Հարցազրույց

Սոցիալական խնդիրները չարծարծելը 2 ամսվա ամենամեծ սխալն էր

Սոցիալական խնդիրները չարծարծելը 2 ամսվա ամենամեծ սխալն էր

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, դիմադրության շարժման քայլերի մասին զրուցել ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։

- Ամփոփենք մեկ ամսից ավելի տեւած պայքարը՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ընդդիմությունը եւ ի՞նչ ձախողումներ։

- Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ելույթից հետո, երբ ասաց, որ պետք է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, մեկնարկեց դիմադրության շարժումը։ Միայն այն հանգամանքը, որ այսօր այդ հարցն այլեւս չի քննարկվում, կարելի է ասել, որ այս շարժումը հաջողություն է ունեցել։ Իհարկե, շարժման ընթացքում եղել են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պահեր։ Բացասականն այն ծայրահեղ արտահայտություններն էին, թե «հիմա, այսօր, վաղը, շուտով կգնա Նիկոլ Փաշինյանը»։ Իսկ դրականն այն էր, որ Արցախի նշաձողի իջեցման մասին առայժմ չեն խոսում այս իշխանությունները։ Երկրորդ կարեւորը․ որ ընդամենը երեք ամիս առաջ տոտալ ապատիա էր, այսօր հաստատ այդ ապատիան չկա, եւ ընդդիմությանը հաջողվեց, անկախ ամեն ինչից, անկախ եղանակային պայմաններից, անկախ օրվա ժամից, շաբաթվա օրից, հավաքել մի զանգված, որը բավականին կայուն է իր նպատակների եւ գործողությունների գնալու հարցում։ Ամենակարեւորներից մեկն էլ այն էր, որ այդ շարժման մեջ ներգրավեցին երիտասարդությանը։ Որովհետեւ հասկանալի է, որ «նախկին-ներկա» այդ խաղը, որ 4 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը տանում է, հիմա կկոտրվի այն պահին, երբ որ, ենթադրենք, պայքարողները լինեն հիմնականում երիտասարդները, որոնց դժվար է մեղադրել, որ նախկին են։ Թեեւ այս իշխանություններն ամեն ինչի ունակ են ու ոչ մի բանից չեն խորշում։ Երիտասարդներն իրենք սիրում են լինել գործողության մեջ, լինել դրա կրողը, տանողը։ Երբ շարժումն ակցիաներից, այսինքն՝ փողոց փակելուց վերածվեց միայն միտինգների եւ երթերի, գնալով երիտասարդները պակասեցին։ Իհարկե, նաեւ քննական շրջանը նպաստեց դրան։ Բայց այնպես չէ, որ երիտասարդները պատրաստ չեն պայքարի։ Այս շարժումը ցույց տվեց, բացահայտեց, որ նրանք պատրաստ են ամեն ինչի։ Պարզապես նրանց այլ տեխնոլոգիաներով է պետք ներքաշել այդ պրոցեսի մեջ։ Ընդհանուր առմամբ, երբ հիմա մի փոքր խորը ուսումնասիրենք, կհասկանանք, որ այն ծայրահեղությունները, որ տիրում են հայ հասարակության մեջ, բնորոշ են ոչ միայն երիտասարդներին։ Որովհետեւ նույն մարդիկ, օրինակ, սոցիալական ցանցերում կարող է հիմա գրեն՝ հանեցին վրանները՝ վերջ, եւ սկսեն մեղադրել։ Այդ նույն մարդիկ, եթե ուսումնասիրենք, նույնը գրել են 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո, 2020թ․ հայտնի ձմեռային պայքարից հետո, երբ նույն վրանները հանեցին Բաղրամյան փողոցից, հետո գրել են 2021-ի ընտրություններից հետո, բայց հետո էլի եկել են։ Երբ որ էլի շարժում լինի, իրենք գնալու են միանան։ Որովհետեւ, ցավոք սրտի, մեր հասարակությունը ծայրահեղացված է, ռադիկալիզացված է, այսինքն՝ կա՛մ հիմա, կա՛մ՝ երբեք։ Այս ծայրահեղությունը նաեւ այս ռադիկալիզացված հասարակության հետեւանքն է։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հասարակությունը դեռ հավատում Նիկոլ Փաշինյանին։

- Այնպես չէ, որ այսօր հասարակությունը հավատում է Նիկոլ Փաշինյանին այնպես, ինչպես 2018 թվականին էր հավատում։ Իջնելու է տոկոսը, բայց մինչեւ վերջ ինչ-որ մի հատված մնալու է։ Դրանք այդ անձի ֆանատներն են, որոնք կուրորեն են հավատում։ Ընդդիմությունը, իհարկե, սխալ գործեց, երբ փորձեց միայն ազգային ոգու վրա։ Ինքն ազգային ոգին, ճիշտ է, արթնացրեց, որը մի պահ թվում էր, թե ընդհանրապես մեռած է, բայց բավականին լուրջ հատվածի հաջողեց արթնացնել։ Հասկանալի է, որ այսօրվա հասարակությունն ավելի շատ ապրում է սոցիալական խնդիրներով։ Եվ չարծարծել սոցիալական խնդիրներ երկու ամսվա ընթացքում, ես համարում եմ ընդդիմության ամենամեծ սխալը։ Սոցիալական խնդիրները բարձրացնելը դեռ չի նշանակում միայն պոպուլիզմ, որովհետեւ, իրոք, կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել այս կամ այն ձեւով։ Սակայն դա չարվեց։ Եվ ամենակարեւորը, որ չնշվեց, թե այդ թիմը կամ անձն ինչ պետք է անի, ինչպես պետք է անի։ Երկու ամսվա ընթացքում ընդդիմությունն այդպես էլ չասաց՝ հասարակությունն ում հետեւից պետք է գնա, ինչ պետք է անել։ Ինչ-որ չափով, ինչ-որ պահից՝ սկսեցին ասել, բայց, միեւնույն է, ամբողջը չասացին։ Նրանց հիմնական մեսինջը Նիկոլին հեռացնելն էր, բայց այնտեղ շատ ավելի կարեւոր հարցեր կային, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական եւ այլն։ Եվ ամենակարեւորը՝ ոչինչ չասվեց, թե ինչպես պետք է անել։ Ես կարծում եմ, որ այս երեք հարցի շուրջ ընդդիմությունն ունի ընդամենը երկու ամիս մտածելու ժամանակ։ Որովհետեւ, ի տարբերություն շատ-շատերի, ես չեմ կարծում, որ ամեն ինչ վերջացավ։ Քանի դեռ չեն լուծվել այդ հարցերը, քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը չի վերջանալու Հայաստանում։

- Ժողովուրդը չի ուզում նախկիններին, ոմանք երրորդ ուժի սպասումով են ապրում։

- Երրորդ ուժ գտնելու են հենց այդ նույն մարդիկ։

- Ընդդիմությունը պայքարը կտեղափոխի՞ արդյոք Ազգային ժողով։

- Եթե ընդդիմությունը գնա Ազգային ժողով, կստորագրի իր մահախոսականի տակ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image