Քաղաքականություն

Պետք է զգույշ լինենք՝ ատելության խոսք չտարածվի․ Արտակ Զեյնալյան

Պետք է զգույշ լինենք՝ ատելության խոսք չտարածվի․ Արտակ Զեյնալյան

Գյումրու ընտրություններին ընդառաջ Տիգրան Հակոբյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ նախընտրական պայքարն, այդ թվում լրատվամիջոցներում, արդեն ընթանում է: «Ցավով պետք է արձանագրենք, որ հաճախ հայկական մեդիայի քարոզչական բովանդակության առաջնություններից է ոչ թե ծրագրերին, գաղափարներին, տեսլականին ազատ մրցակցային հարթակ տրամադրելը, այլ ատելության խոսքը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքը, արհամարհանքը հակառակորդի նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ։ Հանկարծ նկատեցին, որ քարոզարշավի մեկնարկը չտրված թեժ քարոզարշավի մեջ են մտել բոլորը եւ հատկապես` իշխանությունը: Իսկ երբ տարիներ շարունակ մամուլն ահազանգում էր, որ օրենք է խախտվում` չի կարելի քարոզարշավից առաջ քարոզչություն իրականացնել, մեզ լռեցնում էին, թե` օրենքի խախտում չկա:
Օրենքով արգելված գործընթաց են սկսե՞լ ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուները, ի՞նչ խնդիրներ եք արձանագրել, որպես ոլորտից լավատեղյակ անձ, հարցրեցինք «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, ով տեւական ժամանակ ընտրական գործընթացներն է համակարգել: Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ քարոզարշավ անելը արգելված չէ ընտրական իրավահարաբերություններից դուրս, ասում է՝ խնդիրը այն է, որ նախընտրական քարոզարշավը չիրականացվի լռության համար նախատեսված օրը, եւ բուն քվեարկության օրը։ 

«Դրանից առաջ կուսակցական կամ քաղաքական քարոզչությունն արգելված չէ»,-նշեց նա։ Նախորդած տարիներին նախընտրական շրջանը բավականին թեժ էր ընթանում, մինչեւ բուն ընտրության օրը թեկնածուներն իրար «փոր էին թափում», էլ գող փիսո, էլ քաչալ շուն, հայհոյանքներ, վիրավորանքներ։ Ի՞նչ իրավիճակ է այժմ, առողջ մրցակցություն կա՞։
«Ընտրությունների ժամանակաշրջանում իրավիճակը, լեքսիկոնը թեժանում է։ Պետք է նաեւ զգույշ լինել, որ այն ատելության խոսքի չվերածվի։ Գուցե այս տարի դեռեւս չունենք նախկին տարիների պատկերը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Փարաքարում եւ Գյումրիում մարտի 30-ին սպասվում  են ՏԻՄ ընտրություններ։ Թեկնածուների բազմազանության հարցում հատկապես թեժ է Գյումրիում։ Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու քաղաքապետի աթոռի համար պայքարի դուրս ելածների թիվը գերազանցում է սպասելիքները։ Արտահերթ ընտրություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու նախկին անդամ, ԲՀԿ-ական, հետո անկուսակցական դարձած Արտյոմ Ղարաղազարյանը, ՔՊ-ի քաղաքապետի պաշտոնակատար, բոլորովին վերջերս իշխող ուժի շարքերը համալրած Սարիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Մենք» ՀԿ ղեկավար, գործարար Կարեն Սիմոնյանը։ Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտնել են նաեւ «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», Կոմունիստական եւ այլ կուսակցություններ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image