Հասարակություն

«Հրապարակ». 2018-ից հետո պարտությունը մեր ֆուտբոլի համար դարձավ գլխավոր նպատակակետ

«Հրապարակ». 2018-ից հետո պարտությունը մեր ֆուտբոլի համար դարձավ գլխավոր նպատակակետ

Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարն ավարտեց խայտառակ արդյունքով՝ 1:9 հաշվով պարտվելով Պորտուգալիայի հավաքականին: Կողքից կարող է թվալ՝ եթե փողոցից մի 10 հոգի տանեին խաղալու, կամ եթե մարզիչ, անգամ դարպասապահ չունենայինք, երեւի ավելի լավ արդյունք կլիներ։ Եվ բնական է, որ կրկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարող Արմեն Մելիքբեկյանի եւ նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի հրաժարականի պահանջներն են հնչում: Բայց հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարծես չի արդարանում, միայն ասում է, որ մենք պատրաստ չենք թոփ թիմերի հետ մրցելու, նոր ենք սկսել ճանապարհը: Ինչո՞ւ:

Երեկվա պարտության մասին խոսեցինք ֆուտբոլասեր՝ ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանի հետ, որը տարիներ շարունակ մեր ֆուտբոլի երկրպագուն է, դիտել է բոլոր խաղերը եւ խոր, կարելի է ասել, պատմական մեկնաբանություն է տալիս կատարվածին: Նա կարծում է, որ Հայաստանի հավաքականի որակը 2018 թվականից հետո է խոր անկում ապրել: 

Ամեն մեկը առանձին լավ է խաղում, բայց հավաքվում են ու ոնց որ առաջին անգամ գնդակին կպչեն

«2010-2012 թթ․ մեր հավաքականը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, արդյունավետ թիմ էր: Քիչ էր մնում՝ մտնեինք Եվրոպայի առաջնություն: Դա փայլուն ժամանակահատված էր հայկական ֆուտբոլի համար: Այն սկսվեց նրանից, որ մեր 17 տարեկանները հաջող ելույթ ունեցան, հետո՝ 19 տարեկանները, հետո՝ 21, ու այդ կորիզը՝ Մխիթարյան, Արզումանյան, Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան, մի 6-7 հոգանոց, որը «Փյունիկի» կորիզն էր, նաեւ երիտասարդական պատանեկան թիմերի, եկավ մտավ մեծ ֆուտբոլ: Այդ կորիզի ճարտարապետը Ռուբեն Հայրապետյանն էր, որն ինչքան էլ կոռումպացված էր, կրիմինալ էր, բայց ֆուտբոլի համար հոգի տվող մարդ էր: Իր վերջին ժամանակահատվածում նա, իմ կարծիքով, սայթաքեց՝ տղերքին մեղադրելով խաղ ծախելու մեջ, ու դրանով հոգեբանորեն մեր ֆուտբոլը ճահճի մեջ գցեց: Բայց դրանից հետո որոշակի դիմադրողականություն դեռ կար ֆուտբոլի մեջ: 18-ից հետո պարտությունն էս թիմի համար դարձավ գլխավոր նպատակակետ: Կողքից այնպիսի տպավորություն է, որ թիմը հավաքվում է պարտվելու համար: Ազգային հավաքականին որ նայում ես, ամեն մեկն իր թիմով բավականին կարեւոր խաղացող է: Էդուարդ Սպերցյանը ՌԴ լավագույն ֆուտբոլիստներից է: Նաիր Տիկնիզյանը բավականին հաջող կարիերա էր անում Ռուսաստանում, հիմա «Ցրվենա Զվեզդա» թիմի հիմնական խաղացող է, առանց փոխարինման խաղում է՝ մշտապես մեկնարկային կազմում է: Լուկասը մյուս թիմերում էր հաջող խաղում: Տիգրան Բարսեղյանն անցյալ տարի «Սլովանի» ռմբարկուն էր: Ամեն մեկն առանձին լավ ֆուտբոլ է խաղում, բայց հավաքվում են հավաքականում, ու էդ ֆուտբոլային շարմը կորում է, ոնց որ դեսից-դենից հավաքած տղերք դառնան, որոնք առաջին անգամ գնդակի են կպչում, այն դեպքում, երբ Վարդան Մինասյանի թիմում, ասենք, 2-3 ֆուտբոլիստ կար, որ քիչ թե շատ բարձրակարգ թիմերում էր խաղում: Հենրիկն էր՝ Մխիթարյան, որը դեռ չէր հասել եվրոպական ակումբներ, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին ՌԴ-ում էին խաղում: Նրանք ավելի ցածր մակարդակի ակումբներում էին, քան այսօրվա տղաները: Հիմա քիչ թե շատ չեմպիոնական տղերք ունենք»: 

Ֆուտբոլի ֆեդերացիան հայտնվել է ճահիճն ընկած մարդու վիճակում

«Իհարկե, մարզիչներն ունեն խնդիր: Օրինակ, Պետրակովը առաջին 2-3 խաղերը լավ գնաց, հույսեր առաջացան, որ կարող ենք հայտնվել մեծ մրցաշարում, բայց հետո այնպիսի ճնշում է սկսվում մարզչի վրա, որ նա սկսում է մտածել միայն արդյունքի մասին, առանց հաշվի առնելու թիմի որակը: Մեզ նման թիմերի համար, երբ որ չունես կորիզ, երբ որ գերաստղեր չեն, պետք է երկար ժամանակ անցնել: Երեկվա թիմը 2-3 խաղ է, որ իրար հետ են խաղում: Վարդան Մինասյանի թիմն ուներ կորիզ, «Փյունիկի» տղերքն էին, որոնք մանկապատանեկան ֆուտբոլից իրար հետ խաղացել էին: Երկրորդ․ երբ որ վետերանները գնացին, այսպես ասած, «հետմխիթարյանական» հավաքականին հնարավորություն չի տրվել՝ թիմ դառնալու: Եթե իսպանացին կարող է 50 թիմից հավաքական հավաքել, բրազիլացի մարզիչը 200 հոգուց կարող է նույն որակի 25 ֆուտբոլիստներ հավաքել, ապա մեր դեպքում մենք պետք է գնայինք թիմ կառուցելու, ֆուտբոլային ձեռագիր, բնավորություն ձեւավորելու ճանապարհով: Իսկ դրա համար պետք էր մարզչին արդյունք տալու պարտադրանքից գոնե երկու մրցաշար ազատ թողնել: Պատահական չէ, որ Եղիշե Մելիքյանն ասում է՝ ինձնից արդյունք չսպասեք: Նա նույնն է անում, ինչ որ մյուսները, բայց՝ ավելի անկեղծ: Դրա համար Եղիշը վերջին խաղը դարձրել էր ընկերական խաղ՝ լավ գիտակցելով, որ Պորտուգալիայի դեմ զրո շանս ունի: Ինքը, իմ կարծիքով, պետք է Ազգերի լիգան էլ, մյուս մրցաշարն էլ, որն էլի արդյունք չի տալու, դարձնի ընկերական խաղեր, որ այդ արանքում՝ 6 կամ 8 խաղի արանքում կարողանա թիմ ձեւավորել: Թեեւ չեն անում հայտարարություններ, բայց մեր ֆեդերացիան հայտնվել է ճահիճն ընկած մարդու վիճակում: Ձեռք ու ոտք է թափ տալիս, որ դուրս գա, այն դեպքում, երբ որ հենց ինքը պետք է նախաձեռներ թիմ կառուցելու գլխավոր խնդիրը: Բայց քանի որ իրենք պրոֆեսիոնալ չեն եւ նաեւ հաջողված ռեֆորմատորներ չեն, ընդհանրապես թաղեցին ֆուտբոլը: Այդ իրավիճակում մարզչից` 1-2 հաջողված խաղից հետո բերել պահանջել, որ արդյունք ցույց տա, չէր կարելի: Օրինակ, Պետրակովի առաջին երկու խաղերի ժամանակ մերոնք խաղում էին խելառ ֆուտբոլ, ու ստացվում էր: Բայց բերեցին դրեցին պրագմատիկ ֆուտբոլի սահմանների մեջ, որը մերոնք չեն կարողանում խաղալ: Ես միշտ հիշում եմ Վարդան Մինասյանի խոսքերը․ երբ նա ստանձնեց հավաքականի ղեկը, մի հատ արտահայտություն արեց՝ մենք պետք է խաղանք «Արսենալի» կամ «Բարսելոնայի» ոճի ֆուտբոլ: Դա աշխարհում ամենախելառ ֆուտբոլն էր, անտրամաբանական ֆուտբոլ, սիրուն, կարճ փոխանցումներով՝ միտված գոլ խփելուն: Մեր հավաքականին եթե հնարավորություն տային, այդ տրամադրվածությունը տային` գոլ խփելու, մերոնք կարող է 4 հատ բաց թողնեն, բայց 5 հատ գոլ խփեն, որովհետեւ այդ որակի գոլ խփող տղերք կան հավաքականում: Բայց այդ տղերքին ասում են՝ առաջին խաղակեսը պետք է պաշտպանվենք, երկրորդի երկրորդ կեսում փորձենք հաջողության հասնել, ու մինչեւ առաջին խաղակեսը վերջանում է, տղերքը փլվում թափվում են, թե մի հատ էլ գոլ են խփում, ընդհանրապես քանդվում է թիմը: Իսկ Վարդան Մինասյանն ասում էր՝ խնդիրը գոլ խփելն է»: 

Իռլանդիային հաղթեցինք, որովհետեւ խելառ ֆուտբոլ էինք խաղում 

«Ես՝ որպես ֆուտբոլասեր, ամբողջությամբ աջակցում եմ Եղիշե Մելիքյանի զրո արդյունք ցույց տալուն: Նա չունի արդարանալու բան, նա ստանձնել է մի թիմ, որը Վրաստանին կրվում էր 6։1 հաշվով: Նա ասում է, որ տղաները հոգեբանորեն պատրաստ չէին Պորտուգալիայի հետ խաղալուն: Ճիշտ է ասում: Բրազիլիայի նման հավաքականն է 7։1 կրվել Գերմանիային, մեզնից ավելի լուրջ հավաքականներ սարսափելի հաշիվներով պարտվել են: Ու էլի այդ պահին ակնհայտ էր, որ Բրազիլիան, որը գերաստղերով էր հագեցած, պատրաստ չէր այդ տեսակ մրցաշարի մասնակցելու, հոգեբանորեն պատրաստ չէր: Հենրիկ Մխիթարյանը թիմում նաեւ այս առումով էր կարեւոր, երբ որ նա «Մանչեսթեր Յունայթեդում», «Ինտերում», «Դորտմունդում» էր, ու նրան մոտենում էին, բարեւում, ողջունում կամ փաթաթվում այդ պահին եղած ֆուտբոլային գերաստղերը՝ հավասարը հավասարի պես։ Դա մյուսներին դուխ էր տալիս, նրանք գիտեին, որ իրենց թիմում կա մեկը, որը չի զիջում իր կլասով, ասենք, Մարկո Ռոսսիին կամ Պիրլոյին: Իտալացիների հետ 2:2 խաղը մեր ամենավառ հաջողություններից էր: Կամ թեկուզ Պորտուգալիայի հետ 3:2 կրվեցինք, բայց պարտվեցինք բացառապես Ռոնալդուին: Երեկվա «Փաստ սպորտի» մեկնաբանները Բրունո Ֆերնանդեսի գոլից էնպես էին ոգեւորվել: Թող մեր Մարկոսի գոլը նայեն՝ Պորտուգալիային, կրկնակի գեղեցիկ ու պրոֆեսիոնալ էր, կամ Կարլեն Մկրտչյանի գոլը Պետր Չեխի դարպասը: 

Իհարկե, ես կարծում եմ, որ ֆեդերացիայում է պետք փոփոխություն կատարել, համակարգային փոփոխություն: Ֆեդերացիան պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը, նախ՝ հավաքականի մարզչին ազատ թողնեն, Մելիքյանի հրապարակային խոսույթից երեւում է, որ նա ունի այդ ազատությունը: 

Մյուսը, որ պետք է անել, մեր մանկապատանեկան հավաքականների վիճակով զբաղվելն է: Արդեն քանի տարի է՝ մերոնք վերջին տեղից մի քայլ առաջ չեն գնացել, իսկ այս շրջափուլում բոլոր մրցաշարերում զրո միավորներով են վերջին տեղում եղել»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image