնց ենք դուրս եկել»,-ասաց Պետրոսյանը։ Այս պահին անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը ճանապարհին է մնացել, համայնքն է օգնություն ուղարկում Ճոճկան գյուղ, որպեսզի տրամադրեն Քարկոփի բնակիչներին։