Նիկոլ Փաշինյանի աթոռի շրջակայքում մարդիկ են աշխատում, որոնք բառիս բուն իմաստով քաղաքական հարձակում են սկսում նրանց դեմ, ումից վտանգ են զգում։ Նրանցից մեկը Ստյոպա Սաֆարյանն է, ով շատ բանով է պարտական Նիկոլի աթոռին՝ չթվարկեմ։ Աթոռի շուրջ ծառայության դիմաց դարձել է «պետական խոսափող»։ Նիկոլին չի պարտական, այլ՝ Նիկոլի աթոռին։ Նա հեգնում, ծաղրում է Նարեկ Կարապետյանին, ով ասում է․ «Վարչապետը մեր օրոք ստանալու մեկ դրամ»։ Սաֆարյանի հակափաստարկը հետևյալն է․ ․ «Հետաքրքիր է՝ եթե պրոֆեսիոնալ, աղա տղեն (տղերքը) կարողանում է (են) ու պատրաստ է (են) 1 դրամով ՀՀ վարչապետ աշխատել, նույն տղերքն ինչու՞ էին տասնամյակ շարունակ ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում: ՀԷՑ-ի ղեկավարության ստացած միլիոնների հաշվին հնարավոր կլիներ ժողովրդի հոսանքի սակագինն իջեցնել ոչ թե 20 լումայով, ինչպես հիմա էին ուշացումով պնդում, այլ 20 դրամով»։
Սաֆարյանը այս նույն հարցը կարող էր ուղղել նաև Դոնալդ Թրամփին, երբ նա հայտարարում էր՝ «նախագահ դառնամ՝ աշխատավարձ չեմ վերցնի»։ Բայց այնտեղ նա լռում է, քանի որ հասկանում է հիմքը․ դա բիզնես ֆինանսական անկախությունն է, ոչ թե պոպուլիզմը։
Երբ Թրամփը 2017-ին դարձել էր ԱՄՆ նախագահ, նա հայտարարեց, որ չի ընդունելու տարեկան մոտ 400.000 դոլար աշխատավարձը։ Օրենքը արգելում է ամբողջությամբ հրաժարվել դրանից, ուստի նա աշխատավարձը վերցնում էր և յուրաքանչյուր եռամսյակ նվիրաբերում պետական կառույցների։ Դա մաքուր սիմվոլիկ քայլ էր՝ ցույց տալու, որ ինքը պաշտոնը չի զբաղեցնում փողի համար, այլ քաղաքական ազդեցության ու ծրագրերի իրականացման համար։ Թրամփին դա թույլ էր տալիս իր՝ տարիներով ստեղծած խոշոր բիզնես հենարանը։
Այսինքն՝ իրականում «անվճար աշխատող» չէր լինում, բայց աշխատավարձը չուներ որևէ նշանակություն նրա համար։ Իսկ քաղաքական ուղերձը հստակ էր՝ «Իմ եկամուտը պետությունից չի կախված»։
Սաֆարյանը կարող էր նույն տրամաբանությամբ մոտենալ նաև այս դեպքում։ Բայց չէ․ այստեղ հարձակվում է, որովհետև հասցեատերը Կարապետյաններն են, որոնք կարող են նման սիմվոլիկ քայլ անել, քանզի ունեն ֆինանսական անկախություն, բիզնես հենարան։
Հիմա հարցը՝
Իսկ ի՞նչ ունեին Նիկոլը և նրա թիմը մինչև իշխանության գալը։ Հենց իրենց խոստովանմամբ՝ «ծակ ու դատարկ գրպաններ»։
Այսինքն, եթե այսօր նրանց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է վարչապետը ստանալ մեկ դրամ աշխատավարձ, պատճառն այն է, որ իրենք եկել էին իշխանության դատարկ գրպաններով։ Նրանց նպատակը այդ գրպանները լցնելն էր, որը և արեցին։
Ու հիմա, բնականաբար, ծաղրում են ցանկացած ուժի, որը հայտարարում է այն, ինչ իրենք երբեք չէին կարող անել՝ ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական սահմանափակ լինելու պատճառով։ Ուստի Ստյոպա Սաֆարյանին կարելի է հարցնել՝ ի՞նչն է Կարապետյաններին թույլ տալիս նման հայտարարություն անել։ Նրանց անձնական ֆինանսական հնարավորությունները, բիզնես հենարանը։ Եվ հենց դա է պատճառը, որ ձեր իշխանության սիրտը կանգնում է այս մտքից․ որովհետև, երբ մարդը կախված չէ պետական, պաշտոնական աշխատավարձից, նա անկախ է։ Իսկ անկախ մարդը վտանգավոր է ձեր համակարգի համար, որը գոյատևում է միայն աթոռի ուժով։