Անկեղծ ասած, չհասկացա, թե ինչ ձեռք բերեց խորհրդարանական ընդդիմությունը Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումից եւ ազատազրկումից: Իհարկե, ոչինչ, բացարձակ ոչինչ: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ քրեական գործի տակ գտնվող անձին գործող իշխանության ձեռքը հանձնելը: Իսկ որ դա տեղի էր ունենալու, ենթադրում եմ, կասկած չուներ ոչ մեկը: Ուրիշ հարց, որ Մասիսի համայնքապետը մի այնպիսի հզոր աջակցություն ունենար ողջ հանրապետությունով մեկ, որ սխալ լիներ նրան դիպչելը, որովհետեւ դա ավելի կբարձրացներ նրա հեղինակությունը՝ նրան դարձնելով հականիկոլական շարժման փարոս: Բայց չեմ կարծում, թե նրա հարազատներից, մտերիմներից ու մի քանի աջակիցներից բացի այլ մարդիկ փողոց դուրս գան՝ նրան ազատ արձակելու պահանջով, ու իրենց հետեւից էլ բազմամարդ զանգվածներ տանեն: Հատկապես հաշվի առնելով Սամվել Կարապետյանի կողմից ձեւավորվող շարժումը: Իսկ մեկ ընդդիմադիրով ավել կամ պակաս նիկոլական բանտում՝ դա դժվար թե եղանակ ստեղծի կամ փոխի:
Ոչինչ չստանալով երեւութական իմպիչմենտի նախաձեռնության մեջ Դավիթ Համբարձումյանի ներառումից՝ ընդդիմությունը կանգնեց Մասիսի համայնքը կորցնելու վտանգի առջեւ: Իսկ 2026-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում դա լուրջ կորուստ է: Իսկ որ այդ վտանգն իրական կլինի՝ ես չեմ կասկածում: Օգտվելով առիթից՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կհասնի համայնքապետի ԺՊ նշանակելուն, ինչպես դա արել է բազմիցս: Ու կստացվի այնպես, ինչպես ներկայացված է հոդվածի վերնագրում: Այսինքն, առաջին պլան մղվեց գործընթացը, իսկ արդյունքը ոչ միայն զրոյական էր, այլեւ՝ բացասական: Ինչ վերաբերում է վերնագրին, ապա այն ցարական Ռուսաստանի ժամանակի՝ ժողովրդայնություն վայելող ռուսական բանահյուսական (նաեւ՝ գրական ու կինեմատոգրաֆիական) կերպարի՝ պորուչիկ (համապատասխանում է ներկայիս ավագ լեյտենանտի սպայական աստիճանին) Ռժեւսկու վերաբերյալ անեկդոտներից մեկն է:
Ղազարյան-Մալյան զույգի կողմից Ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելուն «Հրապարակ»-ում անդրադարձել եմ մեկ-երկու անգամ: Դիտարկել եմ գործընթացի առաջին փուլի հաջողության բանաձեւը՝ Աղազարյան-Ասլանյան զույգին միանալու տարբերակով: Բայց գիտակցորեն չեմ անդրադարձել Ղազարյան-Մալյան զույգի նախաձեռնության իրական նպատակին, որովհետեւ երկուսն էլ նորմալ անձնավորություն են ու, բնականաբար, գիտակցում են, որ առաջին փուլը՝ 36 պատգամավորի ստորագրություն ձեռք բերելը, չհաղթահարած գործընթացը չի կարող հաջողության հասնել: Իսկ որ պահանջված երկու ստորագրությունը ո՛չ «անկախներն» էին տալու եւ ո՛չ էլ նիկոլականները՝ կասկածի ենթակա չէր: Դա էլ գիտակցում էր «Հայաստան» խմբակցության ղեկավարությունը՝ այդքան ժամանակ իրեն հեռու պահելով ակտիվությունից: Բայց նույնը պետք է որ գիտակցեին նաեւ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը, սակայն նրանք շարունակում էին «հարձակումները» խմբակցության հասցեին: Նպատակը նրանց ընդդիմադիր «պատվանդանից» գցելն էր, որպեսզի տեղ ազատվեր իրենց համար:
Եթե անկեղծ լինենք՝ ես դեմ չէի լինի նման գործընթացին, եթե Ղազարյանն ու Մալյանն իրենց թիկունքին ունենային լուրջ քաղաքական ուժ: Բայց, ի դժբախտություն իրենց, նման բան առկա չէր, որպեսզի փոխարիներ «Հայաստան» խմբակցությանը: Կամ, այսպես ասենք, նախկիններին ու այդ թվում՝ նաեւ հանրապետականներին: Որովհետեւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հաջորդ տարվա քարոզարշավին «խաղաղության» թղթի կտորից բացի Նիկոլը շահարկելու է նաեւ նախկինների թեման: Ու ցանկանան, թե ոչ՝ «նախկինները» միշտ մնալու են որպես այն կարմիր լաթը, որով Նիկոլը մանիպուլացնելու է կիսագրագետ ընտրազանգվածին: Ու դա անելու է այնքան ժամանակ, որքան կունենա դրա հնարավորությունը: Իսկ նախկինների թեման՝ «հատիկ առ հատիկ» կարգախոսով, այսօր մղվել է երկրորդ պլան, քանի որ Նիկոլը ստիպված է կատարել Բաքվից հնչած պահանջը՝ ջլատել հայոց եկեղեցու ուժերը կամ ընդհանրապես հանրային դաշտից հեռացնել նրան: