Այլ

Սա՞ է նրանց համարձակությունը․ Ֆրանսիայի ՆԳ նախարարը՝ զինվորականներին

Սա՞ է նրանց համարձակությունը․ Ֆրանսիայի ՆԳ նախարարը՝ զինվորականներին

Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը «համարձակ» չի համարել գործողություններն այն զինվորականների, ովքեր իրենց աջակցութուն են հայտնել պաշտոնաթող գեներալներին, ովքեր «երկրի փլուզման» վտանգի մասին նամակ էին հղել ապրիլի 21-ին: 

Դարմանենը մեկնաբանել է ֆրանսիական «Valeurs actuelles» («Ընթացիկ արժեքներ») պարբերականում հրապարակված նամակը, որը տեքստի տակ ստորագրել է ավելի քան 130 հազար մարդ:

«Խոսքն անանուն անձանց մասին է: Սա՞ է նրանց համարձակությունը, անանունությո՞ւնը: Երբ ուզում եք քաղաքականությամբ զբաղվել, ձեր թեկնածությունը ներկայացնում եք ընտրություններին: Երբ ես դժգոհ էի կատարվողից, ես գնացի ընտրությունների: Եվ ժողովրդավարական երկրում ընտրությունը ժողովրդի ձեռքում է, ոչ թե մի քանի զինվորականների [...] Որքան ծիծաղելի է այս «քաջ» հանրությունը, որը ձայն է տալիս անանուններին», - ասել է Դարմանենը «ԲՖՄ» հեռուստաընկերության եթերում, գրել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Մայիսի 9-ին Valeurs actuelles-ում հրապարակված նամակի մեջ անանուն մնացած զինվորականները դիմել էին իշխանություններին ու մեղադրել «սեփական հողում իսլամիզմին զիջելու մեջ»։ «Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում, և դուք դա հիանալի գիտեք», - նշված է նամակի մեջ։

Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և վերակառուցման նախարարին կից Արդյունաբերության նախարար-պատվիրակ՝ Անյես Պանյե-Ռյունաշեն, զինվորականների դիմումն անվանել է «քաղաքական»: «Այն, որ զինվորականները կամ այսպես կոչված զինվորականները դիմում են այսպիսի ծայրահեղ աջակողմյան եզրույթների, նման է քաղաքական գործիքավորման», - ասել է նա ֆրանսիական «Սուդ Ռադիո»-ի եթերում։

Ապրիլին 21-ին Valeurs actuelles-ը հրապարակել էր ֆրանսիացի 20 պաշտոնաթող գեներալների նամակը, որում նրանք նախագահ Էմանուել Մակրոնին կոչ էին անում «պաշտպանել հայրենասիրությունը»: Նրանք նշել էին, որ Ֆրանսիային սպառնում է կազմալուծում։ «Իսլամիստները երկրի տարբեր մասերում հաստատում են իրենց կարգերը, և, ըստ էության, արդեն սկսվել է ռասայական պատերազմ»:

Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին այս կոչն անպատասխանատու էր համարել, իսկ Զինված ուժերի շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրն ասել էր, որ ստորագրողները կկանգնեն ռազմական խորհրդի առջև ու կարող են հեռացվել ծառայությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image