Հասարակություն

Ինչո՞ւ այսպես պատահեց

Ինչո՞ւ այսպես պատահեց

Արցախյան աղետին դեմ-հանդիման, առաջին հարցը, որ առաջանում է, հետեւյալն է՝ ինչո՞ւ այսպես պատահեց։ Գուցե ներքոշարադրյալ դատողություններս տեղին չհամարեք, սակայն ես կարծում եմ, որ արցախյան աղետի պատճառներից մեկը թերեւս այն էր, որ Հայաստանը խախտել էր փոքր պետությունների գոյության համար սահմանված չգրված կանոնները։ Փորձեմ բացատրել, թե ինչ նկատի ունեմ։

Այո, Հայաստանը կարողացավ 1994 թվականին հաղթել արցախյան գոյամարտում։ Սակայն աշխարհաքաղաքական տեսակետից եթե նայենք, Հայաստանը շարունակում էր մնալ փոքր պետություն եւ, հետեւաբար, եթե ցանկանում էր պահպանել իր հաղթանակներն ու նաեւ այսօր՝ կշեռքի նժարին հայտնված պետականությունը, պետք է հետեւեր փոքր պետությունների գոյության համար նախատեսված այն չգրված կանոններին, որոնք մշակվել են դեռ հրեաների համար։

Այդ կանոնները չափազանց պարզ են, եւ կարելի է դրանք նաեւ սահմանել թեզիսների տեսքով․
• Հասարակության ամբողջական մոբիլիզացիա
• Տնտեսական աճի վրա կենտրոնացում
• Տնտեսության այնպիսի ճյուղերի որոնում, որտեղ կարելի է ավելի շատ գումար աշխատել՝ սահմանափակ պայմաններում Հայաստանի դեպքում դա լոգիստիկ կիսաբլոկադացված վիճակն էր։
• Սփյուռքի ուժերի կենտրոնացում պետության զարգացման վրա
• Ժողովրդագրական աճի ապահովմանը միտված քաղաքականության իրականացում, այդ թվում՝ նաեւ սփյուռքից հայրենադարձության միջոցով
• Բանակի տեխնոլոգիական զարգացում, հակառակորդի զսպման համար սպառազինությունների ապահովում, ընդհուպ մինչեւ միջուկային զինանոց
• Ավտանգության երաշխավոր մեծ գերտերությանն անվերապահ եւ ամբողջական հավատարմություն
• Անվտանգության պահուստային տարբերակների կուռ համակարգ։

Գործնականում սրանք այն սկզբունքներն են, որոնց հետեւում է Իսրայել պետությունը, եւ որոնց շնորհիվ է նա դարձել այն պետությունը, որն այսօր կա։ Հայաստանը, ըստ ամենայնի, այս սկզբունքներից եւ ոչ մեկը պահել չկարողացավ։ Փոխանակ կայուն եւ զարգացող տնտեսական համակարգ կառուցելու, Հայաստանը կարողացավ կառուցել մի այնպիսի տնտեսական համակարգ, որը կարելի է բնորոշել «օլիգարխատ» տերմինով։ Հայաստանը, բացի բարձրագոչ հայտարարություններից, այդպես էլ չկարողացավ  հաղթահարել կոռուպցիան, հովանավորչությունը, իշխանության հղփացածությունը, որի պատճառով սփյուռքի շատ ներկայացուցիչներ հիասթափվեցին եւ չունեցան ցանկություն՝ մեծածավալ ներդրումներ կատարելու հայկական տնտեսության մեջ։

Եվ վերջապես՝ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Իսրայելը փչացնի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Սակայն Հայաստանը զարմանալի «ջանասիրությամբ» կարողացավ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյունքում եղավ այն, ինչ հիմա ունենք։ Այս պայմաններում անիմաստ է սեփական մեղքը գիտակցելու փոխարեն Հայաստանի գործող իշխանությունների կողմից նորից «բոլորը մեղավոր են տեղի ունեցած աղետում, բացի մեզնից» թեզը քարոզելը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image