Դասագրքերի մրցույթն ավարտվել է, իսկ դժգոհություններն ու բողոքները՝ ոչ։ Հատկանշական է, որ բոլոր դժգոհություններն ու դրանց հաջորդած աղմուկը կապված են, այսպես կոչված, քաղաքականացված առարկաների հետ։ Այսպես, օրինակ՝ 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 8-րդ եւ 10-րդ դասարանների «Հայոց պատմություն», 8-րդ դասարանի «Հասարակագիտություն» եւ «Հայ գրականություն» առարկաները։
Գրեթե բոլոր առարկաների դեպքում ձեռագիրը նույնն է, եզրակացությունը՝ մեկը․ դասագիրք գրող մասնագետների առջեւ կարծես դրվել է քաղաքական խնդիր, ու եթե 8-րդ դասարանում կրկնակի փորձաքննություններից հետո ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորեց անցած տարի մեծ աղմուկ հանած ու մեծապես քննադատված 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակ՝ պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի նոր՝ այս անգամ 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, ապա 10-րդ դասարանում աշակերտներին ընդհանրապես զրկեց դասագիրք ունենալու հնարավորությունից՝ մերժելով մասնագիտական ոլորտի մի շարք հաստատությունների (ԳԱԱ Պատմության, Արեւելագիտության ինստիտուտների, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի) համատեղ ներկայացրած հայտը՝ ըստ էության, չտալով ոչ մի կոնկրետ բացատրություն։ Փոխարենը՝ 10-րդ դասարանում Հայոց պատմություն կդասավանդեն ոչ թե դասագրքով, այլ՝ ուսումնական նյութերով։
Հետաքրքրական է, որ մի շարք առարկաների դեպքում («Հասարակագիտություն-8», «Հայոց պատմություն-8») ձեւավորված 1-ին հանձնաժողովները ցրվել են՝ գնահատման սանդղակը սխալ կիրառելու պատրվակի անվան տակ, եւ ձեւավորվել են նորերը, որոնք էլ, ի վերջո, կանաչ լույս են վառել դրանց համար՝ հաստատելով վիճահարույց դասագրքերը։ Ավելին՝ «Հասարակագիտություն-8» առարկայի դասագրքի հեղինակները դիմել են դատարան, քանի որ, ծանոթանալով գնահատման արդյունքներին, պարզել են, որ 2-րդ հանձնաժողովն էլ ոչ միայն անբավարար չի գնահատել, այլեւ նույնիսկ բավական բարձր է գնահատել դասագիրքը, եւ դասագիրքն արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը։ Բացի այդ, հեղինակներն այստեղ լուրջ կասկածներ ունեն, որ 2-րդ հանձնաժողովում մեկ մարդ է գնահատել դասագիրքը, այլ կերպ ասած` որոշում կայացնողն էլ եղել է մեկ մարդ, գուցե թե հենց նախարարության կողմից վստահելի մեկը։ Իսկ նման պայմաններում խոսք չի կարող լինել արդար ու անաչառ մրցույթ անցկացնելու մասին։
Հավանաբար, այս գրաքննությունն արվում է այն նույն տրամաբանության շրջանակներում, երբ ամենաբարձր ամբիոններից հակադրվում են իրական ու պատմական Հայաստանները, պետությունն ու հայրենիքը եւ, ի վերջո՝ Հայոց ու Հայաստանի պատմությունները։