Հասարակություն

Դատարանից ունենք զրոյական սպասելիքներ

Դատարանից ունենք զրոյական սպասելիքներ

Հոկտեմբերի 9-ին կայացավ Արմեն Աշոտյանի և մյուսների քրեական գործով առաջին դատական նիստը, որը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։ Դոլմազյանը, հիշեցնենք, հակակոռուպցիոն դատարանի դատավոր է դարձել 2022 թ. օգոստոսին, դրանից առաջ նա դատախազ էր` եղել է Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազը դատաքննության փուլում։ Նա է քննում նաեւ Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործը: 

Դատարանի դահլիճում նիստին ներկա էին գործով մեղադրյալներ Արմեն Աշոտյանը, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, համալսարանի ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանը, համալսարանի հաշվապահ Լարսա Պարսեղյանը, իսկ գործով մյուս մեղադրյալ Ռոլան Դավթյանը չէր ներկայացել նիստին, քանի որ նրա պաշտպանը այլ դատական գործով նիստի էր, հետևաբար ինքն էլ չէր եկել, սակայն դատարանը որոշեց մեղադրյալներից մեկի բացակայության պայմաններում շարունակել նիստը։ 

Նիստի ընթացքում Միքայել Նարիմանյանի պաշտպանը միջնորդությամբ հանդես եկավ, որի բովանդակությունը հետևյալն էր․ Միքայել Նարիմանյանը չի եղել պետական պաշտոնյա, ուստի նրան առաջադրված մեղադրանքը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, նրան վերաբերելի չէ։

Մեզ հետ զրույցում Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատաքննության ընթացքում իրենք նաև դիրքորոշում կհայտնեն, որ չարաշահում առկա չէ ընդհանրապես․ «Մենք ասում ենք, որ այդտեղ առհասարակ լիազորության չարաշահում չկա, ավելի լայն ենք ասում, որ գոյություն չունի, դրա համար այդ հատուկ սուբյեկտի և այլ հարցերին չենք անդրադառնում այս պահին։ Դատաքննության ընթացքում դա ավելի լայն կներկայացնենք։ Պաշտպան Սիմոն Հարությունյանն է միջնորդել և մենք, իհարկե, միացել ենք միջնորդությանը և սատարել ենք»։

Պաշտպանին հարցրինք նաև, արդյո՞ք այդ նույն պնդումը չի վերաբերում նաև Աշոտյանին, քանի որ նա այդ ժամանակ եղել է հոգաբարձուների խորհրդի նախագահ ընդամենը․

«Աշոտյանը, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, լիազորված է հրավիրել և վարել այդ նիստերը, այսինքն, որևէ իշխանական լիազորություն չկա, բացի դա նաև Սիմոն Հարությունյանը նշում է, որ հիմնադրամը (Բժշկական համալսարանը Կ․ Ս․) չի համարվում պետական մարմին կամ դրա կազմակերպությունը, և ճիշտ էր ասում, այսինքն՝ այստեղ արմատապես առհասարակ չի կարող գոյություն ունենալ որևէ պաշտոնատար անձ, իսկ եթե ռեկտորը կամ պրոռեկտորն են ինչ-որ չարաշահում անում, դրա համար կա առանձին հոդված՝ 2014 հոդվածը, որը կոչվում էր առևտրային կամ այլ կազմակերպության պաշտոնատար անձի կողմից ինչ-ինչ արարք անելը, բայց այդ 2014 հոդվածի վաղեմության ժամկետն է անցել, դրա համար ավելի ծանրացնելու, ինչ-որ կոռուպցիոն շղարշ ստեղծելու համար 308-րդ հոդվածն են բերել»,- ասաց Աթանեսյանը՝ նաև նշելով, որ եթե այդ դիրքորոշումը դատարանը հաստատի, ապա որոշ հոդվածներով հետապնդումը կարող է կարճվել: Սակայն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պաշտպանական կողմը դատարանից՝ Աթանեսյանը պատասխանեց՝ «զրոյական»։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image