Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց խաղաղ հավաքի մասնակիցների վրա լուսաձայնային 2 տասնյակից ավելի նռնակ նետելու ոստիկանության գործողությունը, որը, մասնագետների պնդմամբ, ապօրինի էր, շարունակում է անպատիժ մնալ: Պարզվում է, որ իսկապես ոստիկանությունն այդ օրը արգելված միջոց է կիրառել։
100-ից ավելի խաղաղ ցուցարար է տուժել ոստիկանական վայրագություններից, որոնց քաղաքական հրահանգը փաստացի Նիկոլ Փաշինյանն է տվել՝ ազատելով ոստիկանության ձեռքերը անհամաչափ գործողության համար։ Դեռ այն օրերին մասնագետները խոսում էին, որ ոստիկանությունն արգելված միջոց է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ 2 տեսակի հատուկ միջոց էին կիրառել` ռուսական արտադրության «Զարյա 2» եւ «Զարյա 3» լուսաձայնային նռնակներ։ «Ֆոտոլուր»-ի տեսախցիկն էր ֆիքսել «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակը՝ արձակված վիճակում, եւ դա պաշտոնապես չի հերքվել: Մինչդեռ փաստ է, որ այդ տեսակի լուսաձայնային նռնակը հունիսի 12-ի դրությամբ ներառված չի եղել «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» առողջապահության նախարարի N09-Ն հրամանում։
Այնտեղ հունիսի 12-ի դրությամբ խոսք է գնում միայն «Զարյա» եւ «Զարյա 2» տեսակի հատուկ միջոցների մասին։ Պարզվում է, որ արգելված հատուկ միջոցը կիրառելուց 16 օր անց՝ հունիսի 26-ին, Անահիտ Ավանեսյանը փոփոխություն` լրացում է կատարել 2012թ․ ապրիլի 12-ին ընդունված այդ հրամանում։ «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» թիվ 09-Ն հրամանի հավելվածում նոր՝ 4.1-ին կետ է ավելացվել, որով «Զարյա 3»-ի կիրառումը ներառվել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։ Հունիսի 12-ի դրությամբ ուժի մեջ գտնված հրամանը՝ Անահիտ Ավանեսյանի ստորագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ է լրացվել եւ փոփ1)․
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ․
«4․1. Ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա 3»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են․ քաշը՝ 0,180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը՝ միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետ․
«5․1. Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «ՌԳԿ-60 ՍԶ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են․ քաշը՝ 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը՝ միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը՝ 10 մետր հեռավորության վրա` 135 դեցիբելից ոչ ավելի»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետ․
«17.1. Աերոզոլային փոշեցրիչ «Սաբր ռեդ 920060-Ս, ՄԿ-9, Ֆօգգեր սփրեյ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են․ ազդեցության միջակայքը՝ 5 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը՝ 12 վայրկյանից ոչ ավելի»,
4) 22-րդ կետում «ԱԲԱ-40-ի» բառերը փոխարինել «ԱԲԱ-40, Սինոտրուկ Հօվօ-ի» բառերով։
Ավանեսյանի հրամանն ուժի մեջ է մտել հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 27-ին։ Այս խայտառակ փոփոխությունը փաստում է, որ ոստիկանությունն արգելված միջոց է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, եւ Անահիտ Ավանեսյանը` հետին թվով, ըստ էության, փորձել է արդարացնել այդ միջոցի կիրառումը, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ ու սեփական իշխանության պահպանման համար պատրաստ է ամեն ինչի։
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ ««Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը։
