Հասարակություն

Հին Երուսաղեմ, Հայկական թաղամաս․ դադար փոթորիկից առա՞ջ, թե՞ հետո 

Հին Երուսաղեմ, Հայկական թաղամաս․ դադար փոթորիկից առա՞ջ, թե՞ հետո 

Մինչ Պաղեստինի Պետության կամ ինքնավարության մի հատվածում՝ Գազայի գոտում, մոլեգնում է իսլամիստական HAMAS շարժման սանձազերծած պատերազմն ընդդդեմ Zionist entity-ի (Իսրայելի Պետության) եւ փոխադարձաբար Իսրայելի պատերազմն ընդդեմ Պաղեստինի ժողովրդի՝ Գազայից մինչեւ Արեւմտյան ափ, Սուրբ Քաղաքի, այն է՝ Քրիստոնեական, Մահմեդական, Հրեական եւ Հայկական թաղամասերից կազմված եւ պարսպով մնացյալ աշխարհից անջատված Հին Երուսաղեմի ամենակարեւոր հատվածում՝ Սիոն լեռան գագաթին, որ, ինչպես հավատացյալներն են վստահեցնում, Աստծո գտնվելու վայրն է երկրագնդի վրա եւ գտնվում է Երուսաղեմի Հայկական թաղամասում՝ հանդիսանալով հայոց Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անօտարելի սեփականությունը, նոյեմբերի սկզբին միջազգային ուշադրության արժանացած դիմակայություն ծավալվեց։ 

Բավական է ասել, որ Հայկական թաղամասում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ միացյալ հայտարարություն տարածեցին Սուրբ Քաղաքի բոլոր քրիստոնյա համայնքների պատրիարքներն ու առաջնորդները։ 

Քրիստոնյաների ներկայության դեմ ուղղված քայլ

Իրականում Հայկական թաղամասի՝ Սիոն լեռան գագաթին հարող մի հատվածի շուրջ (շուրջ 1հա մակերեսով), որ գերազանցապես ամայի տարածություն է, ծառայում է որպես ավտոմեքենաների կայանատեղի եւ ինչ-որ պատճառով «Կովերու պարտէզ» անունն է կրում, դիմակայությունը սկիզբ է առել 2021-ից։ Ուղղակի 2023-ի նոյեմբերի 1-ը շրջադարձային ամսաթիվ էր, քանի որ այդ օրը Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանատունը պաշտոնապես տարածեց հաղորդագրություն, որում ասված էր․ «Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ նամակ ղրկած է Xana Gardens Ltd-ին, տեղեկացնելով, որ չեղեալ կը նկատէ Երուսաղէմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերու պարտէզ» կալուածի վերաբերեալ 2021 թուականի Յուլիս 8-ին ստորագրուած համաձայնագիրը»։ 

Այնուհետեւ, ի պատասխան համաձայնագրի չեղարկման, Xana Gardens Ltd-ն նոյեմբերի 5-15-ի ընթացքում մի քանի ապօրինի եւ դատապարտելի քայլեր կատարեց։ Նախ, չունենալով կալվածքի սեփականատեր Հայոց պատրիարքարանից, ոչ էլ անգամ Երուսաղեմի քաղաքապետարանից որեւէ թույլտվություն՝ Ճապոնիայից Երուսաղեմ ժամանած Xana Gardens Ltd-ի հիմնական սեփականատեր, մի քանի անուն-ազգանունով հանդես եկող Daniel-Danny Rothman-Rubinstein-Kaufman-ը (այս անձին ստորեւ անդրադարձ կլինի) ապօրինաբար «Կովերու պարտէզ» հասցված բուլդոզերներով կալվածքի պարսպի եւ ասֆալտի մի հատված էր քանդել, բայց ստիպված էր եղել կանգ առնել փաստաթղթերի բացակայության եւ Երուսաղեմի հայ համայնքի դիմադրության պատճառով։ 
Մի քանի օր անց, դժվար է ասել՝ արդյո՞ք իր գործընկեր Rothman-ին քաջալերելու հույսով, թե պատրիարքարանի կողմից՝ 2021-ի հուլիսի 8-ի համաձայնագիրը չեղարկելուց հետո այլեւս վա-բանկ գնալով, գործարքի իրական խմբավար կամ տիկնիկավար George Warwar-ն էր՝ մեկ տասնյակի չափ settler-ի հետ, մի երկու վարժեցրած շուն ու զենք էլ ձեռքներին, ժամանել «Կովերու պարտէզ»: Warwar-ն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ քրիստոնյա, եւ արդեն կասկածից վեր է, որ համագործակցում է հրեա settler-ների հետ (Հրեա settler-ները մտավոր, հոգեկան, հաճախ նաեւ ֆիզիկապես հիվանդոտ անձինք են, որոնք կարծում են, թե Իսրայելի հողերը վերադարձնելու աստվածային առաքելություն ունեն՝ դրանց վրա ապրող պաղեստինցիներին, արաբներին եւ այլոց տեղահանելով)։ Ինչպես Al Jazeera-ն էր հաղորդում, Warwar-ն իր հետ պարտեզ է տարել նաեւ պաղեստինցիների, որպեսզի հայերի տեղադրած պատնեշները հանեն, սակայն պաղեստինցիները, տեղում գիտակցելով, որ հնարավոր է իրենք հրեա settler-ների կողմից են վարձվել, հրաժարվել են որեւէ աշխատանք կատարել եւ հեռացել են։ Նույն օրը, ի տես Հայկական ու Քրիստոնեական թաղամասերի բոլոր ծայրերից արագորեն հավաքված հայ համայնքի դիմադրության, եւ Սուրբ Յակոբեանց Միաբանութեան հոգեւորականների, այդ թվում պատրիարք հոր՝ համայնքային ցույցին միանալուն, Danny Rothman-ը եւ George Warwar-ը նույնպես մի քանի ժամ անց ձեռնունայն հեռացել են։ 

Այդքանից հետո Իսրայելի ոստիկանությունը, փոխարեն ապօրինաբար ճանապարհի ասֆալտ ու պարսպի հատված քանդած Xana Gardens Ltd-ին ու դրա պարագլուխներ Rothman-ին ու Warwar-ին սաստելու եւ տարածքից հեռացնելու, անպատասխանատվություն էր ունեցել «Կովերու պարտէզի» տարածքում բնակվող չորս-հինգ հայկական ընտանիքներին ծանուցելու, որ տարածքից տեղափոխվեն։ Դա՝ այն դեպքում, երբ Իսրայելը Հին Երուսաղեմի տարածքում միայն օկուպանտ ուժ է, Իսրայելի իրավազորությունը չի տարածվել, չի տարածվում ու դժվար թե երբեւէ տարածվի Հին Քաղաքի Քրիստոնեական, Մահմեդական կամ Հայկական թաղամասերի վրա, այլեւս չասած, որ այսօր ողջ աշխարհի կողմից (ներառյալ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ այլն) կրկնվող հանկերգը՝ 1967-ի հունիսի 4-ի սահմաններով Պաղեստինի պետություն հաստատելու մասին, նշանակում է, որ վաղ կամ ուշ Հին Քաղաքը կարող է անցնել Պաղեստինի իրավազորությանը։ 

Առհասարակ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր եւ ապագայում ոչ մի նշանակություն չունի, թե Սուրբ Քաղաքը տվյալ պահին որ երկրի սահմաններից ներս է հայտնվել։ Հին Քաղաքում դրվածքները, սեփականությունը, տարածքների պատկանելությունը պատրիարքարաններին հազարամյակների ընթացքում են հաստատվել, պահպանվել, միջազգային համաձայնություններով երաշխավորվել, հետեւաբար՝ օրվա որեւէ իշխանություն կամ պետություն, որ այսօր գոյություն ունի, վաղը՝ ոչ, չի կարող իրենից առաջ ու իրենից հետո գոյություն ունեցող Հին Քաղաքում իրավունք վիճարկել կամ վտանգել։

Այդքանով էլ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը միանգամայն ճիշտ էր վարվել, որ ի պատասխան հայ ընտանիքներին ներկայացված՝ «Կովերու պարտէզից» տեղափոխվելու պահանջի, պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ Xana Gardens Ltd-ի եւ Իսրայելի ոստիկանության արարքը գնահատելով որպես Սուրբ Քաղաքում հայերի եւ քրիստոնյաների ներկայությունը վտանգելուն ուղղված հստակ քայլ եւ կոչ անելով Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքներին՝ նեցուկ կանգնելու Հայոց պատրիարքությանն ու համայնքին։ Հայկական համայնքի անդամները, երիտասարդներն էլ վրաններ էին տեղադրել եւ գիշերային հերթապահություն հաստատել «Կովերու պարտէզի» տարածքում։

Ի պատասխան մեր պատրիարքության նոյեմբերի 16-ի կոչի, նոյեմբերի 18-ին տարածվեց Երուսաղեմի եւ Սուրբ Հողի քրիստոնյա համայնքների համատեղ հայտարարությունը՝ ի պաշտպանություն հայ համայնքի։ Դրանից հետո նոր զարգացում չի հետեւել։ Rothman-ը, հնարավոր է, ծանրութեթեւ է անում Հայոց պատրիարքարանի կողմից չեղարկված համաձայնագիրը որեւէ փոխհատուցման դիմաց երկկողմ լուծարելու եւ հեռանալու տարբերակը։ Rothman-ը որքան էլ կեղծարար է, խաբեբա, ստախոս ու իրավախախտ, դժվար թե ի հավելումն այդ ամենի նաեւ այնքան հիմար լինի, որ չգիտակցի, որ իր կնքած համաձայնագիրը «Կովերու պարտէզի» վերաբերյալ առոչինչ է, եւ դատական գործընթացի արդյունքում ինքը կարող է առհասարակ ոչինչ չստանալ, որովհետեւ իր ձեռքում անվավեր փաստաթուղթ է, որի անվավեր լինելուն ինքը տեղյակ էր ի սկզբանե։ 

Ինչո՞ւ է համաձայնագիրն առոչինչ 

Այն, որ «Կովերու պարտէզ» կոչվող կալվածքը 49 տարով (եւս 49 տարի երկարաձգելու թողտվությամբ) վարձակալության տալը եղել է հակաօրինական գործարք եւ չեղարկման ենթակա, հայտնի է դարձել ոչ թե այսօր, այլ երկու տարի առաջ՝ 2021-ի հոկտեմբեր-նոյեմբերին, երբ Երուսաղեմի Հայոց պատրիարքության, նույնն է թե՝ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան հոգեւորականների մի ստվար հատվածը, այդ թվում՝ Արիս Սրբազանը (Արիս արք․ Շիրվանեան), Խաժակ Սրբազանը (Խաժակ արք․ Պարսամեան), Գիսակ արք․ Մուրատեանը, Վիգեն արք․ Այքազեանը եւ այլ եպիսկոպոսներ, վարդապետներ, երկու հրապարակային հայտարարություններով (27.10.2021թ․ եւ 15.11.2021թ․) իրազեկեցին ամենքին՝ աշխարհասփյուռ հայությունից մինչեւ Պաղեստինի ինքնավարություն, Սուրբ Քաղաքի քրիստոնեական սրբավայրերի հոգատար Հորդանանի Հաշեմիդյան արքայատուն եւ Իսրայելի իշխանություններ, որ Xana Gardens Ltd-ի հետ կնքված գործարքը չի ներկայացվել ո՛չ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Տնօրէն ժողովին, ո՛չ էլ Միաբանական Ընդհանուր ժողովին, հետեւաբար՝ չի վավերացվել Միաբանական ժողովի կողմից: 

Նման հայտարարությունն ու վկայությունն արդեն նշանակում էին, որ 2021թ․ հուլիսի 8-ի գործարքն առոչինչ է (null and void), որովհետեւ Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան կալվածքները տնօրինելու իրավունքը, համաձայն Միաբանութեան Կանոնագրի, վերապահված է Տնօրէն ժողովին եւ Միաբանական Ընդհանուր ժողովին։ Ընդսմին, մինչեւ 25 տարվա վարձակալական գործարքների դեպքում որոշում կայացնելու իրավասու է նաեւ Տնօրեն ժողովը, սակայն 25-49 տարվա գործարքների պարագայում՝ բացառապես Միաբանական Ընդհանուր ժողովը։ Այդ կանոնը նշանակում է, որ Միաբանական ժողովում քվեարկությամբ եւ ձայների մեծամասնությամբ ընդունվող որոշումը, վավերացվող համաձայնագիրը որեւէ այլ ընթացակարգով չի կարող ընդունվել կամ վավերացվել։ Եթե 2021-ի հոկտեմբերի եւ նոյեմբերի իրենց հայտարարություններով Միաբանական ժողովի անդամները վկայել են, որ չեն եղել Xana Gardens Ltd-ի հետ կնքված գործարքի քննարկում, քվեարկություն, հաստատում Միաբանական Ընդհանուր ժողովում, դա նշանակում է, որ համաձայնագրի կնքման եւ հաստատման ընթացակարգը կեղծվել է՝ արդյունքում հայտնված կեղծ փաստաթղթով, որը որեւէ իրավական ուժ ունենալ չի կարող։ Այդքանով էլ 2021-ի հուլիսի 8-ի համաձայնագիրն առոչինչ է ի սկզբանե։ 

Խնդրո առարկա համաձայնագիրն անառարկելիորեն առոչինչ է նաեւ վավերապայմանների խախտման հիմքով։ Ինչպես պարզաբանված էր հոգեւորականների 27.10.2021թ․ հայտարարությունում, համաձայն Միաբանութեան Կանոնագրի՝ 25-ից մինչեւ առավելագույնը 49 տարվա վարձակալության ժամանակաշրջան նախատեսող համաձայնագրերը պետք է ստորագրվեն նվազագույնը երեք անձի կողմից՝ Պատրիարք Սրբազան Հոր (Սուրբ Աթոռը թափուր լինելու պարագայում Տեղապաhի կամ Պատրիարքական փոխանորդի), Լուսարարապետի, Միաբանական ժողովի ատենապետի եւ Տնօրէն Ժողովի ատենապետի։ Ընդսմին, պատրիարքի եւ Միաբանական Ընդհանուր ժողովի ատենապետի ստորագրությունները պարտադիր են։ Մինչդեռ Xana Gardens Ltd-ի հետ 2021-ի հուլիսի 8-ի համաձայնագրի ներքո դրված են Պատրիարքի, Լուսարարապետի եւ այն ժամանակ Կալվածոց տեսուչ, այժմ կարգալույծ Պարետ Երիցյանի ստորագրությունները։ 

Այլ կերպ ասած՝ համաձայնագրի ներքո բացակայել է երկու պարտադիր ստորագրություններից մեկը՝ Միաբանական Ընդհանուր ժողովի ատենապետի ստորագրությունը, եւ եղել է Կալվածոց տեսուչի ստորագրությունը, ով ստորագրելու իրավունք չուներ։ Համաձայնագրի վավերապայմանների ապահովված չլինելը նշանակում է, որ այն առոչինչ է եւ այդպիսին է եղել ի սկզբանե։ 

Շարունակելի

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image