Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու քաղաքապետի աթոռի համար պայքարի դուրս ելածների թիվը գերազանցում է սպասելիքները։ Արտահերթ ընտրություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավագանու նախկին անդամ, ԲՀԿ-ական, հետո անկուսակցական դարձած Արտյոմ Ղարաղազարյանը, ՔՊ-ի քաղաքապետի պաշտոնակատար, բոլորովին վերջերս իշխող ուժի շարքերը համալրած Սարիկ Մինասյանը, ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Մենք» ՀԿ ղեկավար, գործարար Կարեն Սիմոնյանը։ Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտնել են նաեւ «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», Դաշնակցություն, ԴՕԿ կուսակցությունները: Թե ինչ ֆորմատով, դեռեւս հստակ չէ։
Ո՞վ կհաղթի Գյումրիում, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը վստահ ասում է․ այս ցուցակից՝ ոչ ոք։
- Ո՞վ ընտրվի, որ Գյումրու համար լավ լինի։
- Ով էլ ընտրվի, լավ կլինի։
- Ռուբեն Մխիթարյանի դեպքում լավ կլինի՞։
- Եթե ընտրվի, վատ չի լինի, բայց կընտրվի՞։ Ոչ մեկն էլ չի ընտրվելու։
- Գյումրին կմնա առանց քաղաքապե՞տ։
- Այդպես դուրս կգա։
- Գուցե կոալիցիա կազմեն։
- Բայց կկազմե՞ն` մեծ հարց է։
- Առաջիկայում քաղաքական ի՞նչ զարգացումներ եք տեսնում։
- Ոչ մի զարգացում էլ չեմ տեսնում։
- Բագրատ սրբազանն ասում է՝ շուտով վերսկսելու ենք ակտիվ գործողությունները։
- Երանի Բագրատ սրբազանի ասածները լինեն, բայց չեն լինում։ Խանգարում է հասարակության վերաբերմունքը։ Չեն գնում հետեւից, չգնալը հասարակության անտարբերության հետեւանքն է։ Կարծես այս երկիրը ոչ մեկին չի պատկանում, իբրեւ պատկանում է ժողովրդին, բայց փաստացի ոչ մեկին չի պատկանում՝ ո՛չ իշխանությանը, ո՛չ ժողովրդին։
- Փաշինյանն ասում էր՝ իշխանությունը փողոցում ընկած է։
- Անտարբեր են, որ անտարբեր չլինեն, կվերցնեն։ Ճանապարհին ընկած 20 դրամը կվերցնեն, բայց իշխանությունը չեն վերցնի։
- Իսկ 2018-ին ինչպե՞ս վերցրին։
- Հարցական է, եթե նույնիսկ եղավ, դրա պատճառները կային։
- Ոմանք կարծում են, որ իշխանությունն ուղղակի հանձնվեց Նիկոլ Փաշինյանին։
- Այո, բոլոր հիմքերը կան՝ այդպես մտածելու։
- Հավանական համարո՞ւմ եք, որ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի պես խաղաղ, լեգիտիմ ձեւով, խորհրդարանով իշխանությունը կհանձնի։
- Տեսականորեն հնարավոր է, բայց սա իշխանություն հանձնող չէ։
- Ինչո՞ւ են Ձեզ հալածում, երբ նախկին նախագահներին եք քննադատում, ասում եք, որ նրանք պետք է հեռանան։
- Տնտեսական, ֆինանսական կախվածության հարցեր կան, իրենք ինչպե՞ս հեռացնեն այդ մարդկանց, եթե ֆինանսական կախվածություն ունեն։
- Հայաստանում իշխանափոխություն անելուն ի՞նչ է պակասում։
- Ժողովրդի կամքն ու ցանկությունը։ Եթե ժողովուրդը ցանկանա, առաջնորդ կգտնի, ինչպես որ գտավ 2018-ին, իհարկե, սխալվեց, բայց գտավ։
- Ռոբերտ Քոչարյանն ունի՞ շանսեր՝ ընտրվելու։
- Քոչարյանին ավելի շատ ատում են, քան՝ սիրում, եթե շատ ատում են, ինչպե՞ս շանսեր կունենա ընտրվելու։
- Ո՞ւմ եք տեսնում առաջնորդի դերում։
- Բագրատ սրբազանին։ Իր շարժման հաղթանակը կարող է ինչ-որ բան փոխել։ Ես չեմ ասում՝ վարչապետ լինի, նա չի կարող լինել վարչապետ, երկքաղաքացի է։
- Ասում են՝ շարժումը մարել է։
- Կարող է վերաարթնանալ, ի՞նչ է եղել։
- Վեհափառն աջակցո՞ւմ է Բագրատ սրբազանին, Սրբազանը կարո՞ղ է վերադառնալ եկեղեցի։
- Ունի վերադառնալու շանս, պետք է դուրս գա Սրբազան պայքարից եւ վերադառնա եկեղեցի, թե ինչ առաքելությամբ՝ պետք է որոշի Վեհափառը։