Քաղաքականություն

Սա ոչ թե «Խաղաղության պայմանագիր» է, այլ բացարձակ եւ անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարություն

Սա ոչ թե «Խաղաղության պայմանագիր» է, այլ բացարձակ եւ անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարություն

 Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն տարածեց, որ ՀՀ -ն ընդունել է չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այլ կերպ ասած, համաձայնագիրը պատրաստ է

Ի՞նչ է սա նշանակում ու ի՞նչ հետևանքների սպասենք: «Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ 

-Սա նշանակում է, որ Նիկոլը պատրաստվում է հերթական արտահերթ ընտրություններին։ Մի քիչ հեռվից գամ․ Դոնալդ Թրամփն իր նախագահությունը սկսեց շատ եռանդուն, եւ նրա հայտարարած կարեւորագույն խնդիրներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելն է։ Այս պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ական կարեւորագույն երկրներից մեկը՝ Թուրքիան, ակնհայտ լոյալություն էր ցուցադրում ՆԱՏՕ-ի թշնամու՝ Ռուսաստանի նկատմամաբ։ Ռուսաստանն այդ լոյալության համար վճարում էր Հայաստանի տարածքի եւ ինքնիշխանության կտորներով։ Դրա համար անհրաժեշտ էր Հայաստանի ղեկավար նշանակել դավաճան, փառասեր եւ անկուշտ մեկին, ինչպիսին էր Նիկոլը։ Հիմա, երբ ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, անիմաստ, անգամ վտանգավոր է դառնում Հայաստանում Նիկոլին իշխանության պահելը, եւ նրան Կրեմլը պետք փոխի։ Ի դեպ, ակնհայտորեն Ռուսաստանը պատերազմից հետո փոխելու է Թուրքիայի հանդեպ իր ռազմավարությունը, իսկ Նիկոլը, չնայած իր անողնաշարությանը, նաեւ դրա համար է խոչընդոտ։

Նիկոլի ընկալմամբ, այսօր պայմաններն իդեալական են ընտրությունների համար։ Ընդդիմադիր երկու կարեւոր ուժերն իրար են վարկաբեկում, եւ սա ոչ միայն իջեցնում է նրանց ռեյտինգը, այլեւ նրանք գերզբաղված են այս գործով եւ չեն հասցնում հետեւել Հայաստանի նոր սպառնալիքներին, իսկ եթե Նիկոլը մի քիչ էլ ուշացնի, ապա նրանք հանկարծ կարող են գլխի ընկնել, որ Հայաստանի հիմնական թշնամին Նիկոլն է։ Արցախի ղեկավարությունը, որը լուրջ պոտենցիալ ունի դառնալու նոր եւ արմատական ընդդիմություն, եւ այս կտտանքներից ու տառապանքներից հետո չի կարող որեւէ համաձայնության գնալ Նիկոլի հետ։ Հիմա նրանց պաշտպանությանն ուղղված միջազգային ձայները չափազանց հնչեղ են դառնում եւ Ալիեւի համար դժվարանում է Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին բանտում պահելը` Նիկոլի անվտանգությունն ապահովելու համար։

Հենց սրա համար էլ այսօր Նիկոլը «Խաղաղության պայմանագրի» քննարկումներից հանեց երկու կետերը, որոնց Ադրբեջանը չէր համաձայնվում․ միջազգային ատյաններում Ադրբեջանի հանդեպ հրաժարվեց հայցերից եւ համաձայնվեց ԵՄ դիտորդներին հանել շփման գծից։ Ըստ էության, սա ոչ թե «Խաղաղության պայմանագիր» է, այլ բացարձակ եւ անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարություն։ Սրանից հետո Հայաստանն ընկնելու է թուրք-ադրբեջանական տանդեմից բացարձակ կախվածության մեջ, չի ունենալու ազդեցության որեւէ լծակ, անգամ սրանից հետո Ռուսաստանն է տարածաշրջանից բավական հեռանալու եւ նրա համար դժվարանալու է իրադրությունը կառավարելը։

Իսկ Նիկոլի համար անվտանգության որեւէ կետ, որեւէ երաշխիք չպարունակող այս թուղթը դառնալու է հիմնական հաղթաթուղթ, որը թափահարելու է ողջ նախընտրական շրջանում՝ ցույց տալու, թե ինչպես ինքը խաղաղություն բերեց մեր բազմաչարչար ժողովրդի գլխին։

Ադրբեջանը նույնպես շահագրգռված է Նիկոլի իշխանության շարունակականությամբ, քանի որ նա տվող է, նա հանձնող է, նա Ադրբեջանի բոլոր պայմանները անվերապահ կատարող է: Ի դեպ, կարող է իմ այս ասածին հակասի, սակայն չեմ բացառում, որ Ադրբեջանն անգամ ետ քաշվի Հայաստանից գրաված տարածքներից Սյունիքում կամ Գեղարքունիքում, որպես նախընտրական բոնուս Նիկոլին, որ սա ցույց տա, թե ինչ հզոր է ու ազդեցիկ է իր քաղաքականությունը եւ իր «Խաղաղության պայմանագիրը»։ Նաեւ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Նիկոլից հետո բոլոր այս պայմանավորվածություններն ու պայմանագրերը ետ են խաղացվելու, քանի որ Նիկոլը հռչակվելու է դավաճան, ուրեմն՝ նրա բոլոր գործարքներն էլ համարվելու են իրավական ուժ չունեցող։ Դրա համար էլ Ալիեւին անհրաժեշտ է Նիկոլի բոլոր տվածներն ամրապնդել այլ միջոցներով, ու առաջին հերթին՝ զորքով ու զենքով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image