Մշակույթ

30 հոգանոց դասարանում երեխան չի հասցնում օտար լեզու սովորել

30 հոգանոց դասարանում երեխան չի հասցնում օտար լեզու սովորել

«Օտար լեզուների դասարանները դպրոցներում չեն կիսում, ասում են՝ աշակերտների թիվը 30-ից ավելի պետք է լինի, որ դասարանը կիսվի,- մեզ հետ զրույցում ասում է ֆրանսերենի մասնագետ Մարիամ Խաչատրյանն ու շարունակում։- Այսինքն՝ եթե դասարանում 28-29 հոգի են, այն չի կիսվում, բայց այդ դեպքում տարբեր խնդիրներ են առաջանում երեխաների թե՛ ընկալման, թե՛ դասավանդման հետ կապված, արդյունքում լեզվի իմացության որակական արդյունք չի լինում»։

Զրուցակիցս նկատում է, որ օտար լեզվի դասարանները երբեմն կիսվում են, երբ ծնողները բարձրացնում են այդ խնդիրը, այլ կերպ ասած՝ որոշ դպրոցներում տեղային լուծում է տրվում այս խնդրին։ «Բայց այդպես շատ հազվադեպ է լինում։ Որպես պատճառաբանություն է բերվում այն, որ դասարանները չեն կիսվում՝ պայմանավորված մանկավարժների կամ դասասենյակների բացակայությամբ»,- ասում է Մ․ Խաչատրյանն ու բերում դրսի օրինակը․ «Արտասահմանում դպրոցի մի դասաժամը 60 րոպե է՝ 5 րոպե ընդմիջումով, աշակերտների թիվն էլ 25-ից ավելի չի լինում, իսկ ինստիտուտներում էլ 120 րոպե է, մինչդեռ մեզ մոտ 80 րոպե է, որտեղ էլի առկա է նույն խնդիրը, երբ համալսարաններում 40-50 հոգի նստեցնում են օտար լեզվի ժամին, առանց կիսելու, իսկ դա բազմաթիվ խնդիրներ է առաջացնում»։ Զրուցակիցս մատնանշում է նախ այն հանգամանքը, որ ուսուցիչը չի հասցնում նյութը նորմալ մատուցել, աշակերտն էլ չի հասցնում դա ընկալել ու յուրացնել։ 

«40 րոպեի ընթացքում երեխան չի հասցնում յուրացնել լեզուն։ Ավելին՝ ուսուցիչն այդ 40 րոպեի ընթացքում ամբողջ դասարանից հիմնականում 4-5 հոգու հետ է աշխատում, որոնք լավ են սովորում, մյուսներն անտեսված են, որովհետեւ դա, նախեւառաջ, ֆիզիկապես հնարավոր չէ: Մյուս կողմից էլ՝ այնպես պետք է անես, որ 40 րոպեի ընթացքում 30 հոգուն էլ կարողանաս հավասարապես ներգրավել դասապրոցեսին։ Սակայն շատ եմ լսել, որ ասում են՝ եթե բոլորին ժամանակ տրամադրես, ուսումնական նյութն առաջ չես տանի, բայց այդպես էլ երեխաները դպրոցներում օտար լեզու չեն հասցնում սովորել, 5 հոգին կյուրացնի, մնացած 25-ը՝ ոչ։ Կամ՝ ով պարապում է տվյալ ուսուցչի մոտ, նա կարող է ավելի շատ միավոր ստանալ: Էլ ինչո՞ւ են երեխաները գնում դպրոց, եթե բոլոր առարկաները հերթով պետք է պարապեն»,- նկատում է մասնագետն ու ընդգծում, որ այս խնդիրների հետ ինքը բախվել է հենց այն երեխաների դեպքում, որոնք դպրոցից եկել են իր մոտ՝ մասնավոր պարապմունքների։ 

Մենք զանգահարեցինք մի քանի դպրոց՝ պարզելու, թե մանկավարժներն ինչպես են իրավիճակին լուծումներ տալիս։ Մեզ պարզաբանեցին, որ այս հարցը կատեգորիկ դրված չէ, եւ իրենք, իրավիճակից ելնելով, ընդունում են ճկուն որոշումներ։ Դեպքեր են լինում, որ դասարանները կիսելն իսկական խնդիր է դառնում, քանի որ ծնողները հաճախ միջամտում են եւ ասում են՝ իմ երեխային ուժեղ խումբ տարեք, «թույլ» խմբում մի թողեք․․․։ Դրա համար, նման իրավիճակներից խույս տալու համար, երբեմն որոշում են չկիսել դասարանները։ «Սովորաբար 25-30 աշակերտի դեպքում կիսվում են օտար լեզվի դասարանները, բայց շատ բան թողնված է տնօրենի հայեցողությանը, քանի որ հնարավոր է՝ տվյալ օտար լեզվից պարզապես 2-րդ ուսուցիչ չունի դպրոցը կամ ազատ դասասենյակ չկա, կամ էլ պարզապես, անձնական նկատառումներից ելնելով, չեն ուզում կիսել դասարանը»,- նկատեց զրուցակիցս։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image