Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը ոգեշնչվել է Աթաթուրքի արտահայտությունի՞ց

Վահագն Խաչատուրյանը ոգեշնչվել է Աթաթուրքի արտահայտությունի՞ց

Երևի կհիշեք ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի այցը Սյունիք: Վահագն Խաչատուրյանը, որը վերջերս անսպասելիորեն ակտիվացել է և զբաղված է Նիկոլ Փաշինյանի օրակարգի սպասարկմամբ, սյունեցիների հետ հանդիպման ժամանակ փորձում էր նրանց համոզել, որ Սյունիքով անցնող միջանցքի արտապատվիրակումն օտար ուժերին Հայաստանի զարգացման գրավականն է և միջանցքի բացումից հետո մեր երկիրը մեծապես շահելու է: Մի կողմ թողնելով Խաչատուրյանի միտումնավոր կամ ակամայից տարածած ապատեղեկատվությունը, գուցե ֆանտազիաները, որով նա ՀՀ զարգացումը ըստ էության պայմանավորում է անվերապահ կապիտուլյացիայով, ձեր ուշադրությունը հրավիրենք ՀՀ նախագահի կողմից օգտագործված «Սյունիքի դարպասներ» տերմինի վրա:

Թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի հեղինակած՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը. Զանգեզուրի միջանցքի հիմնահարցը» գրքում հիշատակվում է այն հանգամանքը, որ թուրքական մասնագիտական ու քաղաքական միջավայրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պատկանելիության հարցում առանձնակի կարևորություն էր տրվում Մուսթաֆա Քեմալի՝ Աթաթուրքի կողմից Նախիջևանի պատկանելության հարցին: «Մասնավորապես, ըստ գերակա խոսույթի՝ մեր օրերում «միջանցքի» բացումը հնարավոր է Աթաթյուրքի ռազմավարական հեռատեսության շնորհիվ, ով Նախիջևանը դիտարկելով որպես «թյուրքական դարպաս», արել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը, ինչն էլ այսօր թույլ է տալիս ստանալ «անխոչընդոտ ցամաքային կապ» Թուրքիայի և Ադրբեջանի և թյուրքական աշխարհի միջև»… Եվ երկրորդ մեջբերումը նույն գրքից.«Թյուրքական դարպասը, որի հանդեպ Աթաթուրքը մեծ ուշադրություն էր ցուցաբերել, հարյուր տարի անց բացվեց և թյուրքական աշխարհը փաստացի միմյանց միանալու և գրկախառնվելու հնարավորություն գտավ: Հարյուր տարի առաջ գործադրված այս ջանքը այսօր հասավ իր նպատակին՝ հայտարարել է գեներալ Իլքեր Բաշբուղը»:

Զարմանալիորեն շարունակական բնույթ են կրում ՀՀ ներկա իշխանությունների կողմից թուրքական կամ ադրբեջանական խոսույթների կրկնությունը, դրանցով ոգեշնչվածությունն ու հայ հասարակությանը դրանք «ապագայի զարգացման» տեսլականի սոուսի» տակ ներկայացնելը: Եվ այստեղ հարց է ծագում, իսկ Վահագն Խաչատուրյանի այդ զարգացման տեսլականը ո՞ւմ է վերաբերում՝ թյուրքական աշխարհի՞ն, թե հայերի՞ն կամ արդյոք այդ զարգացման տեսլականը որևէ առնչություն ունի հայերի հետ: Սրանք հարցեր են, որոնք պետք է բարձրաձայնել, չնայած պատասխանները կանխատեսելի են…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image