Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր նոր շնորհավորանքներ է ստացել տարբեր պետությունների ղեկավարներից ու միջազգային կառույցներից։ Գերմանիա, ԱՄՆ, հուլիսի 3-ին՝ նաև ՌԴ։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները շնորհավորել են նրան, գումարած՝ Գերմանիան։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։
Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի շնորհավորական ուղերձում էլ Ջո Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում:
Հասկանում եմ այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:
ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների:
ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները»,- ասել էլ է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր դեռ հուլիսի 3-ին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հեռախոսազրույցով, որից հետո իր թվիթերյան ու ֆեյսբուքյան էջերում հայտնել էր, որ իր երկիրը 200 հազար դեղաչափ պատվաստանյութ է նվիրաբերելու Հայաստանին։
Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև Բելառուսի նախագահ Ալ․ Լուկաշենկոն և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։
Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։
Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»։