Քաղաքականություն

«Հրապարակ». Անդրկուլիսյան լուրջ պրոցես է գնում, չի բացառվում՝ արթնանանք, տեսնենք՝ Տիգրանաշենն էլ չկա

«Հրապարակ». Անդրկուլիսյան լուրջ պրոցես է գնում, չի բացառվում՝ արթնանանք, տեսնենք՝ Տիգրանաշենն էլ չկա

Մինչ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, առաջին անգամ արտասահման ոտք դրածի չտեսությամբ Նյու Յորքի փողոցները չափչփելու շոուն է բեմադրում, նրա գործընկեր Ալիեւը, որից ինքն ամեն օր խաղաղություն է մուրում, սպառնում է, թե Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն իր ռազմական հզորության ավելացումն է։ Ալիեւն այս հայտարարությունն անելիս հիշել է նաեւ Հայաստանի «ռեւանշիստական» ուժերին, Մինսկի խմբին։ Այս հիշատակումները, իհարկե, պատահական չեն ու հերթական վկայությունն են այն բանի, որ Բաքուն հասկանում է՝ չլինի Փաշինյանի իշխանությունը Հայաստանում, չի լինելու իր պահանջները բավարարող «ոսկե ձկնիկը»։

Ալիեւի հոխորտանքի ֆոնին, նրա ավագ եղբայր Էրդողանը, որի հետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում բանակցություններ է վարելու, հայտարարել է, թե Ադրբեջանը եւ Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն ապահովելու կարեւոր հնարավորություն են ստացել։ «Մենք պարտադիր ենք համարում պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ հարգանքը»,- Նյու Յորքում հայտարարել է Էրդողանը։ Ի դեպ, հայ հասարակությունը Փաշինյանի հետ նրա հանդիպման մասին կրկին թուրքական աղբյուրներից իմացավ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում միայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու, ինչ-որ առանձին ելույթների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ հանդիպման մասին, որից հետո լղոզված տեքստ է, թե «նախատեսված են երկկողմ մի շարք հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ»:
Թե երբ տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը, դա էլ հայտնի չէ։ Կնոջ հետ Փաշինյանը Նյու Յորքում կլինի մինչեւ սեպտեմբերի 27-ը։ 

«Ի՞նչ սպասել այդ հանդիպումից» հարցին ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը պատասխանում է․ «Խնդրում եմ մեծ տառերով գրեք՝ քանի սրանք իշխանության են, Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, Հայաստանը սուբյեկտ չէ։ Մենք քննարկում ենք մի բան, որը երկու կողմ չունի՝ մեկ կողմ ունի»։ Մեր զրուցակիցն ասում է՝ այն, ինչ հիմա կատարվում է, կատարյալ պասերով խաղ է։ Ալիեւն ու Էրդողանը «բարի ու չար ոստիկան» են խաղում ու սինքրոն աշխատում են, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է բեմադրություններով։ 

Փաշինյանն արդեն ամենօրյա ռեժիմով եւ օրը մի քանի անգամ է տեղեկատվական դաշտ նետում իր օրակարգերը՝ հեծանիվը, ինքնաթիռի էկոնոմ դասով թռիչքը, ձեռքերը գրպանում քայլելը Նյու Յորքում, իսկ այդ ընթացքում կուլիսների հետեւում այլ երկրներ որոշում են Հայաստանի ճակատագիրը։ 

«Թուրքիան ստանձնել է բարի ոստիկանի դերը, որքան էլ «բարի» բառը նրա դեպքում չի տեղավորվում, Ադրբեջանը ստանձնել է չար ոստիկանի դերը, բայց չէ՞ որ երկուսն էլ մի բաժանմունքի ոստիկաններ են, մեկը՝ ռանգով ավելի բարձր, մյուսը՝ ցածր։ Նրանք նույն թիրախն ունեն ու սինքրոն աշխատում են։ Այնքան պարզ է սխեման՝ ով ինչ շահ ունի, գծում է, իսկ քո շահը ո՞րն է, հանձնե՞լն է, դու վաղուց դա ընդունել ես, դու դրա համար ես եկել։ Եկել են՝ փաթեթով անելու այն, ինչ հիմա արվում է մեր բոլորի աչքի առաջ։ Փաշինյանի խոսքը, նրա քայլերը վերլուծելու փոխարեն, պարզապես 24 ժամ եկեք անտեսենք նրան ու կտեսնենք, թե ինչ է կատարվում նրա հետ։ Պետք է առավոտից մինչեւ երեկո խոսել սրա այլընտրանքի մասին, իսկ այդ այլընտրանքը կա, ասվում է, որ այս ընթացքը կարելի է կասեցնել։ Հասկանո՞ւմ եք, թե իրենց մոտ արդեն ինչ ջղաձգումներ են, որ նման բաներ են անում։ Համալիր է լցվել` ե՞րբ էիք հիշում, որ վերջին անգամ համալիրը լցվեր քաղաքական հավաքի արդյունքում։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ վախերի մեջ է Ալիեւը, որը խոսում է ռեւանշիստներից»,-շեշտում է Վահագն Մելիքյանը։

Դիվանագետը բացատրում է՝ Ադրբեջանն այս իշխանության հետ ամեն ինչ ստանում է՝ չի եղել մի բան, որ Ալիեւն ուզի եւ չստանա։ Նա մտավախություն ունի, որ կուլիսային խաղ է գնում։ «Էս խաղիկներն ինձ դուր չեն գալիս, անդրկուլիսյան լուրջ պրոցես է գնում, թեական եմ ասում՝ չի բացառվում, որ մի օր արթնանանք, տեսնենք` Տիգրանաշենն էլ չկա»,- մտահոգություն է հայտնում Վահագն Մելիքյանը: 

Նրա կարծիքով, այսպես կոչված, միջանցքի շուրջ գործընթացներ են սպասվում, ու զարգացումները, ըստ ամենայնի, կլինեն ԲՌԻԿՍ-ի, ԱՊՀ-ի հավաքներից ու «COP-29» համաժողովից հետո, մինչեւ այդ Ալիեւն արկածախնդրության չի գնա։ Մյուս կողմից, սակայն, մեր զրուցակիցը չի բացառում, որ բոլոր հարցերը վատ իմաստով լուծվեն մինչեւ այդ, այսինքն՝ ՀՀ իշխանություններն անեն հերթական զիջումները։  Մելիքյանի խոսքով՝ շան գլուխը թաղված է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածներում, մնացածը ձեւակերպումներ են լինելու՝ Փաշինյանի կողմից տեղում ցուցադրելու, թե, տեսեք, մենք ստորագրեցինք։

Ըստ դիվանագետի՝ տարբեր ուղղություններով խաղալով ու դիվիդենտներ ստանալով, Ալիեւը հրաժարվում է արեւմտյան հարթակներից։ Կգնա՞ արդյուք Փաշինյանը ռուսական հարթակ։ «Ինքը կգնա ցանկացած հարթակ, որտեղ երաշխավորված է իր երկարակեցությունը, բայց այդ մանկական խաղիկներն աշխատում են որոշակի ժամանակով, երկարաժամկետ կտրվածքով դրանք չեն աշխատում, ավելին` վատ պատիժ ես ստանում նրանցից, ում խոսք ես տվել, որովհետեւ միջազգային հարաբերություններում դա չի ընկալվում` խոստումներ կան, որոնք պետք է կատարես։ Չի աշխատում՝ այստեղ խոստացել ես, հետո թռել ես մյուս կողմ, ասում ես՝ ես ուրիշ բան եմ ասել․․․ Այս մանր շուստրիությունները չեն աշխատում»,- ի պատասխան՝ նկատում է Վահագն Մելիքյանը։

ՀԳ․ Դիվանագետը պատմեց, որ այդքան քննադատված նախկինների օրոք պարզապես անհնար էր պատկերացնել, որ աշխատանքային այցով արտերկիր մեկնած ղեկավարը զբոսնելու ժամանակ ունենար: Հաշվված էր յուրաքանչյուր րոպեն` յուրաքանչյուր հանդիպումից առաջ հազիվ 30-45 րոպե կար, այն էլ՝ հաջորդ հանդիպմանը պատրաստվելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image