Միամտություն էր ակնկալել, որ Ադրբեջանի նախագահը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
Այս լույսի ներքո են ներկայացնում ադրբեջանական լրատվամիջոցները Ալիևի՝ Կարմիր հրապարակում կայանալիք տոնական միջոցառմանը չմասնակցելու փաստը:
Սա այն դեպքում, երբ Բաքուն հաճախ է հպարտանում, թե որքան ադրբեջանցիներ են մասնակցել հայրենական պատերազմին, ինչ «հերոսներ» են տվել և այլն և այլն:
Բայց Ալևի չմասնակցելու գործոնը, ըտս ամենայնի, այլ խորաշերտեր ունի և լուրջ մարտահրավեր է Կրեմլին, նույնիսկ ռազմավարական դաշնակցի դիրքերից:
Ադրբեջանական Minval-ն, օրինակ, գրում է, որ Բաքուն դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել Մոսկվայից՝ AZAL ինքնաթիռի ռուսական օդային միջանցքներում տեղի ունեցած վթարի վերաբերյալ։
«Ադրբեջանցիների կյանքը խլած ողբերգության պատասխանատվությունը երբեք չի պարզվել, և պատասխանատուները, որոնք լավ հայտնի են Մոսկվային, շարունակում են մնալ ազատության մեջ։
Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսների վրա վերջերս տեղի ունեցած կիբերհարձակումը, որը սկիզբ է առել Ռուսաստանի տարածքից և, փորձագետների կարծիքով, անմիջական կապ ուներ հետախուզական կառույցների հետ, միայն վատթարացրեց իրավիճակը։
Իսկ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովի Մոսկվայի օդանավակայանից նվաստացուցիչ արտաքսման պատմությունը միայն հաստատեց, որ ռուսական կողմը անցել է գործողությունների, որոնք Բաքուն համարում է ամբարտավանության և անհարգալից վերաբերմունքի դրսևորում»։
Այս պայմաններում, ըստ ադրբեջանական պարբերականի, Ադրբեջանը հստակեցնում է, որ «մեծ եղբոր» նկատմամբ հանդուրժողականության ժամանակներն ավարտվել են։
«Այսօր Բաքուն անկախ խաղացող է՝ ուժեղ դիրքերով և անկախ արտաքին քաղաքական կուրսով։ Եվ եթե Մոսկվան իսկապես հետաքրքրված է գոնե ֆորմալ գործընկերության պահպանմամբ, ապա պետք է հրաժարվի իր կայսերական նկրտումներից և սովորի Ադրբեջանի հետ խոսել փոխադարձ հարգանքի լեզվով»,-նշված է հոդվածում։
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի իշխանությունները փակեցին, այլ բառով ասած՝ վտարեցին Ռուսական տան գործունեությունը Բաքվում, այն կառույցի, որն աշխարհում համարվում է ռուսական իշխանությունների ազդեցության փափուկ ուժերից մեկը:
Իսկ ինչու՞ ենք զարմանում, որ Ալիևը հերթական անգամ Պուտինին «ատամներ է կրճտացնում». Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 2023-ի հայտնի հակահայկական ահաբեկչության ժամանակ ռուս խաղաղապահների չսպանեցի՞ն ադրբեջանցի զինվորականները: Եվ ի՞նչ եղավ:
Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի սերտացրին հարաբերությունները՝ այն հասցնելով ռազմավարական-դաշնակցային մակարդակի:
Թե՞ Մոսկվան ու Բաքուն «մուկն ու կատու են» խաղում, ինչպես միշտ: Բայց հիմա հարց է, ո՞րն է մուկը և ո՞րը՝ կատուն: Ամեն դեպքում «կատվի խաղը մկան մահն է»: Սպասենք ռուս-ադրբեջանական, կարծեմ, ոչ հեփիէնդին...