Վերջին ժամերին համաշխարհային հանրությունն ակտիվորեն քննարկում է մայիսի 19-ի թերեւս գլխավոր իրադարձությունը՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների հեռախոսազրույցը, որը տեւել է ավելի քան 2 ժամ, գլխավոր թեման ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցն է եղել: Երկրորդ ժամկետով ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփն ու Պուտինը մինչ այս արդեն երկու անգամ զրուցել էին հեռախոսով։ Առաջին զրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին, երկրորդը՝ մարտի 18-ին։ Երկու դեպքում էլ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին ուկրաինական հակամարտության կարգավորումը։
ՌԴ նախագահը զրույցը որակել է բովանդակալից, անկեղծ եւ շատ օգտակար: Թրամփն իր հերթին հեռախոսազրույցը որակել է «շատ լավ» եւ ասել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան «անմիջապես» կսկսեն հրադադարի վերաբերյալ բանակցություններ։ Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է վերջ դնել պատերազմական գործողություններին՝ հանուն հակամարտության խաղաղ կարգավորման: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես ընդգծել է, որ նախագահների միջեւ անկեղծ եւ վստահելի զրույց է տեղի ունեցել, եւ հավելել է, որ զրուցակիցները հեռախոսազրույցի ընթացքում միմյանց դիմել են անուններով։ «Այո՛, նրանք միմյանց դիմելիս ասել են Դոնալդ եւ Վլադիմիր»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Կրեմլի եւ Սպիտակ տան ղեկավարների ջերմ զրույցի մասին ակնարկել է նաեւ ԱՄՆ նախագահը: Նա Պուտինին անվանել է «հաճելի ջենթլմեն»՝ Քենեդի կենտրոնում կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ։ «Ինչո՞ւ չնստենք եւ միմյանց չպատմենք, թե ինչպես է անցել մեր օրը: Գուցե նախ պետք է սկսեմ Վլադիմիր Պուտին անունով մի հաճելի պարոնի հետ իմ փոքրիկ զրույցից»,-նշել է Թրամփը եւ հավելել, որ լավ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, եւ «որոշակի առաջընթաց կա»։ Պարզվում է նաեւ, որ ռուս եւ ամերիկացի առաջնորդները կարեւոր եւ գերլուրջ օրակարգով զրույցի ժամանակ հասցրել են կատակել: «Պուտինն ասաց, որ կնոջս՝ Մելանյային, ավելի շատ են հարգում, սիրում, քան ինձ: Ես ամենեւին չվրդովվեցի, նորմալ է»,- խոստովանել է Թրամփը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւս արձագանքել է Թրամփ-Պուտին հեռախոսազրուցին, դրան հաջորդած՝ ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: Նախ, նա հայտարարել է, որ իր կարգադրությամբ կստեղծվի Ռուսաստանի հետ երկխոսության մշտական բանակցային խումբ։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Ստամբուլի բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորող պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո։ Նա հանդիպում է անցկացրել կառավարության առանցքային անդամների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով պատերազմը դադարեցնելու եւ իրական խաղաղություն հաստատելու դիվանագիտական քայլերը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է մայիսի 15-16-ը Թուրքիայում Ռուսաստանի հետ կայացած բանակցություններում ուկրաինական պատվիրակության աշխատանքի մասին։ Հանդիպման ընթացքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձեւով: Այժմ ուկրաինական կողմը մշակում է այս համաձայնագրի իրականացման մանրամասները: Ուկրաինայի առաջարկը, որը համաձայնեցվել է միջազգային գործընկերների հետ, նախատեսում է 30-օրյա հրադադար՝ երկարաձգման հնարավորությամբ։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ Կիեւը կսպասի փաստաթղթի ռուսերեն տարբերակին։
Կրեմլն իր հերթին հայտնել է, որ կողմերը կմշակեն հուշագրի նախագծի միասնական տեքստ։ Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցների ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի տարածքային պահանջները պատրվակ են՝ պատերազմը երկարաձգելու համար։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է Կիեւում՝ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխզիջումների, եւ նրա համար ամենակարեւոր հարցն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ բանակցությունների սկիզբն է։ «Ես կցանկանայի տեսնել հրադադարը՝ որպես առաջին քայլ, որպեսզի Ռուսաստանը կարողանա ցույց տալ իր իրական պատրաստակամությունը՝ այս պատերազմը դադարեցնելու համար։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածք հանդիսացող 5 շրջաններից հրաժարվելուն, ուկրաինական բանակի դուրսբերմանը մեր տարածքներից՝ դա երբեք տեղի չի ունենա։ Մենք չենք կարող համաձայնել դրա հետ։ Մեր տարածքային ամբողջականության հարցը մեր կարմիր գիծն է»,- հավելել է Զելենսկին։
Եվրոպական համայնքի արձագանքը եւս հայտնի է. Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի առաջնորդները, որոնց զանգահարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, «ապշած» են՝ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ձեռք բերված համաձայնությունների մասին իմանալով, հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով բանակցությունների մանրամասներին ծանոթ աղբյուրին։ Հրատարակության աղբյուրի խոսքով՝ Եվրոպան եկել է այն եզրակացության, որ Թրամփը «պատրաստ չէ ավելի շատ ճնշում գործադրել» Պուտինի վրա, որպեսզի նա լուրջ քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է գործարք կնքել Պուտինի հետ, որը «կզիջի նրա մաքսիմալիստական պահանջներին եւ կդավաճանի Ուկրաինայի շահերին՝ շտապելով դադարեցնել մարտական գործողությունները»։ Հրապարակման մեջ նաեւ գրված է, որ Պուտինի հետ զրույցից հետո Թրամփի հայտարարությունները վկայում են, որ Վաշինգտոնը, հնարավոր է՝ հեռանում է միջնորդի իր դերից։ Մինչդեռ Կրեմլում հայտարարել են, թե ԱՄՆ-ն շարունակում է միջնորդ մնալ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում, ավելին՝ Պուտինը նշել է, որ անձամբ շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ այդ միջնորդական առաքելության եւ Մոսկվա-Կիեւ ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությանն աջակցելու համար:
Այդուհանդերձ, նախագահների զուգահեռ շփումներից դատելով՝ Պուտինը որոշակի զիջումների է գնում, Թրամփը լավատեսություն է հայտնում, իսկ Զելենսկին պահպանում է իրեն բնորոշ վերապահումները, թեպետ եւս պատրաստ է գործնական եւ կայուն խաղաղության ու երկխոսության: Ի լրումն ասվածի՝ Կրեմլում մանրամասնել են, որ Թրամփի հետ զրույցում շոշափվել է Պուտին-Զելենսկի ուղիղ շփման հարցը, մի բան, որը սպասվում էր օրերս Ստամբուլում, բոլոր դեպքերում՝ դա Ուկրաինայի նախագահի ցանկությունն էր։