Քաղաքականություն

Աթոռը պահելու համար կօգտվի Եվրոպայի, Բաքվի եւ Անկարայի ծառայություններից

Աթոռը պահելու համար կօգտվի Եվրոպայի, Բաքվի եւ Անկարայի ծառայություններից

Մինչ Հայաստանում ներընդդիմադիր փոխհրաձգությունները, հատկապես՝ 2-րդ եւ 3-րդ նախագահների թիմերի միջեւ, նոր թափ ու դրսեւորումներ են ստանում, ինչը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ստեղծած քաղաքական իրողությունների եւ ներքաղաքական ճղճիմ համակարգի հետեւանքն է, բայց առաջին հերթին ձեռնտու է հենց իրեն, նույն Նիկոլն անցել է կոնկրետ գործողությունների: Փաշինյանին իմպիչմենտ անել-չանելու, 2026-ի ընտրություններին գնալ-չգնալու՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիկսուրսի պայմաններում 2018-ից Հայաստանի վարչապետի աթոռին գամված ու վերարտադրության մոլուցքով տառապող Փաշինյանն արդեն հեռահար քայլեր է անում՝ իր իշխանությունն ամեն գնով պահպանելու ուղղությամբ: Իրեն մրցակից համարվող ուժերին թողնելով, որ միմյանց քաղաքականապես ծվատեն, նա իշխանապահպանման օրակարգի եւ ապագայի պլաններ է մշակում:

Այսպես, մայիսի 23-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց՝ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը հյուրընկալելու հարցում։ X-ի իր միկրոբլոգում նա, մասնավորապես, գրեց. «Ես նաեւ ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարեւոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թ․ գարնանը, այսինքն՝ մեր հանրապետությունում նախանշված հերթական խորհրդարանական ընտրություններից 2-3 ամիս առաջ: Եվ այս հարցում էլ Ադրբեջանն է իր աջակցությունը ցուցաբերել։

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովն օրերս անցկացվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որին մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետը, իսկ 7-րդ գագաթնաժողովն անցկացվելու է այս տարվա հոկտեմբերին՝ Դանիայում։ Ի դեպ, 2026-ին հերթական հանդիպումը, բացի Հայաստանից, կայանալու է նաեւ Իռլանդիայում, 2027-ին՝ Շվեյցարիայում եւ Հունաստանում, 2028-ին՝ Ադրբեջանում ու Լատվիայում:
Փաշինյանի ու նրա վարչախմբի գահավիժող վարկանիշի ֆոնին ակնհայտ է, որ Նիկոլենք պիտի ապավինեն առաջին հերթին արտաքին լսարանն օգտագործելու եւ այն որպես ներքին լսարանի վրա ազդելու գործիք կիրառելու հնարքին:

Եթե Ալբանիայի վերջին հավաքում Փաշինյանի մասնակցությունը ոչ մի էական բանով չառանձնացավ, ավելին՝ հերթական անգամ արժանացավ արդարացի քննադատության ու ծաղրի՝ Ալիեւի հետ, այսպես կոչված, սրճախմության կադրերի, Էրդողանի հետ հանդիպման ժամանակ վախվորած պահվածքի եւ այլնի պատճառով, ապա Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կարող է նոր շանս լինել Նիկոլի համար՝ տանտիրոջ կարգավիճակում ցույց տալ, թե ինչ հեղինակություն ունի եվրոպական ազդեցիկ առաջնորդների մոտ: Թեպետ այստեղ նրա գործոնն ամենեւին կապ չունի, ինչպես նախորդ բոլոր գագաթնաժողովները հյուրընկալած երկրների ղեկավարների պարագայում, քանզի այստեղ ընտրվում է կոնկրետ պետությունը՝ իբրեւ թեկնածու, հերթական հանդիպատեղի, ոչ թե նրա առաջնորդը կամ այլ գործոններ: Սա, թերեւս, համաեվրոպական քիչ ասպարեզներից է, որտեղ քաղաքական համերաշխություն ու միասնականություն կա՝ վերանձնական հակակրություններից եւ համակրություններից անդին: Մի բան, որ Նիկոլը պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկարողացավ սերտել, գիտակցել, դրանով առաջնորդվել, քանի որ մնաց գավառամիտ եւ անձնակենտրոն կառավարման մշակույթի մեջ: Մարդ, որի համար ներսուդրսերում կարեւոր չէ՝ ում հետ եւ որ հանգամանքներում լայնուկեղծ ժպիտով կադրեր, լուսանկարներ ստանալը եւ ցուցադրելը դարձել են ոչ թե նախասիրություն, այլ՝ սեւեռուն հիվանդություն: Հիշում եք, չէ՞, այս տարվա փետրվարին Միացյալ Նահանգներ քառօրյա աշխատանքային այց կատարած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը դարակազմիկ ձեռքբերում համարեցին, որ նա Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Վաշինգտոնում չորս օր մանր-մունր բազմաթիվ հանդիպումներ, Ատլանտյան խորհրդում, Ջորջթաունի համալսարանում եւ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին ելույթներ ունենալով, որը, ըստ պաշտոնական վարկածի, այս այցի գլխավոր օրակարգն էր, Փաշինյանին, տեսեք-տեսեք, հաջողվեց ունենալ հանդիպում Թրամփի կառավարության ներկայացուցչի՝ փոխնախագահ Վենսի հետ։ Եվ հիմա Փաշինյանը ճիգուջանք չի խնայում՝ իր հեղինակության փշրանքները փրկելու համար՝ օգտագործելով քաղաքական ու անձնական զինանոցի բոլոր հնարավոր ու անհնար միջոցները, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ընձեռած բարենպաստ պայմանները:

Չի բացառվում, որ Ալիեւի ու Էրդողանի պահանջները շարունակաբար կատարող Փաշինյանն իր վերընտրության նպատակով կօգտվի նաեւ Բաքվի եւ Անկարայի ծառայություններից: Ադրբեջանին եւ Թուրքիային, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, ձեռնտու է Փաշինյանի վերարտադրությունը: Մարդու, որն առաջնորդվում է հենց այդ երկրների առաջադրած քաղաքական օրակարգով՝ Արցախի հանձնումից մինչեւ հայկական ինքնիշխան տարածքների, Անկախության հռչակագրի, Ցեղասպանության, Արարատի, հայկական սփյուռքից եւ այլ ազգային արժեքներից ու երեւույթներից հրաժարում:

Ի դեպ, ադրբեջանցի վերլուծաբան Ալի Հաջիզադեն վերջին հրապարակումներից մեկում գրում է. «Եթե հարեւան երկրի (Հայաստանի` խմբ.) ավերիչ ուժերը, որոնց աջակցում եւ սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից եւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության կարեւորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանն աջակցելու համար...»։

Այս դատողությունները ներկայացնելով՝ ոչ թե ուզում ենք վախեցնել ՀՀ քաղաքացուն, այլ՝ ցուցադրել, որ այժմ Փաշինյանի գոյությունը հայկական պետության գլխին ձեռնտու է միայն մեր թշնամիներին, եւ նրանք անգամ չեն թաքցնում դա։ Եվ ՀՀ ընտրողը, որը նրան մի անգամ վստահեց 2018-ին, ապա կրկին վստահեց 2021-ին՝ չգիտակցելով այս պարզ իրողությունը, պարտավոր է գոնե հիմա գիտակցել, որ եթե 2021-2025-ը մեր պետությունն ահռելի անկում է գրանցել, ինքնիշխանության կորուստ, ապա 2026-ին եթե կրկնվի 21-ի սցենարը, մենք պարզապես կարող ենք պետություն չունենալ։ Իսկ 2026-ի ընտրությունները Փաշինյանի եւ նրա թիմի համար վերջին ճակատամարտի նշանակություն ունեն՝ նրանք պայքարելու են ամեն գնով իրենց իշխանությունը պահելու, իսկ մենք՝ Հայաստանը պահպանելու համար...
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image