Այս տարի, ի թիվս մի շարք դասագրքերի, 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը եւս ուղարկվեց կրկնակի փորձաքննության,։ Որպես պատճառ՝ այս դեպքում նույնպես առաջ քաշվեց այն, որ գնահատումը «մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին ոչ համապատասխան է իրականացվել»։
«Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել էին դիտարկումներ, որոնք լրամշակելու նպատակով ներկայացվել էր հեղինակին: Որից հետո լրամշակված դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության, որի արդյունքում դասագիրքը հաղթահարել է գնահատման համար սահմանված անցողիկ շեմը: Նախարարություն է ներկայացվել դասագրքի լրամշակված տարբերակը»,- արձանագրել էր մրցութային հանձնաժողովը եւ ձայների 5 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել լրամշակված դասագիրքը հանրակրթական ուսումնական հաստատությունում գործածության երաշխավորելու համար ներկայացնել նախարարի հաստատմանը:
Հիշեցնենք, որ կրկնակի փորձաքննություն անցած եւ ի վերջո նախարարության կողմից երաշխավորված դասագրքի հեղինակը նույն պատմաբանն է` Սմբատ Հովհաննիսյանը, ում հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի շուրջ անցած տարի մեծ աղմուկ էր բարձրացել։
Այն, որ նախարարությունն այս էլ որերորդ առարկայի դեպքում պաճառ է բերում գնահատման սանդղակի ոչ ճիշտ կիրառումը եւ ձեւավորում նոր հանձնաժողով, խոսում է այն մասին, որ իրականում նախարարության համար ոչ հաճո կարծիքով է պայմանավորված կրկնակի փորձաքննության ուղարկելու հանգամանքը։
Օրեր առաջ գրել էինք, որ դասագիրքը փորձաքննած առաջին հանձնաժողովն ունի դժգոհություններ, քանի որ, մի կողմից, նրանց կարծիքը հաշվի չի առնվել` գնահատման ոչ ճիշտ սանդղակով պայմանավորված, մյուս կողմից` փորձագետների եզրակացություններն ինչ-ինչ ճանապարհներով հասել են դասագրքի հեղինակին, ով օգտվել է դրանցից եւ փոփոխություններ արել ուսումնական նյութում: Այս փաստից վրդովված՝ փորձագետները հանդիպում էին խնդրել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ, քանի որ ստացվում է՝ արտաքուստ իրենց կարծիքը հաշվի չեն առել` մերժել են, բայց, իրականում, իրենց դիտողությունները հիմք են ընդունել եւ ծածուկ փոփոխություններ արել դասագրքում` դրանով խախտելով այդ մասնագետների հեղինակային իրավունքը, ովքեր փորձաքննել են դասագիրքը: Այլ կերպ ասած՝ դասագրքի հեղինակին հիմա էլ կարող են մեղադրանքներ ներկայացնել՝ գրագողության մասով, որ օգտվել է փորձագիտական եզրակացություններից, առանց հեղինակային իրավունքը պահպանելու:
8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը փորձաքննած առաջին հանձնաժողովի անդամների թվում է նաեւ Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար Հակոբ Մուրադյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հանդիպել են փոխնախարարի հետ, բայց իրենց հետաքրքրող որեւէ հարցի սպառիչ պատասխան այդպես էլ չեն ստացել, ուստի առաջիկայում հանդես են գալու հայտարարությամբ՝ հրապարակելով փորձագիտական խմբի կարծիքը։
Ինչո՞վ է բացատրում նման վերաբերմունքը, ԿԳՄՍ փոխնախարարը, ով նաեւ դասագրքերի մրցութային հանձնաժողովի նախագահն է, ի՞նչ հիմնավորումներ ու փաստարկներ է ներկայացրել իրենց։ «Իբրեւ թե, համաձայն գնահատման սանդղակի, չի արվել գրախոսությունը, եւ դրա պատճառով մեր գրախոսությունը համարվել է առոչինչ»,- կարճ հավելեց Հ․ Մուրադյանը։
Ճի՞շտ է, որ իրենց՝ հանձնաժողովի գրախոսությունը, այդուհանդերձ, դասագրքի հեղինակի մոտ է հայտնվել, եւ որից վերջինս օգտվել է։ «Ես չեմ կարող պնդել, որ մեր գրախոսությունը հայտնվել է հեղինակի մոտ, բայց մենք համեմատել ենք, եւ դիտողությունների որոշակի զգալի հատված համընկել է, իսկ այս դեպքում հարց է առաջանում, թե ոնց է դիտողությունների զգալի մասը, ըստ էության, կրկնվում»,- ասաց զրուցակիցս ու հրաժարվեց ավելին մանրամասնել՝ նշելով միայն, որ շուտով կհրապարակեն իրենց հայտարարությունը՝ մասնագիտական կարծիքներով հանդերձ, որտեղ մանրամասն ամեն ինչ կպարզաբանեն։ Հնարավո՞ր է դատարան էլ դիմեն։ «Հայտարարությամբ հանդես կգանք, հետո կհասկանանք՝ ինչ է լինելու»։
Հատկանշական է, որ առաջին հանձաժողովը, որը մոտ 2 ամիս աշխատել է դասագրքի վրա, ներկայացրել է մասնագիտական գնահատականներ, դիտողություններ, չի վարձատրվելու կատարած աշխատանքի համար։ Հ․ Մուրադյանը նկատում է՝ քանի որ համարվել է, որ ընթացակարգի խախտմամբ է իրականացվել գրախոսությունը, դրա համար փորձագետները փորձագիտական կարծիքներ գրելու համար չեն վարձատրվելու։
Ի սկզբանե իրենք գնահատման սանդղակը չե՞ն ուզել։ «Չենք իմացել, թյուրիմացություն է եղել, իրենք էլ չեն տրամադրել մեզ․․․, դե որ իմանայինք՝ սանդղակ կա, ըստ այդմ կանեինք, պարզ չէ՞»,- կարճ պարզաբանեց Մուրադյանը։
Նկատենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ-ն էլ քննադատեց ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ 8-րդ դասարանի պատմության դասագիրքը մտնի դպրոց։ Ըստ ռուսական կողմի` այդ դասագրքում խեղաթյուրված են 18-րդ դարի վերջի եւ 19-րդ դարասկզբի իրադարձությունները: Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ում սադրիչ են որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արեւելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արեւելյան Հայաստանի «բռնակցում»: ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը հաջորդիվ արձագանքեց նաեւ ԿԳՄՍՆ-ն՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կիրականացվի փոփոխություն։