Երեկ տեղեկացրել էինք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման թեմայով Վրաստանի շրջաններից մեկում հանդիպել են հայ և ադրբեջանցի փորձագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, սակայն մասնակիցների կազմը՝ բացառությամբ Ստեփան Գրիգորյանի, չէինք կարողացել պարզել։ Այսօր commonspace.eu կայքում զետեղված լուսանկարից հայկական կողմի մասնակիցներից ճանաչեցինք նաև ակադեմիկոս Ալեքսանդր Մանասյանին, իսկ Ադրբեջանից հայ-ադրբեջանական երկխոսությանը մասնակցել են քաղաքագետ, Ալիևի նախկին խորհրդական Էլդար Նամազովը և «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը։
Տեղեկանում ենք, որ հայ-ադրբեջանական երկխոսությանը մասնակցող «ակադեմիկոսների, քաղաքական փորձագետների և ուղեղային կենտրոնի ներկայացուցիչների» հանդիպումը կայացել է Վրաստանի Կաչրետի քաղաքում։
Հանդիպման մասնակիցները նախքան քննարկումը մեկ րոպե լռությամբ հարգել են ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված հայերի և ադրբեջանցիների հիշատակը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր LINKS Europe- ի կողմից`Հայաստանի քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և Ադրբեջանի քաղաքականության վերլուծության կովկասյան կենտրոնի հետ համատեղ, Եվրոպական Միության աջակցությամբ:
LINKS Europe-ն աջակցում էր Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը 1997 թվականից, և, մասնավորապես, նման փորձեր արել է նաև 2016 թվականին՝ 4-օրյա պատերազմից հետո։
Հաղորդվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում. մասնակիցները գնահատել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը, 44-օրյա պատերազմից հետո խաղաղության և հակամարտության խնդիրները և խաղաղության հեռանկարները: Դրական են գնահատվել ներկայում քննարկվող և առաջարկվող խաղաղության տարբեր նախաձեռնությունները։
Հանդիպման ընթացքում գտնվել են վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումների մի քանի գործնական գաղափարներ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աշխատել հետագա մշակումների ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծվել է երեք աշխատանքային և երեք կոնտակտային խումբ: Աշխատանքային խմբերի ուշադրության կենտրոնում են հումանիտար, մշակութային, կրթական, տնտեսական գործունեության, կապի խնդիրները և բազմազանությունը։ Կոնտակտային խմբերը կզբաղվեն լրատվամիջոցների, երիտասարդության, կանանց և գենդերային հարցերով:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հարավային Կովկասում և Վրաստանում հակամարտության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչներ։