Ադրբեջանական ԶԼՄ-ները, ինչպես ենթադրվում էր, հատուկ ուշադրությամբ եւ իրենց բնորոշ հակահայ խանդավառությամբ են հետեւել Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին եւ Էրդողանի հետ հանդիպմանը: Փաշինյանին տնային առաջադրանք եւ վերջնաժամկետ է տրվել. ահա՝ այս լույսի ներքո եւ այս գլխագրերով են լուսաբանում ՀՀ վարչապետի այցը Ստամբուլ:
Թուրքիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ հրավիրել նրան՝ հաջորդ տարի այցելել Երեւան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու: Այցի շրջանակներում նա նաեւ այցելել է մի շարք կրոնական եւ պատմական վայրեր, այդ թվում՝ Կապույտ մզկիթ եւ Ստամբուլի հայկական տաճար, գրում են ադրբեջանական մասմեդիայի ներկայացուցիչները: ՀՀ կառավարությունը չափավոր հաղորդագրություն է տարածել բանակցությունների մասին, նշում են նույն ԶԼՄ-ները. կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին եւ այս համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ոլորտներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու հարցում, եւ վերահաստատել է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը շարունակելու իր վճռականությունը: Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:
«Արտաքինից ամեն ինչ գեղեցիկ է եւ լավատեսական: Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Թուրքիա կարելի է հեշտությամբ ընդունել որպես նշան, որ Երեւանը պատրաստ է իր հարեւանների, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական կարգավորմանը։ Սակայն... Փաշինյանը, կոպիտ ասած, ամենեւին էլ առաջին հայ առաջնորդը չէ, որը փորձում է կամուրջներ կառուցել Թուրքիայի հետ։ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց համաձայնության գալ Անկարայի հետ` Ադրբեջանի մեջքի ետեւում։ Այնուհետեւ եղավ Աբդուլլահ Գյուլի եւ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Փաշինյանը շատ ավելի հեռուն գնաց, քան իր նախորդները։ Ավելին, նա «կամուրջներ է կառուցում» Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան դադարեցվել է. սա, հիշեցնենք, այն է, ինչ շատ փորձագետներ համարել եւ համարում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը»,- գրում է Ադրբեջանի քարոզչակայքերից մեկը` «Մինվալ»-ը։ Սակայն իրականությունն այն է, որ Անկարան եւ Երեւանը բազմաթիվ խնդիրներ ունեն միմյանց միջեւ՝ նկատում է հոդվածագիրը եւ նշում՝ «պարզ չէ, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Թուրքիայի հետ ներկայիս սահմանը եւ հրաժարվել Արարատ լեռան եւ Արեւելյան Անատոլիայի վեց վիլայեթների նկատմամբ իր տարածքային պահանջներից»։
«Առավել պարզ չէ, թե արդյոք Երեւանը վերջապես կհրաժարվի՞ 1915 թվականի հայերի ցեղասպանության վերաբերյալ իր հիստերիայից։ Ինչպես վստահ են սահմանի երկու կողմերի փորձագետները, չափազանց միամիտ կլինի ակնկալել, որ մեկ այցը կլուծի բացարձակապես բոլոր խնդիրները։ Սակայն Փաշինյանի Թուրքիա այցից նախեւառաջ սպասվում էր, որ առաջ կշարժվի Զանգեզուրի միջանցքի բացման հարցը։ Այս նախագիծն ազդում է բոլոր երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի վրա եւ օգտակար է բոլոր երեք երկրների համար»,- ասվում է հոդվածում։ Բայց Բաքվում բավարարված չեն Նիկոլի հայտարարություններով, ասում են, որ չափազանց շատ հարցեր են բաց մնացել` ակնարկելով նրա այն միտքը, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինի, կլինի ճանապարհ։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ստորագրված պարտավորություն է, ինչպես նաեւ այն փաստը, որ այս ճանապարհը կգտնվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի վերահսկողության եւ պաշտպանության ներքո։ Եթե որեւէ մեկը մոռացել է, համապատասխան կետն առկա է 2020 թ. նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Սակայն Հայաստանը դեռեւս Ադրբեջանին չի տրամադրել նույնիսկ ճանապարհի իր տարածք մուտքի եւ ելքի աշխարհագրական կոորդինատները։ Ավելին, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, Փաշինյանը սկզբից փորձեց Ադրբեջանին պարտադրել «այլընտրանքային» երթուղիներ՝ ճանապարհներ, որոնք տարվա մեծ մասն անանցանելի են եղանակային պայմանների պատճառով, եւ որտեղ ոչ ոք չի երաշխավորում ադրբեջանցի վարորդների եւ ուղեւորների անվտանգությունը։ Այս դեպքում միայն հույսը կարելի կլինի դնել տեղի բնակիչների բարի կամքի վրա։ Հնարավոր միջադեպերի մասին նույնիսկ խոսելու կարիք չկա։ Հիմա Փաշինյանը կրկին փորձում է կոնկրետ համաձայնագրերը փոխարինել «Խաղաղության խաչմերուկի» վերացական հասկացությամբ։ Սակայն նա մեկ բան հաշվի չի առել. Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Էրդողանն այն առաջնորդները չեն, որոնց հետ նման մանեւրները անհետեւանք են մնում: Դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ Էրդողանը եւ Փաշինյանը հրապարակավ չեն քննարկել ամենազգայուն թեմաները: Այնուամենայնիվ, կասկած չկա, որ դրանք շոշափվել են փակ դռների ետեւում: Եվ կարելի է վստահորեն ենթադրել, որ թուրք առաջնորդը եւս մեկ անգամ բյուրեղյա պարզաբանում է տվել Փաշինյանին. «Զանգեզուրի միջանցքը» կբացվի՝ անկախ հայկական դիմադրությունից: Ավելին, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի վարչապետը ստացել է կոնկրետ ժամկետներ եւ հստակ «տնային առաջադրանք» այն կատարելու համար»,- եզրափակում է հոդվածագիրը:
Ցավ ի սիրտ, այս ամենը ոչ միայն Բաքվի վառ երեւակայությունը կարող է լինել, այլեւ դառը իրականություն. երբ խոսքը Փաշինյանի մասին է, ոչինչ բացառված չէ...