Հասարակություն

«Հրապարակ»․ Ո՛չ հսկողություն կա, ո՛չ նորմատիվներն են պահպանվում

«Հրապարակ»․ Ո՛չ հսկողություն կա, ո՛չ նորմատիվներն են պահպանվում

Երեւան-Սեւան ավտոճանապարհին գտնվող «Գազ օիլ» ընկերությանը պատկանող գազալցակայանի երեկվա պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մինչ իրավապահները կպարզեն մեղավորներին, իսկ որպես կանոն՝ կա՛մ չեն պարզում, կա՛մ պարզելուց հետո չեն պատժում («Սուրմալուի» ողբերգական պայթյունը՝ վկա), «Հրապարակ»-ը փորձեց հասկանալ, թե պետական մարմիններն ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել այս գազալցակայանում, խնդիրներ հայտնաբերե՞լ են, եթե այո, ապա ինչպե՞ս են փորձել կանխել, կանխե՞լ են, թե՞ ոչ։ Վերջին տարիներին բենզա եւ գազալցակայանների պայթյունների բազմաթիվ դեպքեր են եղել։ Մարդկային ու նյութական կորուստներ ունենալուց հետո պարզվել է, որ Հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տարբեր ժամանակահատվածներում ստուգումներ է իրականացրել պայթած օբյեկտներում, արձանագրել է խախտումներն ու հեռացել։ 

Երեւան-Սեւան մայրուղում գործող «Գազ օիլ»-ի դեպքում էլ է այդպես եղել։ Պարզվում է՝ տեսչական մարմինը պայթած գազալցակայանում վերջին անգամ փետրվարին է ստուգումներ իրականացրել, խախտումներ արձանագրել, տուգանել։ Սա նշանակում է, որ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գործող տեսչական մարմինը կա՛մ մտել է հանցավոր համագործակցության մեջ եւ աչք փակել խնդրի վրա, կա՛մ իր գործը թերի է արել՝ մսխելով պետության բյուջեն։ Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ լցակայանը փորձաքննության դրական եզրակացություն չի ունեցել, տուգանվել է մոտ 2 միլիոն դրամի չափով։ Հարցին՝ ե՞րբ է տուգանվել, արդյո՞ք ստուգել եք՝ գազալցակայանն ունի՞ արտադրական վտանգավոր օբյեկտ լինելու մասին համապատասխան փաստաթուղթ, պատասխանեց՝ ստուգման պահին դրական շահագործման փորձաքննություն չի ունեցել, եւ ԴԱՀԿ է ուղարկվել լցակայանը կապարակնքելու եւ գործունեությունը դադարեցնելու մասին որոշում։  

«2024թ․ մարտի 21-ին, երբ լցակայանից դիմել են, որ թույլ տանք շահագործեն, ներկայացվել է արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն։ Մենք տվել ենք վերաբացելու մասին բացասական պատասխան եւ պահանջել ենք ներկայացնել փորձնական դրական եզրակացությունը, որը չի եղել` իրենց մոտ նախագիծ է եղել։ Համապատասխան որոշումն ուղարկել ենք ԴԱՀԿ՝ լցակայանը կապարակնքելու համար։ Դրանից հետո, երբ վնասում են կապարակնիքն ու շարունակում են շահագործել, պետք է հարկադիրը հետեւողական լինի։ Փաստացի, մենք փետրվարի 19-ին ԴԱՀԿ-ին տվել ենք գրություն՝ կապարակնքում իրականացնելու համար»։ 

Մինչդեռ ԴԱՀԿ-ից տեսչական մարմնին հակադարձում են՝ կապարակնքվել է բենզալցակայանը, այլ ոչ թե գազալցակայանը, իսկ պայթյունը եղել է գազալցակայանում։ «Տեսչական մարմնի կողմից 2023թ․ փետրվարի 14-ին կայացված որոշման համաձայն, պետք է արգելվեր «Գազ օիլ» ՍՊԸ-ին՝ շահագործել Կոտայքի մարզ, գյուղ Արզնի, Երեւան-Սեւան մայրուղի 6/1 հասցեում գտնվող բենզալցակայանը։ Կարգադրի 2-րդ մասում ասվում է, որ պիտի վերացվեն խախտումները։ Գազալցակայանի մասով կարգադրագիր չենք ստացել։ Գազալցակայանի մասով ԴԱՀԿ-ում այս պահին տեսչական մարմնի կողմից ներկայացված կարգադրագիր չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց ԴԱՀԿ խոսնակ Վարդուհի Պետրոսյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ պայթած լցակայանին արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության հավատարմագրման վկայական եւ  փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայական տվել է «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ն, որը միլիոնների պայմանագրեր է կնքել տարբեր պետական կառույցների, այդ թվում` Երեւանի քաղաքապետարանի, ՊԵԿ-ի, էկոնոմիկայի նախարարության, Ազգային ժողովի հետ։ Այս ՍՊԸ-ի տնօրենն Անդրանիկ Բեգլարյանն է։ Զանգահարեցինք ընկերություն՝ պայթած գազապահեստի վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունը ճշտելու համար։ Հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը հրաժարվեց ներկայանալ, կարճ ասաց․ «Քննություն է գնում, արդյունքների հիման վրա կպատասխանեն։ Իրավապահները չեն պատասխանում՝ թող չպատասխանեն, ի՞նչ անեմ»։ Խնդրեցինք ներկայանալ՝ զրույցը կեսից անջատեց։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պայթած գազալցակայանը, որը պատկանում է ԲՀԿ-ական Ռաֆայել Այվազյանին, կառուցվել է մի վայրում, որտեղ դրա կառուցումը պետք է արգելվեր, քանի որ տարածքում բարձր, մոտ 10 հազար վոլտ հզորության էլեկտրասյուն կա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image