Շուրջ 7 տարի հայկական ինքնության, Հայոց պետականության, ազգային արժեքների, ինստիտուտների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հայաստանյայց առաքելական եկեղեցու, Վեհափառի, Բագրատ սրբազանի եւ մյուս հոգեւորականների, բարերար, գործարար Սամվել Կարապետյանի եւ ընդդիմադիր գործիչների դեմ կատաղի խաչակրաց արշավանք մղող Նիկոլ Փաշինյանն իրականում մի մեծ մարտահրավեր է նետել բոլորիս՝ հայ հասարակությանը, իբրեւ նրա ընդդիմախոսների, բայց առաջին հերթին՝ ազգի ճակատագրով մտահոգվածների:
Վերջին իրադարձությունները երկու հիմնական հարց են առաջացնում.
ա) Փաշինյանը հերթական «քաղաքական նախավարժանքներն» է սկսել, ինչպես ասում են, «գալա համերգից»՝ 2026 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նպատակ ունենալով ճանապարհից հեռացնել, քաղաքականապես ու բարոյապես վերացնել իր գլխավոր մրցակիցներին (Թուրքիայում եւ Ադրբեջանում անթաքույց հայտարարում են՝ Փաշինյանը ոչնչացնում է իրենց թշնամիներին), այդկերպ իշխանության մնալու նպատակով իր համար առավել նպաստավոր պայմաններ եւ հնարավորություններ ստեղծելով:
բ) Փաշինյանն այս քայլերով ժողովրդի համատարած ու ազդեցիկ դժգոհությունը գեներացնելով՝ նպատակ ունի ապահովել իր տրամաբանական ու բնական թվացող հեռացումը կամ իշխանության հետհանձնումը, թեպետ այս վարկածը քիչ հավանական է` ճանաչելով իշխանատենչ Փաշինյանին:
Բոլոր դեպքերում՝ հանրային տրամադրություններն այս երկու հանգրվանն են նախանշում: Իշխանությունը հանձնելուն նպաստող գործոն, օրինակ, կարող են լինել Բաքու-Անկարա տանդեմի բոլոր պահանջների՝ սեղմ ժամկետներում կատարումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչից հետո նա կարող է իր ազգակործան առաքելությունն ավարտված համարել: Որովհետեւ, բացառված չէ, որ այդ դեպքում ժողովրդի ցասումը հասնի իր բարձրակետին, եւ հետեւանքներն իր ու իր թիմի համար անդառնալի լինեն: Երկու դեպքում էլ պատկերը կամ արդյունքը մեկն է. իրականում Նիկոլ Փաշինյանն ակամայից դարձել է իր իսկ քաղաքական գերեզմանափորը:
Այս իմաստով, ազգային առողջ ուժերին եւ ճշմարիտ ընդդիմադիրներին մնում է ժամանակին նրան մատակարարել անհրաժեշտ գործիքներն ու այլ պարագաներ: Օգնել, որ նրա վախճանը չդառնա մեր բոլորիս վախճանը կամ անդառնալի կորուստներ բերի մեր պետությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ են հանրային մեծ համախմբում, վերանձնային ու վերկուսակցական համերաշխություն, հարկավոր է օր առաջ դուրս գալ վիրտուալ ու լալագին հառաչանքներից, անպտուղ քննադատություններից եւ անցնել-մտնել պայքարի իրական հրապարակներ: Օրվա հրամայականն ու գերխնդիրն այս է, այլ ողջամիտ ճանապարհ ուղղակի չկա: