Հասարակություն

Մինչեւ ոստիկանության գալը կոնֆլիկտն արդեն հարթվել էր, բայց նյութեր են նախապատրաստվում

Մինչեւ ոստիկանության գալը կոնֆլիկտն արդեն հարթվել էր, բայց նյութեր են նախապատրաստվում

Այսօր լուր տարածվեց, որ Երևանի Դավիթաշեն Ձոր 1 թաղամասի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել հունվարի 1-ին, եւ ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով ապրում է նշված հասցեում, ահազանգել է ոստիկանություն։ Մեզ հետ զրույցում Պարույր Հայրիկյանը հաստատեց տեղեկությունը և զարմանք հայտնեց, թե ինչու են հունվարի 1-ի միջադեպի մասին հիմա բարձրաձայնում։ 

«Հին բան է, մարդիկ իրար չեն հասկացել՝ այդքան բան։ Ես այնտեղ չեմ եղել, հետո իմացա։ Երբ որ իմացա, որ իմ տանը մնացող արցախցիները խնդիր են ունեցել, ահազանգեցի, որովհետև ես մեր բնակարանում էի։ Բայց ամեն ինչ կարգավորվել է` խնդիր չկա։ Ես խնդրեցի, որ ոստիկանությունն արագ միջամտի, որ սխալ բաներ չլինեն, հետո իմացա, որ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Հայրիկյանը։

Պարզ ասած` իր տանը բնակվող արցախցիները վիճել են եւ Պարույր Հայրիկյանը զանգահարել է ոստիկանություն, մինչ ոստիկանության գալը վիճաբանողներն արդեն հաշտված են եղել:

Երբ տեղեկացրինք, որ այս գործով Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, Հայրիկյանը տարակուսանք հայտնեց` եթե բողոք չկա, ինչո՞ւ են ընթացք տալիս։

«Ոստիկաններին ես հարցրի, թե ինչ է կատարվում, ասեցին՝ ոչ մի հարց չկա։ Դա երևի իրենց պարտականությունն է` փաստաթղթեր կազմել ու զեկուցել, որ ինչ արդյունքի են հասել։ Դատախազությունը Նիկոլի վերաբերյալ թղթեր է ուղարկել քննչական կոմիտե և դեռ ոչ մի պատասխան չկա։ Հիմա եթե անգամ ուզենան, որ ես գլխացավեր ունենամ՝ այդ մարդիկ ինձ հետ կապ չունեն»,-ասաց Հայրիկյանը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image