2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանին մամուլն իրազեկում էր, որ ատելության խոսք է գեներացնում, հայհոյանք է տարածում, ասում էր՝ ժողովուրդն է հայհոյում, ես ի՞նչ կարող եմ անել։ Նա եկած օրվանից առ այսօր թաքնվել է ժողովրդի փեշերի տակ ու այն, ինչ կատարվել ու կատարվում է, գցել ու գցում է ժողովրդի վրա։ Ութ տարի շարունակ գեներացնելով ատելության խոսքը, պառակտելով հանրությանը, փառավորվել է նրա հոգին։ Բայց այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Ատելության խոսքը հանրայնացնող ՔՊ իշխանությունը ընտրություններին ընդառաջ որոշել է չհայհոյել։ Նման ղեկավար տեսած կա՞ք, երբ ֆեյսբուք սոցիալական ցանցն անգամ նրա էջը արգելափակի՝ ատելության խոսք տարածելու համար։ Ի՞նչ մեղու կծեց նրան, որ որոշեց՝ չհայհոյել։ Ակնհայտ է՝ ընտրություններից առաջ աղավնու թևերով փետրավորվելը, բայց այստեղ կա մի ավելի կարևոր հանգամանք։ Այսօր իր ցանած սերմերը բերք են տվել, և նա պետք է ուտի լեղու պես դառը այդ պտուղները։ Այսօր հանրության ատելության խոսքը ուղղված է իրեն։
Հայհոյանքը, որը մի ժամանակ փրփուրի պես ցփնում էր իր շրջակայքում, նրա դեմքին են շպրտում։ Ու նա որոշել է «դադարեցնել հայհոյանքը»՝ մտածելով, որ եթե ինքը չհայհոյի, իրեն էլ չեն հայհոյի։ Բայց հայոց այգին ծփում է իր իսկ տարածած հայհոյանքով, ատելության խոսքով։ Գաղտնիք չէ, որ ինքը ջուրն էլ է միացնում, իրեն հայհոյում են։ Բայց վախ կա նրա մեջ, որ ինքը չհայհոյի, իրեն թույլ կհամարեն։ Այսինքն նա ընդունում է, որ ութ տարի երկիրը պահել է հայհոյանքի ու ատելության մեջ ու հիմա վախենում է, որ կառավարման այդ լծակը հանելով, երկիրը կարող է անկառավարելի դառնալ։ Տեղից վեր կենողը իրեն կհայհոյի։ Նման պարագայում նրան պետք հիշեցնել՝ ժողովուրդն է հայհոյում, մենք ի՞նչ կարող ենք անել։ Երբ իրե՛ն են հայհոյում, որոշել է թարգել՝ մտածելով, որ կհետևեն իրեն և «էժան կպրծնի» ընտրությունների ժամանակ։ Հայոց արտերում ցանած բերքդ է, վայելի՜ր․․․ Մյուս կողմից էլ հանրությունը նրա ոչ մի խոսքին չի հավատում և մտածում է՝ ինչքան «խմողը» արաղը կթարգի, այնքան էլ դու հայհոյելը կթարգես ․․․ Խմող բառը մեղմ բառն է ընտրված։ Այն պետք է ընկալել խրոնիկ խմող կամ իրական իմաստով, որին բոլորդ ծանոթ եք։ Էթիկայի նորմերը լրագրողները Փաշինյանի ասելուց չէ, միշտ էլ պահել են։