Քաղաքականություն

«Հրապարակ». Շվեյցարիան պատրաստ է զբաղվել գերիների հարցով, եթե Հայաստանը դիմի

«Հրապարակ». Շվեյցարիան պատրաստ է զբաղվել գերիների հարցով, եթե Հայաստանը դիմի

Փաշինյան-Ալիեւ-Թրամփ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթը իշխանությունները ներկայացնում են որպես պատմական հաջողություն, սակայն Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ այն բաց թողնված մեծ հնարավորություն էր՝ գերիների ազատման հարցը պայմանագրի մաս դարձնելու համար։ Փոխարենը, Հայաստանը բավարարվել է Թրամփի բանավոր խոսքով, որը գործնական ազդեցություն քիչ է ունենալու Ալիեւի վրա։ Բեգլարյանը նշում է, որ իշխանությունների անգործությունը, այդ թվում՝ Շվեյցարիայի առաջարկած օգնությունը չօգտագործելը, վկայում է քաղաքական կամքի բացակայության մասին, եւ չի բացառվում, որ գերիների թեման դիտավորյալ պահվում է որպես ներքաղաքական խաղաքարտ։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Սպիտակ տանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կխնդրի ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։ Արտակ Բեգլարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ տեսանելի, փաստաթղթավորված հիմք չկա, որ հայ գերիների ազատ արձակման հարցով զբաղվելու են։ Ըստ նրա՝ լավագույն տարբերակը կլիներ այն, որ այդ փաստաթղթի ստորագրման նախապայման լիներ գերիների ազատումը։

«Չնայած այս ամենին, որոշակի հույսեր կան, հաշվի առնելով այն տեսանյութը, որտեղ Թրամփն այդ մասին խոսում է։ Բայց ես չեմ կարծում, որ Ալիեւը զուտ Թրամփի խնդրանքով, առանց գործնական ճնշման 23 գերիներին կազատի։ Ավելի հավանական է, որ մի մասին ազատի, նրանց, ովքեր քաղաքական հետաքրքրություն չեն ներկայացնում։ Այնտեղ կան անձինք, ովքեր Ադրբեջանի իշխանությունների համար ավելի քիչ կշիռ ունեն։ Ես հիմա ունեմ այն համոզմունքը, որ Ալիեւը դեռեւս փորձելու է գերիներին պահել՝ հետագա քաղաքական առեւտուրների համար ե՛ւ Հայաստանի հետ, ե՛ւ հնարավոր միջնորդների»,- նշեց նա։ 

ԱՄՆ-ում Փաշինյան-Ալիեւ-Թրամփ հանդիպմամբ ստորագրված փաստաթղթերով Ալիեւը Հայաստանից ստացավ իր բաղձալի ճանապարհը։ Իշխանականներն այս փաստաթուղթը մատուցում են որպես դարի կարեւորագույն իրողություն եւ դրա հետ կապում մեր ժողովրդի ապագան, երկրի խաղաղությունը, տնտեսական հաջողությունները, մի խոսքով՝ ինչ կարող են, ասում են։ Բեգլարյանի խոսքով՝ լավագույն պահը բաց է թողնված, կարող էր գերիների հարցը որպես նախապայման դրվել սեղանին, եւ դրա միջոցով ապահովվեր ոչ թե Թրամփի խնդրանքը, այլ՝ ճնշումն Ալիեւի վրա, որպեսզի փաստաթղթի ստորագրումը կյանքի կոչվեր։ 

«ՀՀ իշխանությունները բաց են թողել այդ հնարավորությունը, եւ ես բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ առայսօր իշխանությունները բավարար շահագրգռվածություն ցույց չեն տվել բոլոր գերիների անհապաղ ազատման հարցում»,- շեշտեց նա։  

Բեգլարյանը նկատում է՝ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Փաշինյանը Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը համարում է իր աթոռի համար սպառնալիք։ Հնարավոր է, որ գերիների թեման որպես խաղաքարտ պահում են ընտրությունների համար։ «Այն, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ, այդ թվում՝ անվանական, բավականին բացասական է արտահայտվել, դա բավարար հիմք է տալիս՝ կասկածի տակ դնելու իր շահագրգռվածությունը՝ գերիների անհապաղ ազատ արձակման հարցում»,- հավելեց նա։ 

Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը եւ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն առաջարկել էին երրորդ երկիր ներգրավել` գերիների հարցով զբաղվելու համար, եւ դիմել էին Շվեյցարիայի եւ Հայաստանի ԱԳՆ-ներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ինչպես միշտ, պատասխանել է լղոզված, ըստ Բեգլարյանի՝ շատ ընդհանրական, իսկ Շվեյցարիայի ԱԳՆ-ն օգնության պատրաստակամություն էր հայտնել։ 

«ՀՀ ԱԳՆ-ից պատասխանել էին, թե իրենցից կախված ամեն ինչ անում են, հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ չեն կարող մանրամասներ ներկայացնել։ Իսկ Շվեյցարիայի ԱԳՆ-ից ասացին, որ պատրաստ են իրենց գործիքակազմերը կիրառել, բայց դրա համար անհրաժեշտ է պետության դիմումը։ Առայսօր Հայաստանի իշխանությունները գերիների հարցով չեն դիմել Շվեյցարիային։ Սա պարզ օրինակ է, որ ՀՀ իշխանությունները գերիների հարցով ոչինչ էլ չեն անում»,- ասաց Բեգլարյանը։ 

Այժմ առավել քան կարեւոր է երրորդ երկրի աջակցությունը գերիների հարցում, հատկապես որ Ադրբեջանում գործող Կարմիր խաչի գրասենյակը սեպտեմբերից կփակվի, եւ հայ ռազմագերիներին գրասենյակից այցելություններ այլեւս չեն լինի։ 

«Կարմիր խաչն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ այլեւս գերիներին այցելել չի կարող, քանի որ Ադրբեջանում վերջնականապես փակվում է։ Այս վակուումի պայմաններում ՀՀ-ի անգործությունը խիստ դատապարտելի է, այն դեպքում, երբ արդեն կա Շվեյցարիայի նախնական դրական վերաբերմունքը»,- նշեց Բեգլարյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image