Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում կատարվել է 1985թ․ փետրվարից մինչեւ 1987թ․ հոկտեմբեր․ 3 հանձնաժողով է աշխատել

Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում կատարվել է 1985թ․ փետրվարից մինչեւ 1987թ․ հոկտեմբեր․ 3 հանձնաժողով է աշխատել

«Հրապարակ»-ի զրուցակիցն է գնդապետ Պայքար Ղալումյանը։ Նա 1980-ականներին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի Ներքին գործերի բաժնի պետը, 1989թ․-ի դեկտեմբերից ՆԳՆ-ի հասարակական կարգի պահպանության բաժնի պետը, 1990թ․-ի հունվարից ղեկավարել է Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան։ «1993թ․ սեպտեմբերի 6-ին մարդասպան եւ պետական հանցագործ Վանո Սիրադեղյանը աշխատանքից ազատել է ինձ»,-իր կենսագրականը ներկայացնելիս ասաց Ղալումյանը։

-Դուք Տավուշից եք, ինչպե՞ս եք վերաբերվում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, նրա գործն արդա՞ր է։ 

-Տավուշի մարզի սրբազանի հետ ծանոթացել եմ մի 3 ամիս առաջ՝ հոգեհանգստի արարողության ժամանակ։ Բագրատ զրբազանն ազնվագույն անձնավորություն է։ Շատերն են ինձ ասել՝ ընտանիքիդ անդամներին գուցե նեղացնեն, որ այսքան բացեիբաց խոսում ես սրբազանի մասին, բայց ես մեկ անգամ էլ եմ ասում՝ իմ ընտանիքը մատաղ լինի այս ազգին, ես ճշմարտությունն եմ ասում՝ Բագրատ սրբազանն ազնվագույն, հայրենասեր մարդ է, նրա գործն արդար է։ Նիկոլ Փաշինյանի պապերն իմ գյուղից են, ցավով եմ խոսում, որովհետեւ քոլեցի տղան պետք է կարողանար ճիշտ ղեկավարել, որ այսքան բան տեղի չունենար։ 

-Տավուշեցիները Բագրատ սրբազանի հետեւից կգնա՞ն, որպես առաջնորդի։ 

-Տավուշի մարզում շատ մարդիկ կան, որ կարող են առաջնորդ լինել, լավագույն ղեկավարները հանրապետության համար։ Բայց նրանցից որեւէ մեկը համարձակություն չի ունեցել ձայն բարձրացնի, սրբազանն է ձայն բարձրացրել։ Դարեր շարունակ, երբ մեր ազգը զրկված է եղել ինքնիշխանությունից, պետականություն չի ունեցել, գոյատեւել է եկեղեցու շնորհիվ։ Բագրատ սրբազանի նման մարդիկ պիտի շատ լինեն, նրան նմանների շնորհիվ է ազգը պահպանվել։ Այդ մարդը մեր ազգին պետք է օդի նման։ 

-Դուք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի եւ նրա եղբայր՝ Տավուշի մարզպես Հայկ Ղալումյանի ազգականն եք, ինչպե՞ս եք վերաբերվում նրանց գործունեությանը։

-Էն օրն էլի են ինձ այդ հարցը տվել, ասել եմ՝ գյուղ կլինի՞, որ շուն չլինի։ Մեր ազգը մեծ ազգ է, մենք ունեցել ենք ցարի խորհրդական, Գանձակի գեներալ գուբերնատոր։ Փաշինյանի եւ Ղալումյանների քավոր սանիկական միությունը խեղդում է։ Ես գտնում եմ, որ նրանք սխալ են թույլ տալիս։ Ես այդ ընտանիքի մեծերի հետ շատ հարազատական կապի մեջ եմ, բայց այսօր այնպիսի սխալներ են թույլ տալիս, որ ասելու չէ։ Նույնը ասել եմ նաեւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի մասին, որի ծնողները ազնվագույն, մարդկային անձինք են։ Վահեի մայրն ուսուցչուհի է, հայրը կոմբինատի տնօրեն։ Մեծ հարգանքի տեր մարդիկ են։ Երեւի թե բարեկամությունն է ստիպում, որ քայլեն դրա հետ միասին։ Մարդ էլ կա մտածում է, որ Փաշինյանը ճիշտ է անում, չի զգում, որ սխալ է, երբ թուրքերը մտան Բաղանիս ու Ոսկեպար կրակելու են ու սպանեն։ 

-Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե Կիրանցի դպրոցականները չեն ուզում տեսնեն ադրբեջանցիներին, տեսադաշտը կփակենք ծառերով, ծառ կտնկենք։

-Նիկոլ Փաշինյանի համար պիտի ակնոց պատվիրենք, որ լավ նայի, լավ տեսնի՝ ծառերը չեն կարող փակել գնդակը։ 

-Պարոն Ղալումյան, Ձեր ազատագրած տարածքները հանձնվում են Ադրբեջանին, Փաշինյանն ասում է՝ ադրբեջանական են, ի՞նչ կասեք։

-Ես քայլել եմ Մեղրիից մինչեւ Նոյեմբերյան, բոլոր դիրքերի բլինդաժները կառուցվել են իմ նախագծով։ Գրությունների բոլոր պատճեններն ինձ մոտ են, դա իրականություն է։ Հանձնվող 4 գյուղերից ավելի խորք է դրված այդ բլինդաժները։ Ես չգիտեմ, թե ինչ քարտեզներով են սահմանը գծում, Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում եւ սահմանագծում կատարվել է 1985թ․-ի փետրվարից մինչեւ 1987թ․-ի հոկտեմբերը՝ Սովետական միության կառավարության որոշմամբ ստեղծված 3 հանձնաժողովների միջոցով։ Շուրջ 2 տարի 8 ամիս մետր-մետր սահմանազատում ու սահմանագծում են կատարել։ Նոյեմբերյանի տարածքում ես եւ ԱԱԾ պետը ժամ ու կես եղել ենք դեպքի վայրում ու տեսել ենք, թե ինչպես են սահմանը գծում։ Մենք հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը տարբեր տարիներին, տարբեր ճանապարհներով Ադրբեջանը տարել էր։ Այդ գյուղերը, որ հանձնում են, հայկական գյուղեր են, որը սովետական տարիներին, ինչպես Նախիջեւանը, Վարդաշենի շրջանը, Գանձակը, հայերից վերցրել՝ տվել են ադրբեջանցիներին, որովհետեւ նրանց իշխանավորները շատ ավելի ուժեղ են եղել, հարցը Մոսկվայում լուծել են։ Դրանք հայկական տարածքներ են։ 1988 թ․ հունվարի 12-ին ստորագրվել է արձանագրություն, որտեղ գրվել է, որ այսուհետեւ հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածում սահմանային վեճ առաջանալու դեպքում ղեկավարվել սույն արձանագրությամբ եւ կազմված քարտեզներով։ Այդ քարտեզները կան Մոսկվայի գլխավոր շտաբում, Հայաստանում եւ Ադրբեջանում։ Այդ հարցը հնչեցրել եմ մի քանի անգամ, ոչ ոք քարտեզները վեր չի հանում։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image