ՀՀ իշխանություններն այս տարի որոշեցին մարդահամար անցկացնել երկրում, բայց նոր մեթոդով, որը ենթադրում էր այցելել ամեն չորրորդ տուն։ Հիշեցնենք, որ նախորդ մարդահամարն անցկացվել էր 2011-ին, մշտական բնակչության թվաքանակը 3 մլն 213 հազար էր։
ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը մեզ ասաց, որ այս մարդահամարի արդյունքները կամփոփեն եկող տարվա առաջին եռամսյակում։ «Այս մարդահամարը տարբերվում էր նրանով, որ ժամանակներն առաջ են շարժվել, նոր գործիքներ են ի հայտ եկել, եւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները երկրներին յուրաքանչյուր մարդահամարի շրջափուլից առաջ հանձնարարականներ են իջեցնում, ուրիշ երկրների փորձեր են մեզ ներկայացնում, որպեսզի երկրներն իրենք հասկանան իրենց հնարավորությունները՝ մարդահամարի անցկացման։ Եվ մենք, այս անգամ օգտվելով ռեգիստրների հնարավորությունից մեր երկրում, ընդունեցինք համակցված մեթոդով մարդահամարի անցկացման մեթոդը։ Դա ներառում է ռեգիստրի եւ ընտրանքային հետազոտության տվյալների միավորումը, համակցումը»,- ասաց տիկին Կույումջյանը։
- Իսկ ե՞րբ էր մեկնարկել մարդահամարն ու ե՞րբ է ավարտվել։
- Դաշտային աշխատանքը, այսինքն՝ այն ժամանակահատվածը, երբ որ հաշվարարներն այցելել են ընտրված հասցեներ, ժամկետները սահմանված են կառավարության կողմից եւ այդ ժամկետները երկու անգամ փոխվեցին, առաջինը պիտի լիներ 2020 թվականին, հետո քովիդի պատճառով հետաձգվեց 2021 թվականին, հետո էլ որոշվեց 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը։ Դրանք այդ տասն օրերն են, երբ հաշվարարներն այցելում էին տնային տնտեսություններ, այսինքն՝ այն հասցեները, որոնք նախապես իրենց տրված էին։ Եվ այցելել են ընտրված յուրաքանչյուր չորրորդ հասցեն, այսինքն՝ հասցեների 25 տոկոսը։ Ընդ որում, այս անգամ կար մի նորարարություն եւս, որ ոչ թե թղթային հարցաթերթեր են լրացվում, այլ պլանշետներ էին՝ շարժական համակարգիչներ, որոնցում ներբեռնված էին մարդահամարի հարցաթերթիկները, եւ էդ տվյալները լրացնելուց հետո արդեն կարողանում էին անմիջապես ուղարկել մարդահամարի նպատակով ձեւավորված սերվերներ։
- Իսկ ինչպե՞ս են որոշել, թե որ չորրորդ հասցեն պետք է այցելեն։
- Պատահական ընտրանքով։
- Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում այդ մեթոդի արդյունավետությունը, եթե հասցեների ընդամենը 25 տոկոսն են այցելել։ Ինչպե՞ս եք կարողանում այդպես ընդհանուր պատկերն ստանալ։
- Գիտե՞ք, կամայականությունը մեթոդի առանձնահատկությունն է, դա հնարավոր էր իրականացնել նաեւ յուրաքանչյուր տասներորդ, յուրաքանչյուր քսաներորդ հասցեում, ուղղակի քանի որ առաջին անգամ էր մեր երկիրն անցում կատարել այդ մեթոդին, դրա համար որոշվեց, որ դա լինի 25 տոկոսի շրջանակում, այսինքն՝ յուրաքանչյուր չորրորդ հասցեն։ Բայց երկրներ կան, որ անում են 5 տոկոսի շրջանակում, երկրներ կան, որ անում են 10 տոկոսի շրջանակում, այսինքն՝ դա ըստ երկրների հնարավորությունների եւ անհրաժեշտության է ձեւավորվում։
- Այսինքն՝ նաեւ պետական բյուջեի միջոցների խնայո՞ւմ է տեղի ունեցել, նպատակը դա՞ էր։
- Ընդհանրապես, նաեւ խնայում է եղել։ Մարդահամարն ինքը շատ թանկարժեք միջոցառում է, եթե անցկացնում ես ավանդական մեթոդով, որովհետեւ դրան համապատասխան՝ դու պիտի ընտրես մարդահամարային աշխատակիցներ, իրականացնես նրանց ուսուցումը, վճարես աշխատավարձ եւ այլն։ Իսկ այս պարագայում, օգտագործելով նորագույն տեխնոլոգիայի հնարավորությունները, դու խնայում ես նաեւ բյուջեի միջոցները եւ օգտվում ես նորագույն տեխնոլոգիաներից։ Մեր պարագայում, իհարկե, շատ կարեւոր էր նաեւ այն, որ մեր բնակչության սկզբնաղբյուրը պետական ռեգիստրն էր, որ հատուկ ծրագրային ապահովումով միավորված էր սահմանային եւ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հետ։ Դա պիտի լինի բազային մեր տեղեկատվության աղբյուրը։
- Արդյունքները ե՞րբ եք ամփոփելու։
- Նախնական տվյալները 2023 թվականի առաջին եռամսյակում կլինեն, իսկ մինչեւ տարեվերջ արդեն ամփոփված կլինեն մարդահամարի ամբողջական արդյունքները։
- Դուք կարծում եք, որ այդ 25 տոկոս ծածկույթով կկարողանաք 100 տոկոսին մոտ ճշգրիտ թի՞վ ստանալ։
- Գիտե՞ք, այնպես չէ, որ ես կամ որեւէ մեկը դրա իրավասությունն ունի՝ նման ենթադրություն անել կամ կարծիք հայտնել։ Դա մեթոդաբանություն է, որը հաստատված է աշխարհի լավագույն փորձագետների կողմից եւ փորձարկված է շատ երկրներում։
- Հիմա այն երեք տանը, ուր չեն մտել, եթե այս տարիներին թվակազմի ավելացում կամ նվազում են ունեցել, ինչպե՞ս է արտահայտվելու ընդհանուր պատկերում։
- Դրա համար կա մեթոդաբանություն՝ իրար համակցում ենք բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազային, որը, ինչպես տեղեկացրի, ծրագրային ապահովմամբ միացված է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հետ, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչքան մարդ է երկրում եւ ինչքան մարդ է երկրից դուրս։ Այսինքն՝ դրա համար գոյություն ունի հատուկ մեթոդաբանություն, ինչից ելնելով էլ՝ այդ մեթոդի անունը կոչվում է համակցված։