Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանը երեկ միանգամից երկու ռեկորդ սահմանեց

«Հրապարակ». Փաշինյանը երեկ միանգամից երկու ռեկորդ սահմանեց

Մենք նախորդ օրը գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շատ գոհ է վերադարձել Սոչիից, թիմին ասել է, որ հարթել է Ռուսաստանի հետ հարաբերություններում եղած բոլոր կնճիռները` ինքն ասել է, որ պատրաստ է ստորագրել նախատեսված փաստաթուղթը, Իլհամ Ալիեւն է ձախողել դրա ստորագրումը: Եվ ոգեւորությունն այնքան մեծ է եղել, որ պատրաստվում է այս անգամ արձագանքել Ալիեւի` Շուշիում հնչեցրած լկտի սպառնալիքներին: Անգամ գրել էինք, որ հենց կառավարության նիստում է դա անելու: Այդպես էլ եղավ:

Նիկոլ Փաշինյանը կառավարության գրեթե մի ամբողջ նիստ նվիրեց Իլհամ Ալիեւի ելույթին արձագանքելուն։ Ուղիղ երեսուն րոպե նա փորձում էր Ալիեւի պորտը տեղը դնել։ Հանուն արդարության ասենք, որ այս անգամ Փաշինյանն ավելի «դուխով» ելույթ ունեցավ՝ առանց խաղաղություն մուրացող տեքստերի։ Նույնիսկ համարձակվեց Ալիեւի ելույթին գնահատականներ տալ՝ «հոխորտանք», «տխրահռչակ» եւ այլն։ Նա մանրամասն հիշեցրեց, թե ինչպես եւ որ կետերով է Ալիեւը խախտում իրենց ձեռք բերած բոլոր պայմանավորվածություններն ու եռակողմ հայտարարության կետերը։ Նրան անվանեց ցեղասպան, ավելի ճիշտ՝ հիշեցրեց թշնամի պետության ղեկավարի ցեղասպան քաղաքականության մասին։ Ընդգծեց նաեւ Ադրբեջանի զինուժի կողմից մի քանի անգամ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու եւ այնտեղից դուրս չգալու մասին եւ պնդեց, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում երբեք չի փոխվի՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից, եւ վերջ։

Ի դեպ, նա թափանցիկ ակնարկով դիրքորոշում հայտնեց նաեւ Արցախում (որին շարունակում է ալիեւյան բառապաշարով «Լեռնային Ղարաբաղ» անվանել) ռուս խաղաղապահ զորախմբի՝ անժամկետ մնալու անհրաժեշտության մասին՝ երկու անգամ կրկնելով, որ զորախումբը 5 տարին լրանալուց հետո «ինքնաբերաբար» շարունակելու է մնալ Ղարաբաղում: Թերեւս, այս հայտարարությունը ռուսական կողմի հետ համաձայնեցված էր: Նա հիշեցրեց նաեւ, որ Ալիեւի կատարած գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ վերջինս ոչ միայն սպառնում է, այլեւ արդեն նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն իրականացնել՝ այդ ամենն ընդգծելով Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին մեկնաբանությունների ֆոնին, որոնք, ըստ Փաշինյանի, կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը:

Հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Արցախում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: «Կրկնում եմ՝ ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, եւ փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,- ասաց Փաշինյանը՝ հասկացնելով, թե կողմ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում մնան անժամկետ։ Չէ՞ որ Արցախի անվտանգության երաշխավորն արդեն երկու տարի է՝ ռուսներն են, Հայաստանի իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ձեռքերը լվացել են Արցախից ու այլեւս ի զորու չեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Ուստի, Հայաստանի ղեկավարն այսօր բաց տեքստով հասկացնում է, որ Արցախի ճակատագիրը ռուսների ձեռքում է, եւ որ Ալիեւը զուր ջանքեր է գործադրում ռուս խաղաղապահներին երկու տարի անց Արցախից «հանելու» հարցում։

Այս իմաստով, կարելի է ասել, Փաշինյանը ռեկորդ սահմանեց՝ վերջապես փոքրիշատե համարձակ ու Հայաստանի եւ Արցախի շահերը գոնե առերեւույթ չոտնահարող ելույթ ունենալով։
Բայց երեկվա նիստին Փաշինյանը մի ռեկորդ էլ սահմանեց, այս անգամ՝ բացարձակ ռեկորդ։ Նա մոտ 30 րոպե ելույթ ունենալուց հետո անցավ կառավարության նիստի օրակարգի հաստատմանը, օրակարգը հաստատեց, հետո առաջարկեց օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկել չզեկուցվող հարցերի կարգավիճակով։ Բոլորը համաձայնեցին։ Դրանով Փաշինյանը հայտարարեց, որ օրակարգը սպառված է, նիստը՝ ավարտված։ Այսպիսի բան չէր եղել նախկինում։ Այն, որ այս կառավարությունը չզեկուցվող հարցերի քանակով ռեկորդակիր է, բազմիցս արձանագրել ենք, բայց որ կգերազանցեր իր իսկ ռեկորդը՝ նիստի ժամանակ ոչ մի հարց չզեկուցելով, սա նորություն էր։ Եթե այսպես շարունակվի, կառավարության նիստերը կարող են դառնալ ընդամենը քաղաքական հայտարարությունների հարթակ՝ առանց որեւէ օրակարգային հարց քննարկելու։ Այսինքն՝ կգանք այն կետին, թե ինչպես ժամանակին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը որոշեց փակել կառավարության նիստերը, երբ Սերժ Սարգսյանն էր դառնում վարչապետ, որպեսզի հանրությունը չիմանա, թե ինչ հարցեր են քննարկվում գործադիրում։ Եվ դա արվեց այն պատճառաբանությամբ, որ հեռարձակումը վնասում է քննարկումների անկեղծությանը, կառավարության անդամները կաշկանդվում են տեսախցիկների ներկայությունից:
Ի դեպ, ոչ թափանցիկ գործելաոճի համար հազար բացատրություն կարելի է հորինել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image