Կաթողիկոսի որոշմամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը որոշել է դատարանի միջոցով վիճարկել իր ազատումը։ Սա անմիջապես առաջացնում է կարևոր հարց․ պետական դատարանը իրավունք ունի՞ միջամտել եկեղեցու ներքին գործերին։
Ի վերջո, թեմի առաջնորդ նշանակելն ու ազատելը կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է, և ըստ եկեղեցական կանոնադրության՝ այս հարցերում պետությունն իրավունք չունի ուղղակիորեն միջամտելու։
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ հոգևորականներին, տալիս է իրավունք՝ դիմել դատարան, եթե նրանք կարծում են, որ իրենց իրավունքները խախտվել են։ Սարոյանը հենց այս հնարավորությունից է օգտվում։ Այստեղ է, որ հարցը դառնում է քաղաքական ու զգայուն։
Հաշվի առնելով իշխանություն- Եկեղեցի վերջին տարիների սուր հարաբերությունները, նման դատական քայլը կարող է դիտվել որպես Եկեղեցու ազդեցությունը սահմանափակելու կամ վերահսկելի դարձնելու հնարավոր նոր միջոց։ Դատարանը գործը կարող է ընդունել քննության միայն այն դեպքում, եթե տեսնի, որ կա աշխատանքային իրավունքի խախտում, կամ եթե մարդուն պաշտոնազրկել են առանց պաշտպանվելու հնարավորություն տալու։ Այսինքն՝ դատարանը կարող է ստուգել միայն՝ իրավական քայլերը, հիմնավորումները։
Սակայն կա կարևոր սահմանափակում․ դատարանը չի կարող փոխարինել Կաթողիկոսի որոշումը իր որոշմամբ։ Այն կարող է միայն պարզել՝ խախտվե՞ լ են մարդու իրավունքները, թե՝ ոչ։
Ավելին, միջազգային փորձը և եղած նախադեպերը ցույց են տալիս, որ նման գործերով դատարանները սովորաբար որոշում են կայացնում, որ Կաթողիկոսի որոշումը եկեղեցու ներքին իշխանական ակտ է, և պետական դատարանը իրավասու չէ այն վերահսկելու։ Այսինքն՝ պաշտոնին վերականգնվել դատարանի միջոցով գործնականում անհնարին է։ Առավելագույնը՝ դատարանը կարող է նշել, որ ընթացակարգը խախտված է եղել, բայց որոշումը փոխել չի կարող։
Արդյունքում, այս գործը չի փոխի իրավիճակը, սակայն կարող է դառնալ քաղաքական նախադեպ՝ Եկեղեցու ինքնավարության շուրջ, որը և փորձում է ստեղծել իշխանությունը։