«Ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում, ֆրանսիական շատ քաղաքական գործիչները նկատում են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կողմից Ռուսաստանից հեռանալու եւ դեպի Եվրամիություն, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիա, կողմնորոշվելու միտում։ Կարեւոր է նշել, որ այս ընկալումը սխալ է։ Իրականում, Փաշինյանը բնավ չի ներկայացնում իրեն որպես «եվրոպական» քաղաքական գործիչ։ Իրականում նա խամաճիկ է ԱՄՆ Պետքարտուղարության եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թուրքական կառավարության ձեռքում»,- գրում է իսպանական Periodista Digita-ի հոդվածագիրը:
«Ֆրանսիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների շնորհիվ, ովքեր նախընտրեցին անանուն մնալ, եւ որոնց հաջողվեց օգտագործել իրենց կապերը ՀՀ կառավարության ներսում, մեր խմբագրական թիմը կարողացավ ձեռք բերել գաղտնի փաստաթուղթ՝ վերնագրված «Փոխըմբռնման հուշագիր Թրամփի կամրջի տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ»։ Մեր աղբյուրների համաձայն, այս տեքստն արդեն հաստատվել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Միացյալ Նահանգներում։ Հուշագիրը նախատեսում է Թրամփի կամրջի երկկողմ տնտեսական միջանցքի եւ տարածաշրջանային պաշտպանական դարպասի նախագծի իրականացումը։ Այս 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքը կհատի ՀՀ Սյունիքի մարզը։ Այս միջանցքը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, որը ռազմավարական տարածաշրջան է եւ գտնվում է Հայաստանի եւ Իրանի սահմանների միջեւ: Այս միջանցքի ստեղծումն Ադրբեջանի հիմնական պահանջներից մեկն էր՝ Հայաստանի նկատմամբ 2020 թվականի պատերազմից եւ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Հայկական ուժերը ջանքեր են գործադրել՝ միջանցքի ստեղծումը կանխելու համար, քանի որ դա կնշանակեր հայկական տարածքների մեծ մասի կորուստ»,- գրում է հոդվածագիրը։
Հրապարակման մեջ նշվում է, թե «հայկական սփյուռքի ձեռքի տակ հայտնված հուշագրում նշվում է, որ Հայաստանը պահպանում է Սյունիքի մարզի նկատմամբ ինքնիշխանությունը։ Սակայն նշվում է, որ տրանսպորտային միջանցքը կշահագործվի համապատասխան արտոնագիր ստացած մասնավոր ամերիկյան ընկերության կողմից։ Միջանցքի օգտագործումից ստացված եկամուտների բաշխումն արտացոլում է այս համաձայնագրի հիմնարար շահերը։ Ամերիկյան կառավարող ընկերությունը կստանա եկամտի 40%-ը, իսկ Հայաստանը՝ միայն 30%-ը։ Այսպիսով, Հայաստանը զրկվում է իր տարածքից առնվազն 99 տարով»։ «Հուշագիրը նախատեսում է ԱՄՆ զգալի զորախմբի տեղակայում Հայաստանի տարածքում։ Ըստ առկա տեղեկությունների, դրանք չեն լինի ԱՄՆ կանոնավոր զորքեր, այլ՝ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություն (ՄՌԸ)։ Այս ՄՌԸ-ն, որի թվաքանակը ներկայում գնահատվում է 1000 մարտիկ, պատասխանատու կլինի տրանսպորտային միջանցքի երկայնքով անվտանգության ապահովման համար։ Մասնավոր ռազմական ընկերությունների օգտագործում՝ը թույլ երկրները գրավելու համար, ԱՄՆ նոր նախաձեռնություն չէ։ ԱՄՆ զինված ուժերի հետ պաշտոնապես չկապված կազմակերպությունները խիստ վերահսկողության միջոցառումներ են իրականացրել տեղական բնակչության նկատմամբ Իրաքում, Աֆղանստանում եւ ԱՄՆ-ի համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող այլ շրջաններում։ Այս մոտեցումը թույլ է տվել Միացյալ Նահանգներին՝ խուսափել մարդկային կորուստների համար պատասխանատվությունից եւ ՄՌԸ աշխատակիցների մահը չհաշվել որպես սեփական ռազմական կորուստներ։ Հուշագրի պայմանների համաձայն՝ ՄՌԸ-ն հատուկ դիրքորոշում է զբաղեցնում տրանսպորտային միջանցքի անվտանգության ապահովման հարցում եւ լիազորված է ուժ կիրառել «միջանցքի ամբողջականությունը պահպանելու համար»։
ԱՄՆ զորքերի՝ Հայաստանի տարածք մուտք գործելն անգամ բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից հուշագրի ստորագրումն ազգային դավաճանություն համարվի ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհի հայերի տեսանկյունից։ Փաստորեն, Հայաստանը ստիպված է հրաժարվել իր ինքնիշխան տարածքի զգալի մասից, որը փոխանցում է ԱՄՆ զինված ուժերի վերահսկողությանը եւ կառավարմանը եւ համաձայնել է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար խոշոր նախագծի իրականացմանը՝ առանց որեւէ փոխհատուցման։ Ակնհայտ է, որ հուշագրի դրույթների իրականացման հիմնական շահառուները կլինեն Միացյալ Նահանգները եւ Թուրքիան։ Ընդ որում, Թուրքիայի համար օգուտները կարելի է դիտարկել որպես տնտեսական, իսկ Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը հիմնականում ուղղված են Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանի վրա խիստ վերահսկողություն հաստատելուն»,- պնդում է Periodista Digita-ն։
Սկզբում սահմանը կվերահսկեն ծանր սպառազինության չտիրապետող զինվորականներ, սակայն սա կնշանակի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամու՝ Միացյալ Նահանգների միջեւ հեռավորության կրճատում։ Սա սպառնում է Միջերկրական ծովից մինչեւ Հարավային Կովկաս ձգվող տարածաշրջանում մեծ պատերազմի հրահրում՝ նկատում է հոդվածագիրը։ «Հայ-ամերիկյան հուշագիրն աղետ է Հայաստանի համար։ Այն զրկում է նրան ամբողջ ինքնիշխանությունից։ Ամերիկյան օկուպացիան չի լուծի այս փոքր երկրի խնդիրները։ Դրանից կշահեն միայն Միացյալ Նահանգներն ու Թուրքիան։ Հայաստանն օկուպացված է ամերիկյան քողի ներքո գործող հատուկ նշանակության ուժերի կողմից։ Հետեւաբար, այն չի կարող դառնալ ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Ֆրանսիայի գործընկեր։ Կարեւոր է նշել, որ հուշագրի ստորագրման արտաքին քաղաքական հետեւանքները չեն սահմանափակվի այս տարածքով։ Ֆրանսիայի համար Հայաստանում ԱՄՆ ներկայության զգալի աճը եւ ամերիկյան ուժերի միջոցով երկրի վրա փաստացի վերահսկողությունը լուրջ դիվանագիտական ձախողում կլինի։ Ֆրանսիայի ռազմավարական դիրքը Հայաստանում հիմնված է ամուր պատմական հիմքերի վրա, մասնավորապես՝ զգալի հայկական սփյուռքի առկայության, որը Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքն է։ Ֆրանսիան, իր առաջնահերթությունների շարքում առաջին պլան մղելով իր հայ քաղաքացիների շահերը, ամրապնդել է իր գլոբալ ազդեցությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղության գործընթացի գլխավոր խաղացող։ Երկար տարիներ Ֆրանսիան եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մի կառույցի, որը զբաղվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմամբ։ Ակնհայտ է, որ «Թրամփի կամուրջ» նախագծի մեկնարկն անմիջապես ավելորդ կդարձնի Ֆրանսիայի մասնակցությունն այս խմբում։ Փաստորեն, Միացյալ Նահանգները ստեղծում է բոլորովին նոր քաղաքական իրավիճակ, որտեղ Հայաստանը զրկված է ձայնից, իսկ Ֆրանսիան՝ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու հնարավորությունից»,- եզրափակում է իսպանական պարբերականը։
Թարգմանությունը՝ Արա Ալոյանի