Այլ

Հարված «թիկունքից»՝ Իրանի դեմ ավիահարվածներից հետո. Թրամփը երես է թեքում

Հարված «թիկունքից»՝ Իրանի դեմ ավիահարվածներից հետո. Թրամփը երես է թեքում

Վերջին ժամերին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում երկու սերտ դաշնակիցների՝ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջեւ. ընդամենը հաշված օրեր առաջ այս երկրները զուգահեռ, իսկ ավելի ստույգ՝ փոխհամակարգված ու համատեղ ռազմարշավ էին իրականացնում Իրանի դեմ: Բայց… ԱՄՆ-ն այլեւս չի օգնի Իսրայելին կամ չի օգտագործի իր զինվորականներին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP)-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։

«Թրամփը զանգահարել է Նեթանյահուին եւ ասել, որ ԱՄՆ-ն այլեւս չի օգտագործի իր զինված ուժերը՝ Իսրայելին Իրանի դեմ պատերազմում օգնելու համար»,- ասվում է հոդվածում։ Լրագրողների խոսքով՝ Թրամփը հրաժարվել է Նեթանյահուին հետագա օգնություն տրամադրել։ ԱՄՆ-ի դաշնակից եւ Թրամփի վարչակազմի անվերապահ ու մեծ աջակցությունը վայելող Իսրայելի ղեկավարությունը շփոթված եւ տարակուսած է Սպիտակ տան ղեկավարի կողմից իսրայելական եւ իրանական կողմերին ուղղված կոշտ քննադատությունից՝ երկրների միջեւ հրադադարի խախտման մասին հաղորդագրությունների ֆոնին, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Իսրայելը շատ զարմացած էր, երբ Թրամփը դա այդքան հրապարակայնորեն արեց։  Իսրայելը պարզապես լավ նոտայով ավարտեց պատերազմը, իսկ հետո՝ այս փոքրիկ խոչընդոտը»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։ Նրա խոսքով՝ Թրամփը նաեւ անձամբ կապ է հաստատել իսրայելական կողմի հետ՝ Իրանին հարված հասցնելը կանխելու համար։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ անձամբ խոսել էր այս մասին։ Չնայած հրադադարը խախտող կողմերի փոխադարձ մեղադրանքներին, Իսրայելի իշխանությունները կարծում են, որ հրադադարը կպահպանվի՝ գրում է NBC News-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ի գիշերը Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ ԱՄՆ նախագահի գրառումներից մեկում նշվում էր, որ Իրանն առաջինը կպահպանի հրադադարը, եւ որ Իսրայելը կմիանա հրադադարի համաձայնագրին 12 ժամվա ընթացքում։ Առավոտյան Թրամփը հայտարարեց, որ հրադադարը սկսել է գործել։ Շուտով Իսրայելը հայտարարեց իր տարածքի վրա իրանական հրթիռների արձակման մասին։ Իրանը հերքեց Իսրայելի վրա հարվածը։ Հրթիռի արձակմանն ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայեց ուժային արձագանք տալ հարձակմանը՝ հարված հասցնել Թեհրանում գտնվող թիրախներին։

Իր հերթին, Թրամփը Truth սոցիալական ցանցում կոչ արեց Իսրայելին՝ «ռումբեր չնետել», ինչը հրադադարի «լուրջ խախտում» կլիներ։ Մոտ 40 րոպե անց նա հրապարակեց մեկ այլ հաղորդագրություն, որում ասվում էր, որ Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա, եւ որ բոլոր ինքնաթիռները կշրջվեն եւ կվերադառնան բազա։ «Մենք ունենք երկու երկիր, որոնք այնքան երկար ու դաժան են պայքարում, որ նույնիսկ, գրողը տանի, չգիտեն, թե ինչ են անում»,- լրագրողներին ասել էր Թրամփը։

Ամերիկա-իսրայելական էսթեբլիշմենթի միջեւ բորբոքվող կրքերի վրա նոր «յուղ է լցրել» MAGA շարժման ճարտարապետ եւ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Բեննոնը: Իր Bannon’s WarRoom փոդքասթում նա խստորեն քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան մեղադրելով դավաճանության եւ Դոնալդ Թրամփին խաբելու մեջ։ «Բիբին ստեց Թրամփի դեմքին»,- ասել է Բեննոնը փոդքասթում։ Ըստ Բեննոնի՝ իր զայրույթը կապված չէ Իրանի հետ հրադադարի հայտարարումից հետո Իսրայելի ռազմական գործողությունների հետ, այլ այն բանի, թե ինչպես են այդ գործողությունները քննարկվել Թրամփի եւ Նեթանյահուի հեռախոսազրույցի ընթացքում։ Հանրապետական առաջնորդի նախկին խորհրդականը պնդել է, որ Նեթանյահուն, խոստանալով պահպանել կարճաժամկետ հրադադարը, խախտել է իր խոսքը եւ թույլ է տվել իր ռազմաօդային ուժերին՝ մի շարք հզոր հարվածներ հասցնել իրանական մի շարք թիրախների։ Ավելին, սա տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ԱՄՆ նախագահը հրապարակային ջանքեր էր գործադրում՝ լարվածությունը զսպելու համար: Սպիտակ տան վարչակազմը սա ընկալեց որպես նվաստացում։

«Սա մաքուր դավաճանություն էր, մի՛ սխալվեք»,- հայտարարել է Բեննոնը՝ Իսրայելի վարչապետին մեղադրելով ռազմական եւ քաղաքական ճակատներում ցինիկ խաղ ցուցադրելու մեջ։ Թրամփն անուղղակիորեն աջակցեց Բեննոնի վրդովմունքին, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ դժգոհություն արտահայտեց ոչ միայն Իրանի, այլեւ՝ հազվադեպ հանդիպող երեւույթ, հիասթափություն Իսրայելի նկատմամբ՝ ասելով, որ «երկու կողմերն էլ այլեւս չգիտեն, թե ինչ են անում»։ Իսրայելի վարչապետի վրա Բեննոնի «հարձակումը» չի կարող դիտվել որպես պարզապես զգացմունքների ինքնաբուխ պոռթկում: Նա մնում է Միացյալ Նահանգների ծայրահեղ աջ թեւի հիմնական գաղափարախոսներից մեկը եւ անմիջականորեն ազդում է Թրամփի քաղաքական բազայի վրա: Հետեւաբար, Նեթանյահուի նկատմամբ նրա զայրույթն ու վիրավորանքները ոչ միայն անձնական արձագանք են, այլեւ ազդանշան բոլոր նրանց համար, ովքեր մաս են կազմում ուղղափառ MAGA շրջանակին:

Ըստ այդմ, հրեական կառավարության ղեկավարն այլեւս չի կարող համարվել Հանրապետական կուսակցության աջ թեւի անվերապահ դաշնակից: Նեթանյահուն դեռեւս չի մեկնաբանել Բեննոնի խոսքերը։ Սակայն այս դեպքում լռությունը ոչ այնքան Բիբիի (Բենիամին Նեթանյահուի փաղաքշական անունն է`խմբ.) ռազմավարությունն է, որքան ռիսկի դիմելու անկամությունը։ Ի վերջո, եթե Սպիտակ տան եւ Իսրայելի միջեւ եղած անջրպետը խորանա, դա կարող է թուլացնել «Լիկուդ» կուսակցության եւ դրա մշտական առաջնորդ Բենիամին Նեթանյահուի դիրքերը Իսրայելում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք կարող են տեղի ունենալ արդեն այս ձմռանը։

Ի դեպ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն օրերս նույնպես սուր քննադատության է ենթարկել Իսրայելի ղեկավարությանը եւ անձամբ վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան մեղադրելով Իրանի հետ պատերազմի սպառնալիքը որպես իշխանությունը պահպանելու գործիք օգտագործելու մեջ: Քլինթոնի խոսքով՝ Նեթանյահուն վաղուց է պատերազմ փնտրում՝ «հավերժ իշխանության մնալու համար»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image