ՔՊ-ում մի մեծ խումբ է աշխատում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի դեմ, որպեսզի Փաշինյանը նրան չնշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Թեեւ մոտ մեկ ամիս առաջ նրա ագրեմանն արդեն ԱՄՆ-ից ստացվել է եւ տեխնիկապես ոչինչ չի խանգարում նրա նշանակմանը: Չնայած «Քաղպայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Նարեկ Մկրտչյանը լավ հարաբերություններ է հասցրել ստեղծել ամերիկյան կողմի հետ, սակայն հենց իր թիմում չի կարողացել համախոհներ ձեռք բերել եւ «թշնամիների» մեծ բանակ ունի, որն էլ լոբբինգ է անում նրա թեկնածության դեմ եւ հույս ունի, որ կկարողանա խոչընդոտել նրա նշանակմանը:
Հիմնական փաստարկն այն է, որ ձախողված նախարարը չի կարող դեսպան նշանակվել նման կարեւորագույն երկրում։ Մյուս փաստարկն էլ այն է, որ նա Սուրեն Պապիկյանի սանիկն է եւ Պապիկյանի «թեւը» սրանով ուժեղանում է:
Նարեկ Մկրտչյանի դեմ հատկապես աշխատում է ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցի շրջապատը: Ի դեպ, Մակունցի պաշտոնավարման չորս տարին լրացել է օգոստոսի 2-ին, մենք գրել էինք, որ նա ստիպված է հետ վերադառնալ, սակայն վաշինգտոնյան հանդիպումը հետաձգեց դա:
Հիմա էլ քննարկում են նրա պաշտոնավարումը երկարացնելու հարցը` օրենքը թույլ է տալիս երկարաձգել, բայց այնուամենանայնիվ, նա ստիպված է վերադառնալ Հայաստան եւ ասում են` արդեն իրերն է հավաքում։ Ոմանք համարում են, որ վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո տրամաբանական կլինի, որ հենց Մակունցը շարունակեր դեսպանի առաքելությունը, չէ՞ որ ՔՊ-ականներն այդ համաձայնագիրը որպես մեծագույն ձեռքբերում են ներկայացնում։ Ոմանք անգամ տարակուսած են, որ Նարեկ Մկրտչյանն ընդգրկված չէր վաշինգտոնյան պատվիրակության կազմում, տրամաբանորեն, ապագա դեսպանը պետք է ուղեկցեր Փաշինյանին: Սակայն դիվանագիտական մեր աղբյուրն ասում է, որ դա արարողակարգի խախտում կլիներ` դեռեւս չնշանակված դեսպանը չի կարող մուտք գործել Սպիտակ տուն եւ մասնակցել հանդիպումներին` եթե նրա նշանակման հրամանը չի եղել եւ հավատարմագիրը դեռեւս ընդունված չէ ԱՄՆ նախագահի կողմից:
Փոխարենը, չգիտես ինչու, մեկնել էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատվիրակության ողջ կազմը, ի դեպ, ժամանակին Քամալա Հարիսին էր պաշտպանում` ընդդեմ Թրամփի: