Առողջապահական կազմակերպիչները չեն թաքցնում՝ Հայաստանում առկա մահաբեր «Դելտա» շտամն աշնանը նոր բռնկման առիթ կարող է դառնալ։ Կորոնավիրուսի տարածման առաջին փուլում խիստ լավատես գտնված բժիշկ Հայկ Մանասյանը, օրինակ, իր վերջին «լայվերը» նվիրել է նրան, որ առողջապահական կազմակերպիչների «բանկա-բութուլկաներին» զգուշացնում է՝ դադարեցնել համատարած «ափր-ցփր» պատվաստումը եւ մահացու ելքերը կանխելու համար կենտրոնանալ տարեցների ու քրոնիկ հիվանդների վրա, որովհետեւ, եթե այս խմբերից դուրս անձինք հիվանդանան, հետեւանքները ողբերգական չեն լինի։ Նաեւ դիմում է բոլոր տարեցներին եւ ուղեկցող հիվանդություններ ունեցողներին՝ «սուսուփուս գնացեք պատվաստվեք»։
Իսկ «տարեցներ» կամ «մահացող կոնտինգենտ» ասելով՝ նկատի ունի 50-ից բարձր բոլոր անձանց եւ նրանց, ովքեր ունեն սրտանոթային եւ այլ հիվանդություններ։ Մանասյանն ավելացնում է, որ, այո, պատվաստանյութերը կարող են կողմնակի էֆեկտ ունենալ, չնայած Հայաստանի առողջապահական կազմակերպիչներն ասում են՝ պրոբլեմ չկա։ Բայց դեմ է դպրոցներում ուսուցիչների պատվաստման պարտադրանքին, քանի որ դպրոցներում ծիծաղելի է իմունային բարիերի ձեւավորման մասին խոսելը․ հիմնական մասը երեխաներ են, որոնց, ինչպես հայտնի է, չեն պատվաստում։
Իմունոլոգ Արմեն Օհանյանը եւս կողմ է գրագետ պատվաստումներին, նա ուսուցիչներին պատվաստելու պարտադրանքի հետ կապված ասում է․ «Ուսուցիչներին պատվաստելու միակ նպատակը նրանց պաշտպանելն է, ոչ թե վարակի տարածումը կանխելը։ Բնական է՝ դասարանում 20-30 աշակերտ է, մի ուսուցիչ, անիմաստ է սպասել, որ այդ փոխհարաբերությամբ ուսուցչի պատվաստումը դպրոցում վարակի տարածում կանխի։ Ու եթե հարցնում եք՝ դպրոցը տեղ է, որտեղ հնարավոր է ազդեցություն ունենալ, կոպիտ ասած՝ ստիպել։ Ընդամենն այն է, որ իրենց ռեսուրսն օգտագործում են։ Ուսուցիչներն այն տարիքային խմբում են, որ նրանք, միանշանակ, պետք է պատվաստվեն, բայց ոչ այն ուսուցիչը, որը 10 օր առաջ է ապաքինվել կամ 20 տարեկան է»։ Քանի որ Արմեն Օհանյանն ամբուլատոր պայմաններւմ քովիդ բուժող բժիշկ է, հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ պատվաստվողները դարձյալ վարակվում են։
«Պատվաստվողների շրջանում վարակման դեպքեր, իհարկե, կան, քիչ չեն, բայց չի նշանակում, որ ով գնաց պատվաստվեց, հիմա էլ դա կապեն վարակվելու հետ»։ Պատվաստմանը դեմ խոսող շատ բժիշկներ նշում են, որ պատվաստումները բոլոր տեսակի թաքնված, այդ թվում՝ օնկոլոգիական, հիվանդությունների ի հայտ գալու համար խթան կարող են հանդիսանալ։
Զրուցեցինք պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանի հետ։ «Նման գիտական բան երբեք հայտնի չի եղել (չեմ հանդիպել, որ պատվաստանյութը դառնա ուռուցքային հիվանդությունների խթանիչ)։ Բժշկության մեջ այնպես է, որ մինչեւ տակը փաստ չլինի, ասելը հավասար է գուշակության։ Իսկ նման փաստ ես երբեք չեմ լսել։ Ավելին՝ միջազգային ռեկոմենդացիաներն այնպես են, որ մարդիկ պատվաստվեն ու թեթեւ տանեն։ Այո, խոսքը նաեւ լեյկոզների մասին է։ Մեծահասակների մասին է, մանկականների մասին չեմ խոսում, որովհետեւ երեխաների մասին էս պահին դեռ խոսակցություն չկա»։
Կորոնավիրուսի համավարակը, բացի բոլոր երկրների առողջապահական համակարգերի թերություններից, վերհանեց նաեւ մարդու իրավունքների խնդիրներ եւ, իհարկե, պարտադրեց ընտրություն կատարել քաղաքակրթական արժեհամակարգերի միջեւ։ Անգամ բժիշկները փաստում են, որ մարդու իրավունքներն ավելի բարձր արժեք են, քան հանրային առողջությունը։ Մյուս կողմից՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ողջ աշխարհի մակարդակով վտանգված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, քանի որ պատվաստանյութային պատերազմի մեջ մտած երկրները փոխադարձաբար չեն ճանաչում մեկը մյուսի պատվաստանյութերը՝ ՌԴ-ն չի ընդունում ռուսականից բացի որեւէ պատվաստանյութ, եվրոպացիները չեն ընդունում ո՛չ ռուսականը, ո՛չ չինականը։ Եվ նրանք, ովքեր դեմ չեն պատվաստմանը, երկընտրանքի մեջ են՝ ինչ պատվաստանյութով պատվաստվեն, որ կարողանան թե՛ Եվրոպա մեկնել, թե՛ ՌԴ։
Ընդ որում, իրավիճակը դեռ շատ սրված չէ, քանի որ ԵՄ որոշ երկրներ այլընտրանք են առաջարկում՝ պատվաստում կամ երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ արված ՊՇՌ թեստ։ Կորոնավիրուսի պայմաններում ճամփորդող մարդիկ անցնում են զավեշտների միջով, երբ, օրինակ, օդանավ մտնելիս կրում են թե՛ դիմակ, թե՛ վրայից «շլեմ», հետո 15 ժամ օդանավում կողք-կողքի սնվում են, տեղաշարժվում ինքնաթիռի նեղլիկ սրահներում։
Մյուս կողմից՝ տուրիզմը մեծ եկամուտներ է ապահովում երկրներին, եւ անգամ Հայաստանն իր սահմանները բացել է իրանցի զբոսաշրջիկների առաջ, որոնք գալիս եւ Հայաստանում զանգվածային պատվաստվում էին ու նաեւ վարակն անարգել տարածում։ Նաեւ թույլ էր տալիս ՀՀ քաղաքացիներին Վրաստանում համավարակի ամենաակտիվ փուլում, երբ օրական մոտ 40 մարդ էր մահանում եւ 3 հազար 200 հոգի՝ վարակվում, մեկնել Վրաստան։
«Կորոնավիրուսին սպասելիս» մենք տեղեկացանք, որ Վրաստան այս տարի այցելել է 19 հազար 700 քաղաքացի, որոնք կամաց-կամաց վերադառնում են: Դա նկատելի է նաեւ մեր երկրում կորոնավիրուսով հիվանդացողների քանակական աճի ֆոնին:
Օգոստոսի 11-ին հիվանդացողների թիվը 391 էր, 14-ին՝ 440, իսկ 18-ին՝ 504: