Մշակույթ

Խոսում են վերլուծական մտածողությունից ու պահանջում, որ դասագիրքն անգիր անենք

Խոսում են վերլուծական մտածողությունից ու պահանջում, որ դասագիրքն անգիր անենք

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորումը մեկնարկեց նոյեմբերի 9-ին եւ ավարտվեց նոյեմբերի 24-ին։ Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 6 հազար մանկավարժ, եւ այս տարի առաջին անգամ ատեստավորումն անցկացվեց էլեկտրոնային եղանակով: Սակայն էլեկտրոնային եղանակը որքան թեթեւացրեց, նույնքան էլ բարդացրեց ատեստավորումը՝ որոշ դեպքերում ստեղծելով խնդիրներ։ Լուսաբանելով կամավոր ատեստավորման ընթացքը՝ արդեն գրել ենք, որ մանկավարժների դժգոհությունները գրեթե համատարած բնույթ են կրում՝ բոլոր առարկաների մասով, եւ առնչվում են 2 հիմնական խնդիրների՝ թեստերի բովանդակությանը եւ մի շարք տեխնիկական հարցերի։

«Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվել են «Պատմություն» առարկայից՝ նոյեմբերի 23-ին։

Սոցիալական տարբեր խմբերում, մասնագիտական քննարկումներում արձանագրեցինք, որ մեծ դժգոհություն է եղել նաեւ այս առարկայից։ «Հարգելի պատմության թեստ կազմող, կարծում եմ՝ կկարդաս գրածս, այսօր լիքը ուսուցիչ եւս մեկ անգամ հասկացավ, որ գիտնականներ է դպրոցում պատրաստում, եւ դպրոցն իր տեղը չէ, քանի որ գիտական կոչում չունի, որ կարողանար թեստը հաղթահարեր»,- դժգոհություն էր հայտնել անանուն մի օգտատեր։
Մեկ ուրիշն էլ հանդիմանել էր, որ ուսուցիչները, դժգոհելով հանդերձ, շարունակում են մասնակցել այս գործընթացին․ «Իսկ ինչո՞ւ եք մասնակցում, որ առարկայակա՞ն հասկանաք նսեմացումը, բոյկոտեք, միակ առարկան է, որ ամենաբարդն է կազմված: Դեռ դա էլ քիչ է, հայոց եւ համաշխարհային պատմությունները միասին են, այն դեպքում, երբ դրանք առանձին բնագավառներ են»:  

«Էդքան բարդ չէր, ինչքան՝ խճճող, չի կարելի էդքան ուսուցչին չարչարել ու նման սթրեսի ենթարկել: Պատրաստ եմ դիմում գրել եւ դուրս գալ, բայց նորից սրա միջով չեմ անցնի»,- նկատել էր մեկ այլ ուսուցիչ։
«Հետաքրքիր է, դպրոցի աշխատողը, որը վստահ է եղել, որ բավարար գիտելիքներ ունի եւ կանցնի, դպրոցից դուրս է մնում, իսկ ով չի էլ փորձում, ստացվում է՝ ավելի՞ խելացի է։ Եվ փոխարենը կբերեն չատեստավորված ինչ-որ մեկին, որը սպասում էր հիմնական աշխատողի ձախողմա՞նը»։

Մանկավարժներից մեկն անդրադարձել էր թեստերի բարդությանը։ «Ես նորից վերանայեցի, կային հարցեր, որոնք չպիտի ընդգրկված լինեին։ Զզվելի է արդեն, վստահ ասում եմ՝ նախորդ տարվա թեստն ավելի հաջող էր կազմված, ինձ մոտ էնպիսի տպավորություն էր, ասես տնտեսագիտության քննություն լիներ։ Թեստի հարցերը շատ խճճված էին, կային նաեւ ձեւակերպումների սխալներ, ինչպես, օրինակ, Շառլ դը Գոլը Ֆրանսիան դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից. պետք է լինի ՆԱՏՕ-ի ռազմական կառույցից, քանի որ այն ռազմաքաղաքական կառույց է»,- նշել էր ատեստավորված ուսուցիչներից մեկն ու նկատել, որ ժամանակագրական դասավորություն պահանջող հարցերից մեկում եւս թերություն կար՝ կապված Չինաստանում տեղի ունեցած երկու քաղաքացիական պատերազմների հետ։

«Ուսուցիչներ կան, որ մտածում են՝ եթե հաղթահարել են, ուրեմն պատմության հարցերն այնքան էլ դժվար չէին: Այս տարի ես մասնակցել եմ ու 80 տոկոս եւ ավելի արդյունք ամրագրել: Բայց բառերի կույտն այնքան շատ էր, որ խճճվում էի: Հետեւաբար, մտածում եմ, որ հաջորդ անգամ «Հասարակագիտություն» առարկան կընտրեմ»:

Մանկավարժներից մեկի այն դիտարկմանը, որ եղել են ուսուցիչներ, որոնք լավ պատրաստված են եղել եւ բարձր արդյունքներ են արձանագրել, ատեստավորումից կտրված մի մասնակից նկատել էր․ «Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պատրաստված չենք եղել, դա պատրաստվածության խնդիր չէ, եթե բոլորն են դժգոհում։ Կրկնուսույցների համար գուցե հեշտ է եղել, բայց դա՝ միայն անգիրի հաշվին։ Խոսում են վերլուծական մտածողությունից, բայց պահանջում են, որ դասագիրքը համարենք անհերքելի ճշմարտություն եւ մեխանիկորեն անգիր անենք»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image