Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Քաղաքապետարանը հայտարարեց, թե այն կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել էր դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել էր, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է եւ պարտավորեցրել է քաղաքապետարանին «Անի 97» ՍՊԸ-ին կլորիկ գումար տրամադրել՝ մոտ 549 միլիոն դրամ։
Այս որոշումից անցել է 1 տարի, Երեւանի քաղաքապետարանից մեզ տեղեկացնում են՝ առաջին ատյանի որոշումը բողոքարկել են Վարչական վերաքննիչ դատարան։ Դեռեւս այդ գործով զարգացումների մասին տեղեկություն չունեն:
Փորձեցինք կապ հաստատել «Անի 97» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Ահարոնյանի հետ, նա մեզ մեսինջերով նամակ գրեց․ «Մենք դատը չենք շահել, թե ինչ կլինի՝ Աստված գիտի»։ Իսկ վերջում՝ ավելացրեց․ «Որ դատը շահենք էլ, հնարավոր է գումարը չուզենք»։
Հարցին, թե ինչո՞ւ են հրաժարվելու այդ կլորիկ գումարից, Ահարոնյանն այլևս չպատասխանեց։
Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 33/1 հասցեում «Հեփի Հաուս» ընկերությունը բազմաբնակարան շենք է կառուցում: Երեւանի քաղաքապետարանն այս ընկերությանը շինթույլտվություն է տվել 5 հարկի համար։ Սակայն «Հեփի Հաուս»-ը որոշել է ինքնագործունեությամբ զբաղվել` 7 հարկ է կառուցում։ 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի համար շինթույլտվությունն այս ընկերությունը ստացել է 2020 թվականի մայիսին 20-ին։ Ապօրինի այս կառուցապատում իրականացնող ընկերության ղեկավարը Դավիթ Ահարոնյանն է։ Ամենայն հավանականությամբ, այդ մեծ գումարից հրաժարվելը կապ ունի Ահարոնյանի ընկերությանը նոր շինթույլտվություններ տալու հետ։ Ինչ վերաբերում է դատական որոշմանը, ապա չի բացառվում, որ իշխանությունը սկսել է դատարանների վրա ճնշումներ գործադրել ոչ միայն քաղաքական հարցերում, այլեւ քաղաքացիական եւ վարչական հարցերի քննության ժամանակ: Եւ դա, որպես կանոն, անում է երկրորդ եւ երրորդ ատյաններում: