Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը «համարձակ» չի համարել գործողություններն այն զինվորականների, ովքեր իրենց աջակցութուն են հայտնել պաշտոնաթող գեներալներին, ովքեր «երկրի փլուզման» վտանգի մասին նամակ էին հղել ապրիլի 21-ին:
Դարմանենը մեկնաբանել է ֆրանսիական «Valeurs actuelles» («Ընթացիկ արժեքներ») պարբերականում հրապարակված նամակը, որը տեքստի տակ ստորագրել է ավելի քան 130 հազար մարդ:
«Խոսքն անանուն անձանց մասին է: Սա՞ է նրանց համարձակությունը, անանունությո՞ւնը: Երբ ուզում եք քաղաքականությամբ զբաղվել, ձեր թեկնածությունը ներկայացնում եք ընտրություններին: Երբ ես դժգոհ էի կատարվողից, ես գնացի ընտրությունների: Եվ ժողովրդավարական երկրում ընտրությունը ժողովրդի ձեռքում է, ոչ թե մի քանի զինվորականների [...] Որքան ծիծաղելի է այս «քաջ» հանրությունը, որը ձայն է տալիս անանուններին», - ասել է Դարմանենը «ԲՖՄ» հեռուստաընկերության եթերում, գրել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Մայիսի 9-ին Valeurs actuelles-ում հրապարակված նամակի մեջ անանուն մնացած զինվորականները դիմել էին իշխանություններին ու մեղադրել «սեփական հողում իսլամիզմին զիջելու մեջ»։ «Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում, և դուք դա հիանալի գիտեք», - նշված է նամակի մեջ։
Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և վերակառուցման նախարարին կից Արդյունաբերության նախարար-պատվիրակ՝ Անյես Պանյե-Ռյունաշեն, զինվորականների դիմումն անվանել է «քաղաքական»: «Այն, որ զինվորականները կամ այսպես կոչված զինվորականները դիմում են այսպիսի ծայրահեղ աջակողմյան եզրույթների, նման է քաղաքական գործիքավորման», - ասել է նա ֆրանսիական «Սուդ Ռադիո»-ի եթերում։
Ապրիլին 21-ին Valeurs actuelles-ը հրապարակել էր ֆրանսիացի 20 պաշտոնաթող գեներալների նամակը, որում նրանք նախագահ Էմանուել Մակրոնին կոչ էին անում «պաշտպանել հայրենասիրությունը»: Նրանք նշել էին, որ Ֆրանսիային սպառնում է կազմալուծում։ «Իսլամիստները երկրի տարբեր մասերում հաստատում են իրենց կարգերը, և, ըստ էության, արդեն սկսվել է ռասայական պատերազմ»:
Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին այս կոչն անպատասխանատու էր համարել, իսկ Զինված ուժերի շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրն ասել էր, որ ստորագրողները կկանգնեն ռազմական խորհրդի առջև ու կարող են հեռացվել ծառայությունից: